
Իլհամ Ալիևը ժամանել է Աբու Դաբի. սպասվում են Փաշինյան-Ալիև բանակցություններ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը աշխատանքային այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբի։ Այդ մասին հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը՝ հղում անելով այդ երկրի նախագահի մամուլի ծառայությանը։
Զայեդ միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է ԱՄԷ փոխնախագահ, փոխվարչապետ շեյխ Մանսուր բին Զայիդ ալ-Նահյանը։
Սպասվում է, որ Ալիևն այսօր կհանդիպի Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Մուհամմադ բին Զայիդ ալ-Նահյանի հետ։
Այսօր Աբու Դաբի է մեկնել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա ևս հանդիպում կունենա ԱՄԷ նախագահի հետ։ Ինչպես փոխանցում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը, արդեն վաղը՝ հուլիսի 10-ին, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի շրջանակում, Աբու Դաբիում կկայանա երկկողմ հանդիպում՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի միջև։
ԱՄԷ-ում Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպման մասին հայտնի էր դարձել դեռ մի քանի օր առաջ։ Բրիտանական լրատվամիջոցներից մեկը Աբու Դաբիի փոխարեն որպես հանդիպման վայր նշել էր Դուբայը։ Պարբերականի փոխանցմամբ՝ երկու երկրների առաջնորդները կշարունակեն խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները։
Հիշեցնենք` վերջին անգամ Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են 2025 թվականի մայիսի 16-ին Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում: Կողմերը Տիրանա էին մեկնել՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովին։
Լուսանկարը՝ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության
Մեկնաբանել