HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Թրամփը խոստանում է երկուշաբթի օրը կարևոր հայտարարություն անել Ռուսաստանի վերաբերյալ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, մեկնաբանելով ռուս-ուկրաինական պատերազմում առկա իրավիճակը, հայտարարել է, որ հիասթափված է Ռուսաստանից:

«Ես հիասթափված եմ Ռուսաստանից, բայց տեսնենք, թե ինչ կլինի առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում»,- NBC News-ին տված հարցազրույցում ասել է Թրամփը։

«Ես կարծում եմ, որ երկուշաբթի (հուլիսի 14-ին` խմբ.) ես կարևոր հայտարարություն կանեմ Ռուսաստանի վերաբերյալ»,- ասել է ԱՄՆ նախագահը՝ հրաժարվելով որևէ այլ մեկնաբանություն անել այս առնչությամբ։

Թրամփը հավելել է, որ ակնկալում է, որ ԱՄՆ Սենատը կընդունի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման մասին օրինագիծը, որը մշակել են ամերիկացի սենատորները՝ հանրապետական Լինդսի Գրեմը և դեմոկրատ Ռիչարդ Բլյումենթալը: Թրամփի խոսքով՝ այս օրինագիծը «մեծ հարգանքով նախագահին թույլ է տալիս անել այն, ինչ նա ցանկանում է»:

«Այլ կերպ ասած, ես ինքս եմ որոշում, թե արդյոք ուզում եմ օգտագործել այն: Նրանք (սենատորները` խմբ.) կընդունեն պատժամիջոցների մասին շատ լուրջ ու շատ կոշտ օրինագիծ, բայց նախագահն ինքն է որոշում, թե արդյոք ցանկանում է այն կիրառել»,- շարունակել է ԱՄՆ նախագահը։

Վերջին օրերին Դոնալդ Թրամփը բազմիցս քննադատել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: Նրանց հեռախոսազրույցից հետո, որը կայացել էր հուլիսի 3-ին, Թրամփը հայտարարել էր, որ «շատ հիասթափված է» այդ զրույցից, քանի որ, իր կարծիքով, Պուտինը պատրաստ չէ ավարտել Ուկրաինայի դեմ պատերազմը: Հուլիսի 8-ին ելույթ ունենալով նախարարների կաբինետի նիստում՝ Թրամփն ասել էր, որ ԱՄՆ-ն «Պուտինից հիմարություններ է լսում», բայց «դրանից ոչ մի օգուտ չկա»:

Ապրիլին ամերիկացի սենատորները ներկայացրել էին Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մասին երկկուսակցական օրինագիծ։ Փաստաթուղթը, մասնավորապես, 500 տոկոսի չափով մաքսատուրքեր է նախատեսում ռուսական նավթ, նավթամթերք, բնական գազ կամ ուրան գնող երկրներից ներկրումների համար: Թրամփը հուլիսի 8-ին հայտարարել էր, որ «շատ լուրջ» դիտարկում է այս օրինագիծը: NBC News-ը գրում է, որ նախաձեռնության հեղինակներից սենատոր Լինդսի Գրեմը վերջին օրերին ակնարկել է, որ Թրամփը, ինչպես նաև Սենատում հանրապետական մեծամասնության առաջնորդ Ջոն Թունը, աջակցում են այս օրինագծին։

Լուսանկարը՝ Evan Vucci/AP

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter