HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Մակիյան

Իրանական կինոյի «Վազորդը». Ամիր Նադերի

Հինգ տարեկանից որբացած, Աբադանի փողոցներում մեծացած Ամիրի համար կինոթատրոնը դարձավ ընտանիք, տուն և ուսուցիչ։ Իրանական կինոն միջազգային մակարդակ հանած ռեժիսորի համար սկզբնական շրջանի ոգեշնչումն էր իտալական նեոռեալիստական կինոյի էսթետիկան և Կարտիե-Բրեսոնի լուսանկարները։ Նադերին առաջիններից էր Իրանում, որ հրաժարվեց դասական, խիստ կառուցվածքային սցենարներից և ընտրեց ռեալիստական, դոկումենտալ ոճը։ Նրա պատկերաշարը, կադրային լռությունը դարձան իրանական նոր կինոյի այցեքարտը։ Նրա հերոսները հասարակ մարդիկ են՝ երեխաներ, աղքատներ, միայնակ մարդիկ։

Հուլիսի 13-ին Golden Apricot Yerevan International Film Festival-ի պաշտոնական բացման ժամանակ պարսիկ կինոռեժիսոր Ջաֆար Փանահին ծնկաչոք հանձնեց փառատոնի Փարաջանովյան թալեր մրցանակը Ամիր Նադերիին՝ համաշխարհային կինոյում ունեցած մեծ ավանդի համար։

Ամիր Նադերին իր ռեժիսորական դեբյուտը արել է 1971 թվականին՝ «Ցտեսություն, ընկեր» ֆիլմով: Նադերին շարունակել է ֆիլմեր նկարահանել իրանական հեղափոխությունից հետո: Նրա 1984 թվականի «Վազորդ» ֆիլմն իրանական կինոյի հիմնարար ֆիլմերից մեկն է:  «Վազորդը» լայն ճանաչում ստացավ միջազգային կինոփառատոներում և դարձավ   հետհեղափոխական իրանի արտ հաուս կինոյի ազդարարը։ 

1990-ականներից Նադերին անձնական, ստեղծագործական սահմանափակումների պատճառով արտագաղթել է Իրանից։ Այժմ ապրում և ստեղծագործում է տարբեր երկրներում՝ Միացյալ Նահանգներ, Ճապոնիա։

Ամիր Նադերին «Վազորդ» ֆիլմի հետհայաց ցուցադրությանը, հուլիսի 14-ին, Մոսկվա կինոթատրոնում: 

«35 տարի է՝ չեմ եղել հայրենիքում։ Ես այստեղից առա իմ հայրենիքի բույրը»,- ասաց 78-ամյա իրանցի ռեժիսորը, իր «Վազորդ» ֆիլմի հետհայաց ցուցադրության ժամանակ, Երևանում։ 

«Այս ֆիլմը նկարել եմ 45 տարի առաջ, շատերդ այստեղ նստածներից դեռ ծնված չէր։ Վազորդ ֆիլմում պատկերել եմ իմ մանկությունը»,- ֆիլմի դիտումից առաջ Նադերին պատմեց, թե ինչպես է պատահական ծանոթացել գլխավոր դերակատարի՝ ֆիլմում 11-ամյա որբուկ «Ամիրոյի» դերակատարին, որը  հիմա համալսարանի տնօրեն է։

«Վազորդը» կինեմատոգրաֆիկ ձոն է՝ պայքարող որբի ոգուն, որի կյանքը նավահանգստային քաղաքի հետնախորշերում, ամենօրյա գոյատևման պայքար է՝ վազք։ Ծանր կյանքին զուգահեռ Ամիրոյին տանջում է աշխարհը ճանաչելու, իրեն ճնշող առօրյա սահմաններից պոկվելու ձգտումը։ Ափը լքող նավերի, թռիչքուղուց հեռացող ինքնաթիռների հետևից բռունցքները վեր պարզած աղիողորմ ճիչերը, իրականությունը ճեղքելու Ամիրոյի ամենատպավորիչ արտահայտումն են։

Ֆիլմի վերջում հոտնկայս ծափերի ուղեկցությամբ բեմ բարձրացած 78-ամյա Ամիր Նադերին, բռունցքները վեր պարզած,  բղավում էր՝ կարծես ցույց տալով, որ պատանի Ամիրոն նույնն է մնացել։

Ամիր Նադերին «Ոսկե ծիրան»-ի հատուկ հյուրն է և ժյուրիի նախագահը։ Նրա հետ հանդիպումների և հետհայաց ցուցադրությունների մասին կարող եք ծանոթանալ «Ոսկե ծիրան» փառատոնի ծրագրից։

Երևանում «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի անցկացվում է հուլիսի 13-20-ը: Մեկ շաբաթ երևանյան հանդիսատեսին սպասվում է ֆիլմային հրավառություն։ Հայաստան են ժամանել կինոյի համաշխարհային դեմքեր, որոնք իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն կինոսերներին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter