HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կալանավորված կինն ու նրա 8 ամսական երեխան «Աբովյան» ՔԿՀ-ից տեղափոխվել են հիվանդանոց

Հուլիսի 11-ին կալանավորված 36-ամյա Լիանա Հարությունյանը և նրա 8 ամսական երեխան «Աբովյան» քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել են հիվանդանոց։ Այս մասին հայտնում է Լիանա Հարությունյանի փաստաբան Զարուհի Փոստանջյանը։

«Քանի որ ինձ չեն տրամադրել տեղեկատվություն այն մասին, թե որ բժշկական կենտրոնում են գտնվում Լիանա Հարությունյանն ու նրա փոքրիկ դուստրը, այդ հարցը մտահոգում է նաև երեխայի հայրիկին և տատիկին։ Նրանք մինչ այս պահը որևէ տեղեկություն չունեն Լիանայի և փոքրիկի գտնվելու վայրի վերաբերյալ։ 

Միևնույն ժամանակ, պարզ է մի բան՝ 2025 թվականի հուլիսի 13-ին, ժամը 16:00-ի դրությամբ, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի որևէ ներկայացուցիչ չի այցելել կալանավայրում գտնվող քաղաքացի Լիանա Հարությունյանին և նրա ութ ամսական դստերը»,- նշել է Զարուհի Փոստանջյանը ֆեյսբուքյան գրառմամբ։

Դեպքի վերաբերյալ հայտարարություն է տարածել նաև ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը՝ հերքելով Զարուհի Փոստանջյանի այն պնդումները, թե բանտախուցը բացարձակ պիտանի չէ 8 ամսական երեխային պահելու համար։ Ծառայությունից նույնպես հայտնում են, որ երեխան այժմ հետազոտություն է անցնում քաղաքացիական բուժհաստատությունում։

«Ի պատասխան կալանավորված անձ Լիանա Հարությունյանի փաստաբան Զարուհի Փոստանջյանի՝ հայտնում ենք, որ պնդումներն այն մասին, թե «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի մոր և մանկան համար նախատեսված խցում տաք ջուր չի եղել, չեն համապատասխանում իրականությանը։ Խցում եղել է տաք ջուր նաև գիշերային ժամերին, ինչը հաստատել են կողքի խցերում երեխաների հետ բնակվող մայրերը։

Իրականության հետ աղերս չունեն նաև սննդի մասին պնդումները։ Լիանա Հարությունյանին հատկացվել է երեխաների համար նախատեսված, պատշաճ որակի սնունդ՝ կարտոֆիլի խյուս, բանջարեղեն և կաթի փոշի։

Ինչ վերաբերում է խցի՝ իբր ոչ բարվոք պայմաններին, ապա տեղեկացնում ենք, որ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի մոր և մանկան համար նախատեսված բոլոր խցերը կապիտալ վերանորոգված են, ապահովված 24-ժամյա տաք և սառը ջրով և կահավորված նաև մանկական մահճակալներով։

Ուստի հորդորում ենք տիկին Փոստանջյանին զերծ մնալ իրականությունը խեղաթյուրող և այդպիսով հասարակության լայն շրջանակներում բացասական հուզական ֆոն ձևավորող տեղեկություններ տարածելուց։ Հավելենք, որ այս պահին երեխան հետազոտություն է անցնում քաղաքացիական բուժհաստատությունում»,- նշված է հաղորդագրությունում։

Գլխավոր լուսանկարը էկրանակադր է Զարուհի Փոստանջյանի տարածած տեսանյութից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter