
Տեսչական մարմինը վարույթ է հարուցել ԶՊՄԿ-ի վթարի մասին ահազանգի հիման վրա
Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը վարույթ է հարուցել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի պոչատարի վթարի վերաբերյալ ստացված ահազանգի հիման վրա: Այս մասին «Հետքին» հայտնել են ԲԸՏՄ-ից: Վարույթը դեռեւս ընթացքի մեջ է:
Հիշեցնենք, որ հունիսի 4-ին ԶՊՄԿ-ից Արծվանիկի պոչամբար գնացող պոչատարի վրա վթար է տեղի ունեցել: Ավազի արդյունահանմամբ զբաղվող «Մանիսա» ՍՊԸ-ի սեփականատեր եւ տնօրեն Սպարտակ Հայրապետյանը «Հետքին» հայտնել էր, որ վթարի հետեւանքով կոմբինատի պոչանքները լցվել են Ողջի գետ, այդտեղից էլ՝ իր ընկերության կողմից շահագործվող ավազի հանքավայր: Հայրապետյանի հաշվարկով՝ իրեն հասցվել է 163.200.000 դրամի վնաս:
ԶՊՄԿ-ի լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արայիկ Մարգարյանն իր հերթին «Հետքին» փոխանցել էր, որ կոմբինատի նախնական գնահատականի համաձայն՝ վթարի հետեւանքով շրջակա ջրային ռեսուրսներին վնաս չի պատճառվել: Ըստ այդմ՝ վնասվել է պոչատարի սպասարկման ճանապարհի փոքր հատված, ինչպես նաեւ մասնակիորեն տուժել է հարակից մի քանի հողակտոր: Ընկերության ներկայացուցիչը մեզ փոխանցել էր, որ աղտոտված տարածքները ենթարկվել են անհապաղ մաքրման եւ հաշված ժամերի ընթացքում բերվել են ելակետային վիճակի:
«Արդյոք տվյալ քաղաքացու հողակտորը իսկապես վնասվել եւ որքան՝ կպարզի քննությունը: Քննության արդյունքների հիման վրա ընկերությունը կիրացնի օրենքով սահմանված իր բոլոր իրավունքներն ու կկատարի պարտականությունները»,- «Հետքին» հայտնել էր Ա. Մարգարյանը:
Քննչական կոմիտեից էլ մեզ տեղեկացրել էին, որ քրեական վարույթ չի նախաձեռնվել դիտավորության հիմքերի բացակայության պատճառով:
Լուսանկարում՝ Արծվանիկի պոչամբարը (հեղ.՝ Սարո Բաղդասարյան)
Մեկնաբանել