
Արթուր Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել երկու հոդվածով
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի երկու հոդվածով։
Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը «Հետքին» տեղեկացրեց, որ դատախազի որոշմամբ Ա. Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 43-419-րդ հոդվածի 1-ին մասով (Իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն) և 43-308-րդ հոդվածի 1-ին մասով (Ահաբեկչության նախապատրաստություն)։
Գրել էինք, որ այսօր՝ 2025թ. հուլիսի 9-ին, Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը դատարանի որոշմամբ 2 ամսով կալանավորվել է։ Որոշումը կայացրել է դատավոր Արտակ Կարապետյանը՝ բավարարելով Քննչական կոմիտեի միջնորդությունը։
Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը միջնորդել է տալ համաձայնություն պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ։ Ազգային ժողովը 2025թ. հուլիսի 7-ին հարցը քննարկել է և հաջորդ օրը՝ հուլիսի 8-ին, տվել համաձայնությունը։ Դրանից անմիջապես հետո՝ նույն օրը, Գլխավոր դատախազը դիմել էր Ազգային ժողովին՝ այս անգամ Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդագրով, որը նույնպես բավարարվել է։
Մեկնաբանել