
«Զանգեզուրի միջանցքի» հարցը՝ Ալիև-Փաշինյան բանակցությունների օրակարգում. ադրբեջանական լրատվամիջոցներ
Այսօր՝ հուլիսի 10-ի վաղ առավոտյան Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Բանակցություններին հայկական կողմից մասնակցում են նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը և ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, որը հայկական կողմից համակարգում է նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։
Ադրբեջանական կողմը ևս ներկայացուցչական է։ Բանակցությունների սրահում են փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը, Արտաքի գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, Ալիևի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը և Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։
Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի ներկայությունը վկայում է այն մասին, որ բանակցությունների ընթացքում կարծարծվեն նաև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման և տնտեսական հարցեր, քանի որ հենց նրանք էին ՌԴ փոխվարչապետի հետ համատեղ նախագահում եռակողմ այդ հանձնաժողովը։ Այս երկու պաշտոնյաներն են համակարգում նաև հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացը։
Ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ, այդ թվում՝ Minval.az-ը, Caliber-ը, հղում անելով իրենց աղբյուրներին, գրում են, որ բանակցությունների ընթացքում կքննարկվի նաև, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հարցը, որի միջոցով Ադրբեջանը ցանկանում է ՀՀ Սյունիքի մարզի տարածքով անխոչընդոտ կապ ունենալ Նախիջևանի հետ։ Հայկական կողմը պնդում է, որ իր սուվերեն տարածքը չի կարող գտնվել հարևան պետության վերահսկողության տակ՝ առաջարկելով սահմանին մաքսային հեշտացված գործընթաց։
Ավելին, մի քանի օր առաջ Carnegie վերլուծակական կենտրոնի վերլուծաբան Օլեսյա Վարդանյանը հրապարակում էր արել այն մասին, որ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Երևանին և Բաքվին խնդրի լուծման նոր պլան է առաջարկել։ Ըստ ամերիկյան կողմի նախագծի՝ ճանապարհի կառավարումը պետք է հանձնվի ամերիկյան ընկերության, որը համապատասխան տվյալները կփոխանցի երկու կողմերին էլ։
Ադրբեջանական լրատվամիջոցներն այս հանդիպումն արդեն իսկ անվանում են վերջին տարիներին ամենակարևոր և պատմական հանդիպումներից մեկը։ Ընդ որում՝ ԱՄԷ մայրաքաղաքի ընտրությունը պատահական չէ։ Արցախյան հակամարտության ժամանակ այս երկիրը չի աջակցել կողմերից և որևէ մեկին ու ոչ էլ աշխարհաքաղաքական շահեր է հետապնդում Հարավային Կովկասում։
Minval.az-ը նաև գրում է, որ բանակցությունները ԱՄԷ-ում անցկացնելը Ադրբեջանի առաջարկն է։ Ըստ պարբերականի՝ Բաքուն շարունակում է պնդել, որ հայ-ադրբեջանական բանակցություններում միջնորդի և երրորդ կողմի կարիք չկա։
Ադրբեջանական պարբերականը նաև հավելում է, որ այս հանդիպման արդյունքում չի կնքվի խաղաղության պայմանագիր, սակայն երկխոսությունը դիտարկվում է որպես կարևոր քայլ այն կնքելու ուղղությամբ։
Լուսանկարը՝ ՀՀ վարչապետի մամուլի խոսնակի ֆեյսբուքյան էջից
Մեկնաբանել