
Ո՞րն է եղել Զորաց քարերի գործառույթը. հուշարձանն օգտագործվել է դեռ մ.թ.ա. 30-րդ հազարամյակում
Անոթային վիրաբույժ Հայկ Մալխասյանը 7 տարի առաջ սկսել է հետաքրքրվել աստղագիտությամբ։ Հետաքրքրությունն այնքան է խորացել, որ նրա համար դարձել է երկրորդ մասնագիտություն։ Մալխասյանի ուսումնասիրության առանցքում Սյունիքի մարզում գտնվող Զորաց քարեր հուշարձանն է։
Վերջինիս ուսումնասիրության ընթացքում աստղագետը նախ փորձել է գտնել այն «ախտորոշիչ պատճառները», թե հայտնի հուշարձանի քարերն ինչու են տեղադրված հենց այդ դասավորությամբ, յուրաքանչյուր վեմն ինչ ուղղությունների է նայում ու ինչու, եւ այս ամենի վերաբերյալ աստղագիտական ինչ մոտեցումներ կան: «Հետքի» զրուցակիցն ասում է, որ սկզբում ինքն իր համար էր հետազոտում հուշարձանը՝ հասկանալու, թե որն է դրա նշանակությունը, արդյոք այն իսկապես աստղադիտարան է, թե ոչ: Հետո ուսումնասիրությունն ավելի խորքային է դարձել:
Ի վերջո, երբ կատարած աստղագիտական հաշվարկների արդյունքները ներկայացրել էր Բյուրականի աստղադիտարանի պատմամշակութային աստղագիտության բաժնի ղեկավար, աստղագետ, տոմարագետ Գրիգոր Բրուտյանին, վերջինս դրանք ստուգելուց հետո Հայկ Մալխասյանին առաջարկել էր աշխատել Բյուրականի աստղադիտարանում՝ իր բաժնում: 2021 թ. Բրուտյանի մահից հետո բաժինը ղեկավարում է Հ. Մալխասյանը:
Վերջերս լույս է տեսել նրա հեղինակած «Հայաստանի վիմակերտ աստղադիտարանը․ Զորաց քարեր. աստղագիտական նկարագիր եւ շրջայցի ուղեցույց» գրքույկը։ Այն ոչ միայն ներկայացնում է տեղեկություններ Զորաց քարերի աստղագիտական դերի մասին, այլեւ ուղեցույցի միջոցով հնարավորություն է տալիս առանձին-առանձին դիտարկել հուշարձանի վեմերն ու հարթակները: Օրինակ՝ գրքույկի եւ ուղեցույցի միջոցով ցույց է տրվում, թե որ վեմի մոտ կանգնելիս ինչ կարելի է տեսնել աստղազարդ երկնքում:
Հայկ Մալխասյանը նկատում է՝ գրքույկը հրատարակել են հանրամատչելի լեզվով, քանի որ նպատակը եղել է հանրության լայն շերտերին պարզ լեզվով գիտական փաստերին ծանոթացնելը, այնինչ եթե գիտական հոդված լիներ, այն ավելի շատ նեղ բնագավառի մասնագետների համար կլիներ, չնայած այս դեպքում էլ գրքույկի վերջում մասնագիտական գրականության ցանկ է հրապարակված: «Սա արել ենք, որ մարդը գնա, կանգնի այն քարի վրա, որտեղ 10 հազար տարի առաջ մարդիկ կանգնել, դիտել են, եւ իր աչքով տեսնի, թե ինչպես է աշխատել դա»,- ասում է մեր զրուցակիցը։
Ի վերջո, Զորաց քարերն աստղադիտարա՞ն է, թե՞ ոչ
Դիտարկմանը, որ Զորաց քարերի մասին բավականին շատ հակասական կարծիքներ կան, եւ ըստ որոշ պնդումների՝ սա բնավ աստղադիտարան չէ, փոխարենն այդտեղ թաղման ծիսակարգ է կատարվել, Հայկ Մալխասյանը պատասխանում է, որ եթե խոսում ենք հին ժամանակների աստղագիտության մասին, պետք է հաշվի առնել, որ այն ժամանակվա մարդկանց բոլոր ծեսերը կապված էին երկնքի լուսատուների շարժի հետ։ Նկատում է, որ ներկայում եւս, եթե նայենք գերեզմաններին, կարող ենք տեսնել, որ դրանք արեւելք-արեւմուտք դիրքով են: Ըստ Մալխասյանի՝ հնում էլ այդպես էր՝ կյանքի եւ մահվան մասին ընդհանուր պատկերացումները կապված էին լուսատուների շարժի հետ։ Մայրամուտը համարվել է մահ, արեւածագը՝ կյանք կամ հարություն։ Նույնկերպ եղել են թաղման ծեսերը։
«Այսինքն՝ եթե ասում ենք ի՞նչ աստղադիտարան, եթե թաղման ծես կա, մեծ հարցեր են առաջանում. նայած, թե աստղադիտարան ասելով, ինչ ենք պատկերացնում: Եթե խոսում ենք հին ժամանակների մասին, ապա այդ ամբողջ ծիսակարգային մշակույթը պետք է նայենք երկնքի լուսատուների շարժի լույսի ներքո, որ պատկերացում կազմենք այդ մարդկանց մտածողության մասին: Եթե նույնիսկ այնտեղ ծիսական դամբարան կա, պետք է հասկանալ, թե դա ինչով է խանգարում աստղադիտարան լինելուն. ոչ մի բանով»,- ասում է Բյուրականի աստղադիտարանի աշխատակիցը։
Գիտաշխատողը պնդում է՝ հուշարձանն ամբողջությամբ պեղված չէ
Զորաց քարերի աստղագիտական նշանակության վարկածն առաջ է քաշել հնագետ Օնիկ Խնկիկյանը։ Հայկ Մալխասյանն ասում է, որ պատմական գիտությունների դոկտոր Խնկիկյանը Զորաց քարերի վեմերի վրա անցքերի առկայությունը բացատրում էր դրանց աստղագիտական դերով։ Նրա հրավերով Բյուրականի աստղադիտարանից պրոֆեսոր Էլմա Պարսամյանն ուսումնասիրել է հուշարձանն ու այն համեմատել եվրոպական նմանատիպ կառույցների հետ եւ նույնպես նշել Զորաց քարերի աստղագիտական նշանակությունը։ Դրանից մի քանի տարի անց ակադեմիկոս Պարիս Հերունին աստղագիտական հետազոտության նպատակով առաջին անգամ չափագրել է հուշարձանը, սակայն նյութերը մնացել են Հերունու արխիվում, որը, ըստ Հ. Մալխասյանի, այս պահին հասանելի չէ։
2020 թ․ Բյուրականի աստղադիտարանի պատմամշակութային աստղագիտության բաժինն ու Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանը լազերային ճշտությամբ ամբողջությամբ չափագրել են Զորաց քարերը, ապա այդ հիմքի վրա հաշվարկներ կատարել։
«Մենք հերթականությամբ, դիտողական գործիքների տեսակներով, խմբերով փաստարկում ենք, որ այդ հուշարձանը լուսատուները դիտելու հավանականություն ունի։ Գրքում ներկայացված է ամբողջը: Մարդը կարող է գնալ եւ ուղեցույցով տեսնել, թե որտեղ կանգնես, ինչ ես տեսնելու։ Այսինքն՝ եթե ակնհայտ փաստեր կան, դրանք հերքելը շատ դժվար է»,- ասում է Հայկ Մալխասյանն ու շարունակում, թե ինչպես է հնարավոր հերքել այն, որ մի կետում կանգնելով՝ կարող ես նայել 4 տարբեր ուղղություններով եւ տեսնել, որ քարերի վերնամասերը հորիզոնի ուրվագծերի հետ տաշված են։ Հետո նկատում է, որ, անկախ ամեն ինչից, թերահավատները կարող են պնդել իրենց տեսակետը։
Ըստ Մալխասյանի՝ Զորաց քարերի հնագիտական թվագրություն չկա. «Վստահ կարող եմ ասել՝ հուշարձանը պեղված չէ: Հուշարձանում փորձնական պեղումների փորձեր են արել, հատվածական, մակերեսային: Հուշարձանի բոլոր շերտերը բացված չեն: Այն պետք է խորը հետազոտել»։
Զորաց քարերը բազմաշերտ հուշարձան է
«Հետքի» զրուցակիցը նշում է, որ 2020-2025 թթ. ուսումնասիրությամբ ցույց է տվել Զորաց քարերի բազմաշերտ լինելը՝ մշակութային, օրացուցային, ծիսական եւ այլն, սակայն նախկինում նման պատկերացում չի եղել։ Ըստ Մալխասյանի՝ այս հուշարձանը աստղագիտական-օրացուցային-կրոնածիսական նպատակներով շահագործվել է մոտավորապես մ․թ․ա. 30-րդ հազարամյակից մինչեւ Հայկյան տոմարի հիմնադրումը՝ մ․թ․ա 3-րդ հազարամյակի երկրորդ կես։ Գրքույկում նշվում է, որ Հայկյան տոմարի ներդրումն ակտիվ դիտումներ չէր պահանջում։
«Մեր ուսումնասիրություններով՝ ժամանակագրությունը բազմաթիվ շերտեր է տալիս: Այսօրվա արդյունքներից տպավորություն է ստեղծվել, որ հուշարձանն սկսել է կառուցվել ու շահագործվել մ.թ.ա. 30 հազար տարի առաջ մինչեւ մ.թ.ա. 3-րդ հազարամյակ: Այս արդյունքները հետագայում պետք է ստուգել հնագիտորեն: Բայց աստղագիտական դիտումների հաշվարկներն այդպիսին են, իսկ դրանք չեն սխալվում»,- ասում է Հայկ Մալխասյանը:
Նրա տեղեկացմամբ՝ մաթեմատիկոս Վաչագան Վահրադյանն առաջինն էր, որը նկատել է Զորաց քարերի շարքերի դասավորության նմանությունը Անգղ (Կարապ) համաստեղության ուրվագծին։ «Վահրադյանի նկատառումն առ այն, որ հուշարձանի վիմաշար հատվածի հատակագիծը համեմատելի է Անգղ կամ Կարապ համաստեղության աստղերի դասավորությանը, հնարավորություն տվեց աստղագիտական եղանակով բավականին ճշգրիտ հաշվարկել այն ժամանակը, երբ համաստեղության ուրվագիծը երկնքում ու գծապատկերը հուշարձանի վիմաշարում առավելագույն չափով համապատասխանում են միմյանց։ Ըստ աստղագիտական ճշգրիտ հաշվարկի՝ ստացվեց մ.թ.ա. 31-30-րդ հազարամյակներ»,- իր գրքույկում նշել է Մալխասյանը։
Զորաց քարերում 220-ից ավելի վեմ կա, բայց աստղագետներն ուսումնասիրում են նրանք, որոնք դիրքը չեն փոխել, ուղղաձիգ են։
-Երբ վեմից նայում ենք, կա հստակ ուղղություն, թե որ ժամանակում այդտեղով ինչ աստղ է անցել։ Մի անցք եւ երկու ակոս է արված, երբ դրանք համադրում ես, հստակ ուղղություն է ցույց տրված, այստեղ միայն աստղեր են անցնում, բայց Արեւ, Լուսին չեն անցնում,- ասում է Հայկ Մալխասյանը։
-Բայց Արեւն էլ է աստղ, չէ՞։
-Այո, բայց հին ընկալմամբ՝ Արեգակը աստղ չի համարվել: Արեգակը գլխավոր աստվածությունն էր: Նայում ենք, վերցնում ենք այդ ուղղությունը, չափում ենք եւ տեսնում, թե որ հազարամյակում ինչ աստղ է անցել այդտեղով: Դա էլ չափում է վեմի գործառույթի տարիքը, այսինքն՝ թե վեմը երբ է ծառայել աստղագիտական նշանակությամբ:
«Հին ժամանակներում կարեւոր կանոն էր՝ ինչ որ երկնքում է, այն էլ Երկրի վրա է»
«Հետքի» զրուցակիցը նշում է, որ զբաղվում է Հայաստանի աստղագիտական ժառանգության հարցերով, եւ միայն մեկ հուշարձանի ուսումնասիրությամբ հնարավոր չէ ընդհանուր պատկեր կազմել։ Այդուհանդերձ, ըստ Մալխասյանի, Զորաց քարերի ուսումնասիրությունը կարեւոր եւ հիմնաքարային է, քանի որ այս հուշարձանը բազմաթիվ շերտեր ունի։ Բյուրականի աստղադիտարանի աշխատակիցն ասում է, որ Զորաց քարերը քաղաքակրթական առաջընթացին զուգընթաց փոփոխություններ է ապրել, ինչը մասնագետներին թույլ է տալիս կազմել աստղագիտական գիտելիքների զարգացման ժամանակագրություն։ «Օրինակ, Սայլ համաստեղությունը կա, որն այսօրվա Մեծ արջն է։ Ո՞նց է եղել այդ անցումը, ինչո՞ւ են նույն համաստեղությանն ասել Սայլ եւ Մեծ արջ։ Առաջին հայացքից դրանք կապ չունեն իրար հետ, սակայն բանահյուսությունն ուսումնասիրելիս տեսնում ես այդ կապերը»,- ներկայացնում է Հ. Մալխասյանը:
«Ուսումնասիրում ենք այն ամենը, ինչ առնչվում է հնագույն մշակութային շերտերում աստղագիտական երեւույթները բացահայտելուն: Դրանց մեջ մտնում են քարե հուշարձանները, բանահյուսական նյութը, «Սասնա ծռեր» էպոսը, մեր ժողովրդական հեքիաթները, խեցեղենը վաղ բրոնզե դարում, խեցեղենի նախշերը: Օրինակ՝ վերջերս օրացուցային կառուցվածքներ գտանք Գեղարոտից հայտնաբերված վզնոցում. տարբեր տեսակի հուլունքներ են, բայց կառուցվածքով այն ժամանակվա օրացույց են հիշեցնում»,- պատմում է մեր զրուցակիցը։
Հ. Մալխասյանի փոխանցմամբ՝ հասկանալու համար, թե ինչու էին մարդիկ դիտում տվյալ աստղը, նախ պետք է իմանալ այդ ժողովրդի մշակույթը. «Հետաքրքիր է հասկանալ այդ մարդկանց մտածողությունը, աշխարհընկալումը: Նրանք բնության հետ համահունչ էին ապրում՝ չխանգարելով բնությանը: Օրինակ, եթե ձկների բնադրման շրջան էր, այդ ժամանակ ձկնորսությունն արգելում էին, ոնց որ հիմա են փորձում անել։
Հին ժամանակներում կարեւոր կանոն էր՝ ինչ որ երկնքում է, այն էլ Երկրի վրա է: Այսինքն՝ եթե մի բան մեր առօրյայում կա, ուրեմն պարտադիր երկնքում էլ պետք է լինի: Սկզբում այսինչ աստղին անուն են դրել, հետո այն դարձել է իրենց թելադրողը: Քաղաքակրթությունն այդպես զարգացել է: Օրինակ՝ երկրագործությունը, վայրի կենդանիների ընտելացումը, խաղողի մշակույթը հեղափոխություններ են, ինչպես մեր օրերում ինտերնետը, որոնք իրենց հետեւից բերել են տերմինաբանություն եւ այլն»։
«Հետքի» զրուցակիցն ասում է, որ այս պահին Զորաց քարերի ուսումնասիրության շրջանակներում փոքր-ինչ դադար են վերցրել, քանի որ այն, ինչ բացահայտվում է, դեպի ավելի խորը շերտեր է տանում, որոնք պետք է ուսումնասիրել նաեւ այլ վայրերում: Դրանցից մեկը Արեմտյան Հայաստանում գտնվող Պորտասարն է, որն աստղագիտական նշանակություն ունեցող մեծ կառույց է: Հ. Մալխասյանն ասում է, որ Պորտասարում պատկերված են կենդանիներ, որոնցով հարուստ է հայ բանահյուսությունը: Այդ պատկերների էությունը հասկանալը, ըստ Բյուրականի աստղադիտարանի պատմամշակութային աստղագիտության բաժնի վարիչի, կօգնի ընկալել նաեւ բանահյուսությունն ու այն ժամանակների օրացուցային պատկերացումները:
«Մշակութային բոլոր շերտերը կապված են իրար, դրա համար ուսումնասիրում ենք հատվածական, բայց իրար հետ միասին, որպեսզի հասկանանք շերտերը»,- պարզաբանում է գիտաշխատողը:
Ըստ նրա՝ այս տեսանկյունից կարելի է բացատրել ժողվորդի շրջանում ձեւավորված սնոտիապաշտական մի շարք երեւույթներ, որոնք աղավաղված ձեւով հասել են մեզ: Օրինակ, երբ ասում են՝ տանդ մեջ սարդ մի սպանիր, սարդը հնում եղել է ամենակարեւոր դիցուհիներից մեկը:
«Մեր բանահյուսությունը կարդալուց երբ նայում ես աստղագիտությանը, հասկանում ես իմաստը: Այսինքն՝ մեր բանահյուսությունը նույն աստղագիտական լեզուն է, որը մենք մոռացել ենք: Դա այն ժամանակվա լեզուն է: Այսօր աստղերին անուններ ենք դնում, բայց որպեսզի այն ժամանակ մարդիկ հնարավորինս շատ պահպանեին ինֆորմացիան, որովհետեւ գրավոր խոսք չկար, բերնեբերան էր անցնում, երեւույթները բերում կապում էին կենցաղային երեւույթների հետ»,- նշում է Հայկ Մալխասյանը:
ՀԳ. «Հայաստանի վիմակերտ աստղադիտարանը․ Զորաց քարեր. աստղագիտական նկարագիր եւ շրջայցի ուղեցույց» գրքույկի շնորհանդեսը տեղի կունենա հուլիսի 30-ին Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում:
Լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի
Մեկնաբանել