HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

««Աբովյան» ՔԿՀ-ում 8 ամսական երեխայի կյանքը վտանգի տակ է». կալանավորված մոր փաստաբանը ահազանգում է

Հուլիսի 11-ին Երևան քաղաքի առաջին ատյանի քրեական դատարանի դատավոր Արշակ Մաթևոսյանը որոշեց կալանավորել 36-ամյա Լիանա Հարությունյանին։ Կինը, ըստ մեղադրանքի, «օժանդակել է «Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարանի ռեկտոր Վաղարշակ Մադոյանին և պրոռեկտոր Դավիթ Մադոյանին իրենց իշխանական կամ ծառայողական լիազորությունների օգտագործմամբ Հնդկաստանի 16 քաղաքացիների անօրինական միգրացիան կազմակերպելուն»։

Լիանա Հարությունյանի խնամքի տակ են երեք անչափահաս երեխաներ, որոնցից փոքրը՝ 8 ամսական։ Դատական նիստերի դահլիճում կալանքի որոշումից հետո Լիանա Հարությունյանի ինքնազգացողությունը վատացել է, այդ մասին տեսանյութ էր տարածել նաև վերջինիս փաստաբան Զարուհի Փոստանջյանը։

Նա «Հետքին» հայտնեց նաև, որ Լիանա Հարությունյանը ուշագնաց է եղել դատարանի դահլիճում և իր տեսանյությում Լիանան արդեն ուշքի եկած վիճակում էր։ Ժամը 13։30-ի սահմաններում է կալանքի որոշումը կայացվել և մինչև երեկոյան 19։00-ն թույլ չեն տվել, որ 8 ամսական երեխային փոխանցեն մորը։

«Ասացին` երեխային տարեք Շենգավիթի ոստիկանություն, հեսա իրեն (Լիանա Հարությունյանին- խմբ․) տանում ենք էնտեղ, ես խնդրեցի, որ երեխային տանեն Շենգավիթի ոստիկանություն։ Հայրը մյուս երկու անչափահաս երեխաների հետ փոքրիկին տաքսիով բերեցին Շենգավիթի ոստիկանություն, էդքան ժամանակ պահեցին արևի տակ, հետո ինձ ասացին` չէ, ոստիկանություն չենք տանում, ես էլ ասեցի` դե երեխային բերեք դատարան։ Դատարանում ես եմ պահել, մինչև կարողացել եմ փոխանցել իրեն ժամը 19։00-ի սահմաններում»,- ասում է Զարուհի Փոստանջյանը։

Նա այսօր վաղ առավոտյան այցելել է «Աբովյան» ՔԿՀ՝ Լիանային և փոքրիկին տեսնելու և արձանագրել, որ երեխայի առողջական վիճակը լավ չէ։ «Ամբողջ գիշեր երեխան փորլուծություն է ունեցել, և այդ փորլուծության հետևանքով երեխայի մաշկը կարմրել, ցանել էր։ Բժիշկ չի այցելել, մանկաբույժ չի այցելել, «Աբովյան» ՔԿՀ-ի բուժքույրն ինձ ասել է «Սմեկտա» դեղամիջոց բերեք, բայց դա մի քիչ ռիսկային էր ինձ համար, որովհետև ինքս իմ ձեռքում պահելով երեխային՝ արձանագրեցի, որ սրտխփոցը շատ արագ է, ձեռքերի ափերը, գլուխը շատ տաք էին, այսինքն` ջերմություն ուներ, թոքերը խզում էին»,- նշում է Զարուհի Փոստանջյանը։

Փաստաբանի խոսքով՝ «Աբովյան» ՔԿՀ-ում բանտախուցը բացարձակ պիտանի չէ որպես 8 ամսական երեխայի պահման վայր: Չկա տաք ջուր չկա, հատակը սալապատ է և սառը։ «Պյուրե են տվել, Լիանան ասում է` թթված է եղել։ Ասում է` երեխային կերակրեցի, հետո համը տեսա, փոշմանեցի, որ բերանն եմ դրել երեխու, կարող է դրանից է լուծ ընկել։ Երեխեն չոչ անող է, գետինը ցեմենտ է, ինչ֊որ ադեալ է քցել, որ մի քիչ գետնի վրա շարժվի, կարող է դրանից էլ է փորը լուծ ընկել։ 6 համարի տակդիր են տվել, բայց երեխան 3-րդ համար է հագնում։ Երեխայի մաշկը կարմրած ու ցանավորված է, ջուր չունի, ջրի տաքացնող սարք չունի, որ մայրը լվանա, մի խոսքով, անտանելի պայմաններ են»,- նշում է Փոստանջյանը՝ հավելելով, որ երեխայի առողջությունն ու կյանքը լուրջ վտանգի տակ են։

Փոստանջյանը այս հարցերով դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին, սակայն դեռևս անրձագանք չկա։

Մարդու իրավունքների պաշտպանը մեկ անգամ անդրադարձել է այս թեմային՝ դատապարտելով Լիանա Հարությունյանի պաշտպան Զարուհի Փոստանջյանին, քանի որ վերջինս մանկահասակ երեխային գրկին ֆեյսբուքյան ուղիղ եթերով հանրայնացրել էր խնդիրը՝ նշելով, որ երեխային չեն թույլատրում փոխանցել իր մորը։ «Անընդունելի ենք համարում մարդու իրավունքներին, հատկապես` երեխաներին վերաբերելի հարցերի ու երեխաների «օգտագործում»-ը իրավունքների հետ չկապված նպատակների իրագործման ու հանրային ուշադրություն գրավելու համար»,- նշել էր ՄԻՊ-ը։ Փոստանջյանն ասում է՝ ՄԻՊ-ը դատապարտում է՝ նշելով, թե երեխայի նկարը չպետք է ցույց տայինք, բայց հարցին, թե երեխան այս պայմաններում կարո՞ղ է ապրել, թե՝ չէ, ՄԻՊ-ը չի արձագանքում։

Փոստանջյանի խոսքով՝ ՄԻՊ-ի միակ միջամտությունը եղել է այն, որ երեխային ի վերջո կարողացել են փոխանցել մորը։ Լիանա Հարությունյանի մյուս երկու մանկահասակ երեխաները 10 և 13 տարեկան են, այժմ գտնվում են տատիկի խնմանքի տակ։

Անդրադառնալով արդեն Լիանա Հարությունյանի կալանավորման պատճառներին՝ Զարուհի Փոստանջյանը նշում է, որ ընդամենը մեկ դատական նիստի չի ներկայացել Լիանա Հարությունյանը։ «2-րդ նիստի համար դատավորը առանց ծանուցման բերման ենթարկելու որոշում է կայացրել, ուղարկել է ոստիկաններին, որ Լիանային բերման ենթարկեն, Լիանան ասել է` հիմա էդ երեխուն ու՞մ թողեմ, չեմ կարա, մարդ չկա, որ թողեմ նայեն երեխուն, ես գամ։ Ասել է՝ երեխու հետ կարամ գամ, ասել են` չէ, մենակ քեզ պետք է բերման ենթարկենք։ Լիանան ասել է՝ դե որ մենակ ինձ ես տանելու, ես մարդ չունեմ, որ թողեմ երեխուն մոտը, չեմ կարա գամ, ու չի գնացել»,- պատմում է Զարուհի Փոստանջյանը։

Ըստ փաստաբանի՝ այդ դեպքից հետո դատավորը տնային կալանքի որոշում է կայացրել։ Քանի որ Լիանան վարձով է ապրել, անհրաժեշտ է եղել սեփականատիրոջ թույլտվությունը։ «Քանի որ սեփականատերը թույլ չի տվել, Լիանան դատարանին ասել է՝ խնդրում եմ ինձ ժամանակ տվեք, այլ տեղ գտնեմ, գոնե էդ տնային կալանքը այլ տեղ դուք սահմանեք։ Անմիջապես դրանից հետո Լիանային ծանուցել է Վոթսափով, որ էսօր նիստն է, կգաս որ քեզ պիտի կալանավորեմ, էդ նիստից անմիջապես առաջ ինձ է դիմում Լիանան, և նրա հետ գնում եմ դատարան ու դատավորը կալանավորման որոշումն է կայացնում»,- ասում է Զարուհի Փոստանջյանը՝ նշելով, որ Լիանայի պաշտպանությունը ստանձնել է հանց այդ օրը։

«Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգում կալանքի որոշման մեջ նշված է դատարանի վերլուծությունը, թե ինչու է կալանքի որոշում կայացրել, դրանում ասված է․ «Մեղադրյալի նկատմամբ բացակայելու արգելքի ձևով կիրառված խափանման միջոցը տնային կալանքով փոխելուց հետո վերջինը շուրջ 30 րոպե խոչընդոտներ է ստեղծել Պրոբացիայի ծառայության աշխատակիցների համար և չի թույլատրել իր նկատմամբ սահմանել էլեկտրոնային հսկողություն։ Ավելին՝ դատալսումների ընթացքում նշված հարցի վերաբերյալ մեղադրյալը Դատարանին հայտնել է ոչ արժանահավատ տեղեկություն, նշելով, որ Պրոբացիայի ծառայության աշխատակիցներին շուրջ 30 րոպե չի թույլատրել մտնել իր բնակության հասցե, քանի որ տան բակի շունը չի եղել կապված վիճակում, մինչդեռ Պրոբացիայի ծառայության աշխատակիցների կազմած արձանագրությունը վկայում է հակառակի մասին»։

Ըստ դատարանի որոշման արձանագրության՝ Լիանա Հարությունյանը ոստիկանության աշխատակցին հայտնել է, որ չի կարող ներկայանալ Դատարան, քանի որ ամուսնուն նախապես չի խնդրել մնալ տանը և հոգ տանել երեխաների մասին, մինչդեռ ոստիկանության աշխատակցի կողմից կազմված արձանագրությունը չի պարունակել այդ մասին որևէ նշում։ 

«Միևնույն ժամանակ, դատական նիստերին չներկայանալը մեղադրյալը պատճառաբանել է Դատարանի կողմից իրեն «պատշաճ» պաշտպանով չապահովելու հանգամանքով, այնինչ վերջինը չի մատնանշել նշանակված պաշտպանի՝ վարույթին մասնակցությունը բացառող որևէ հանգամանք, և զրկված չի եղել իր ընտրած պաշտպանով հանդես գալու իրավունքից, ինչն, ըստ էության, իրացրել է»,- նշել է դատարանը։

Զարուհի Փոստանջյանը նշում է, որ գործով մեղադրական եզրակացությունն էլ թերի է․ «Հանցակազմը, որը դրված է այլ անձանց վրա էլ, իրականության հետ որևիցե աղերս չունի, այսինքն` ապօրինի միգրացիայի կազմակերպում նույնիսկ չի եղել, որ Լիանան էլ օժանդակեր»,- ասում է Փոստանջյանը։ Նա կալանքի որոշումը վաղը բողոքարկելու է։

Գլխավոր լուսանկարը էկրանակադր է Զարուհի Փոստանջյանի տարածած տեսանյութից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter