
Անասնագոմից մինչև սպանդանոց. գյուղացու փակ շրջափուլը
Ժենյա Գևորգյան
Հայաստանում տարեկան մորթի է ենթարկվում մոտ 222 հազար կենդանի։ 2024 թվականին սպանդանոցային մորթի է ենթարկվել 22 հազարը, այսինքն` ընդամենը 10 %-ը։
Չնայած Հայաստանում արդեն հինգ տարի ուժի մեջ է պարտադիր սպանդանոցային մորթի պահանջը, սպանդանոցների անբավարար քանակը և ենթակառուցվածքների բացակայությունն անասնապահներին նոր խնդիրների առաջ են կանգնեցրել: Գյուղացիները շարունակում են մորթ կատարել տնային պայմաններում, իսկ պետական ծրագրերը՝ սուբսիդավորումը, լիզինգը և շարժական սպանդանոցների ներդրումը, առայժմ ցանկալի արդյունք չեն տվել։
Գյուղացու՝ անասնագոմից սպանդանոց ճանապարհը հարթ չէ. հաճախ չկա փոխադրամիջոց, և գյուղացին տնային պայմաններում է մորթում իր անասունին, իսկ բակային մորթն անվերահսկելի է։
Սպանդանոցային մորթը խթանելու համար Կառավարությունը փորձում է սուբսիդավորվող վարկեր և լիզինգային ծրագրեր առաջարկել։ Սակայն, էական արդյունքներ դեռեւս չկան։
«Հիմա անասունից մենակ գոմաղբն ա մնում գյուղացուն»,- պատմում է Շիրակի մարզի Արթիկ համայնքի Սպանդարյան գյուղի բնակիչ Էդիկ Կուրղինյանը: Նա գյուղի խոշոր անասնապահներից է։ Ասում է, որ գյուղում հիմա քչերն են անասնապահությամբ զբաղում. մոտ 1000 խոշոր եղջերավորներից գյուղում մնացել է մոտ 240-ը, որից 60-ն իրենն է։
«Սպանդանոցներ պետք են անպայման, պարտադիր պայման է։ Ամեն ինչ ավելի ճիշտ ու մաքուր կլինի, կարգավորված, ինչպես օրենքն է, բայց հիմա դժվարություններն էլ շատ են։ Օրինակ՝ մեր մոտ՝ մարզում, չկա սպանդանոց։ Գոնե շարժական սպանդանոց լինի, գան, մորթեն», - նշում է Էդիկ Կուրղինյանը։
Խոշոր եղջերավոր կենդանիներին մեքենայով սպանդանոց տեղափոխելը բավական բարդ է։ Օրինակ՝ անասնապահը պատմում է, որ 200 կիլոգրամանոց ցլիկին հազիվ են հանում գոմից, որ կարողանան մորթել, առավել ևս՝ բարձրացնել մեքենան, տեղափոխել սպանդանոց։ Կենդանին ճանապարհին սթրեսի է ենթարկվում և միս է կորցնում, ինչպես նաև մսի որակն է փոխվում։ Կենդանին ընթացքի ժամանակ մեքենայում ընկնում է, հաճախ դիպչում պատերին, և միսը սևանում է, դառնում անպիտան։
Վայոց ձորում գործող «Վայոց ձոր մսամթերք» սպանդանոցի տնօրեն Էմին Երոյանն ասում է, որ գյուղացիները նախընտրում են բակային մորթը, միայն երբ ավելի ուժեղ վերահսկողություն է լինում պետական մարմինների կողմից, այդ ժամանակ են դիմում սպանդանոց։
«Մեր սպանդանոցը մեծ է, կարող ենք օրը մինչև 50 գլուխ անասուն մորթի ենթարկել, քանի որ ամեն օր մորթ չի լինում, հավաքում ենք պատվերները և միաժամանաակ ենք անում մորթը, որ մսագործին, հավաքարարին, անասնաբույժին և այլ աշխատողներին աշխատավարձ կարողանանք տալ։ Հիմա էլ գյուղերում սկսել են անասնապահությամբ չզբաղվել, չեն պահում կամ իրենց ընտանիքի համար, բարեկամների համար են պահում։ Մի մասն էլ, որ ունի, նախընտրում է ղասաբ կանչել, տանը մորթել, մի 5000-6000 դրամ տալ: Բայց դե իրենց էլ եմ հասականում, քանի որ հասարակ բան է, բայց մեքենա չկա, որ անասունին բերեն»,- նշում է նա։
Հայաստանում տարեցտարի պակասում է անասնագլխաքանակը։ Խոշոր եղջերավորների և խոզերի գլխաքանակի էական նվազում է նկատվում։ Խոզաբուծության ոլորտում կարևոր դերակատարություն ունեցող Սյունիքի մարզում 2016 թվականին եղած 133 հազար խոզից 2024 թվականին մնացել է 76 հազարը։
![]() |
![]() |
«ԶՕՐ» սպանդանոցի տնօրեն Գրիգոր Հայրապետյանը խոշոր ներդրում է կատարել, գնել բոլոր սարքավորումները սպանդանոցի համար և կառուցել Հայաստանի խոշոր սպանդանոցներից մեկը Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում։ Սակայն, ինչպես ինքն է ասում, հիմա չի աշխատում։ «Իմ սպանդանոցը կարող է օրը 70 հատ անասուն մորթել, բայց ես հիմա մինուսով եմ աշխատում, վերջին անգամ չեմ էլ հիշում` գյուղացին երբ ա բերել իր կենդանուն մորթել»,- նշում է տնօրենը։
Սպանդանոցի սեփականատերը պատմում է, որ իր սպանդանոցը լավ աշխատել է 2021 թվականին, երբ խստացվել էր սպանդանոցային մորթի պահանջը, ու ոլորտը վերահսկվում էր, գյուղացին ստիպված իր անասունին բերում էր սպանդանոց։
«Հիմա մի քանի օրը մեկ լինի, թե չէ, դա էլ ձեռք չի տալիս։ Մի անասունի համար ես ամբողջ սպանդանոցը աշխատացնում եմ ու էտքան աշխատողի գումար եմ տալիս,- նշում է տնօրենը ու շարունակում,- նենց չի` գյուղացին ա մեղավոր, գյուղացուն հիմա իրա պահած անասունից մնում ա գոմաղբն ու տանջանքը, ուղղակի կարգավորում, վերահսկողություն նորմալ չկա։ Պետք ա նենց անեն, որ գյուղացին մսավաճառի հետ կապ չունենա, որ ինքը բերի մեր մոտ, մենք տանք վաճառքի, ոչ թե մսավաճառը մի բան էլ 3000-ի տեղը գին քցի` 2900, 2800 տան, որը մի կենդանու հաշվով գյուղացու համար մեծ թիվ է, մոտ 80.000 է անում»։
Ի՞նչ է անում պետությունը
Բակային մորթի ժամանակ մսի մեջ ինֆեկցիոն հիվանդությունները չեն ստուգվում, անասնաբուժական փաստաթուղթ չկա, դժվար է պարզել՝ կենդանին հիվանդ է, թե առողջ, ինչ խնդիրներ է ունեցել։
Սպանդանոցային պարտադիր մորթի անցնելու համար Կառավարությունը մի շարք միջոցներ է ձեռնարկել դեռևս 2018 թվականից՝ տրամադրելով աջակցության տարբեր ծրագրեր, լիզինգային վարկեր։ 2018 թվականի հուլիսի 19-ին Կառավարության որոշմամբ հաստատվեց «Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության ծրագիրը», որի շրջանակներում տնտեսվարողները կարող են լիզինգով կառուցել սպանդանոց կամ ձեռք բերել շարժական և շարժական մոդուլային սպանդանոցներ, ինչպես նաև մսեղիքի տեղափոխման տրանսպորտային միջոցներ։ Լիզինգը տրամադրվում է դրամով, տարեկան մինչև 11 տոկոս տոկոսադրույքով, որի մինչև 7 տոկոսը սուբսիդավորում է պետությունը։ Դրանից բացի, ծրագրում 2024 թվականին կատարվել են փոփոխություններ, որոնցով մարզպետների աշխատակազմերի տրամադրած բնակավայրերում շահագործելու նպատակով ձեռք բերվող շարժական կամ շարժական մոդուլային սպանդանոցներ հիմնելու հնարավորություն է տրվել նաև համայնքներին։
Մեր հարցմանն ի պատասխան Էկոնոմիկայի նախարարությունից հայտնեցին, որ ծրագրի մեկնարկից սկսած` մինչև 2025 թվականի մայիսի 30-ը 5 շահառու կողմից ձեռք է բերել սպանդանոցներում օգտագործելու նպատակով անհրաժեշտ սարքավորումներ և մսեղիքի տեղափոխման տրանսպորտային միջոցներ, իսկ լիզինգների դիմաց տրամադրված սուբսիդավորման գումարը կազմել է շուրջ 56․1 մլն դրամ։
Սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերում գործունեություն ծավալող տնտեսվարողների համար լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորումը իրականացվում է 11 տոկոսային կետով, այսինքն` ամբողջությամբ: Լիզինգառուն վճարում է լիզինգի առարկայի (դա կլինի սպանդանոց կամ գյուղատնտեսական այլ սարքավորում) արժեքի 20 տոկոսի չափով կանխավճար։
Կառավարության 2024 թվականի օգոստոսի 1-ի որոշմամբ հաստատվել է «Սպանդանոցային ծառայություն մատուցող տնտեսվարողների աջակցության ծրագիրը»։ Ծրագրով մինչև 2027 թվականի դեկտեմբերի 30-ը տնտեսվարողին վերադարձվում է հաշվարկված ԱԱՀ-ի 75 տոկոսը՝ սպանդանոցում մորթված խոշոր եղջերավոր կենդանիների մսեղիքի ԱԱՀ-ով հարկվող վաճառքից։ Էկոնոմիկայի նախարարությունից մեզ հայտնել են, որ սրա շրջանակներում աջակցության տրամադրման պայմանագիր է կնքվել 2 տնտեսվարողի հետ, որոնց, 2025 թվականի հուլիսի 3-ի դրությամբ, տրամադրվել է 55,4 մլն դրամ աջակցություն։ Մեկ տնտեսվարողի հետ էլ պայմանագրի կնքման գործընթացն ընթացքի մեջ է։
2024 թվականին սպանդանոցային մորթի է ենթարկվել 22 հազար անասուն, այսինքն` ընդամենը 10 %-ը։ Ըստ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի՝ սա վերջին տարիների ամենալավ ցուցանիշն է, սակայն ցանկալի արդյունք դեռ չկա։
Սպանդանոցային մորթն էլ ավելի խրախուսելու համար 2025 թվականի մայիսի 8-ին Կառավարությունը, Ավստրիայի փորձի հիման վրա, որոշեց, որ սպանդանոցներին սպանդի ծառայության վճարի մասնակի փոխհատուցում է տրամադրվում՝ յուրաքանչյուր խոշոր եղջերավոր կենդանու սպանդի ծառայության համար սպանդանոցի սահմանված վճարի չափով, բայց ոչ ավելի, քան 10.000 դրամը, բրուցելոզով հիվանդ կամ դրական հակազդած յուրաքանչյուր խոշոր եղջերավոր կենդանու սպանդի ծառայության ձեռքբերման համար սպանդանոցի սահմանված վճարի չափով, բայց ոչ ավելի, քան 15.000 դրամը։
Այս ծրագիրը նախատեսված է իրականացնել մինչև 2025 թ․ դեկտեմբերի 30-ը: Համաձայնագրեր են կնքվել 11 համայնքում տեղակայված 16 սպանդանոցի հետ, իսկ փոխհատուցման տրամադրման դիմումները կստացվեն հուլիս ամսվա ընթացքում։
«Անշարժ» շարժական սպանդանոցները
Պետության կողմից լիզինգի աջակցության ծրագիրը նաև շարժական սպանդնոցների համար է։ 2024 թվականի օգոստոսի 29-ին ընդունվեց որոշում՝ արդեն իսկ 2018 թվականին հաստատված լիզինգի ծրագրի մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։ Ըստ նոր ծրագրի՝ լիզինգի արժեքի 20 տոկոսի չափով կանխավճարի 80% -ը նույնպես ֆինանսավորում է պետությունը։
Պարզ ասած` եթե քաղաքացին որոշել էր ձեռք բերել շարժական սպանդանոց և դրա արժեքը մոտ 20 մլն դրամ էր, կարող էր օգտվել լիզինգի պետական աջակցության ծրագրից, որի համար պետք է վճարեր 20% կանխավճար, այսինքն՝ 4 մլն դրամ։ Նոր փոփոխությունով այդ 4 մլն կանխավճարի 80%-ը՝ 3 մլն 2 հարյուր հազարը, ևս վճարում է պետությունը, հետևաբար քաղաքացուն շարժական սպանդանոց գնելու համար սկզբում պետք է 800 հազար դրամ։ Պետությունը տրամադրում է հստակ հասցեներ, որտեղ պետք է գործունեություն ծավալի սպանդանոցը։
Այս պահի դրությամբ Հայաստանում կա գրանցված 6 շարժական սպանդանոց։ Դրանք այն սպանդանոցներն են, որոնք կարող են գնալ գյուղացու մոտ և տեղում կատարել մորթը։ Սպանդանոցները նախատեսված են խոշոր եղջերավոր անասունների և խոզերի մորթի համար։
Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղում խոշոր եղջերավոր անասունների մորթի համար նախատեսված շարժական սպանդանոցի գործունեությունը ժամանակավորապես դադարեցված է։ Մեր զանգի ընթացքում նույն մարզում գտնվող 2 շարժական սպանդանոցի ներկայացուցիչներ՝ մեկը Փարաքարում գտնվող, մյուսը՝ Խոյ համայնքում, նշեցին, որ շատ հեռու չեն կարող գնալ, որոնցից մեկը՝ Խոյ համայնքինը, պատճառաբանեց, որ մեքենան փոքր է և ժամային գրաֆիկը ծանրաբեռնված է, բայց եթե թեթև էլ լինի, չի գնա։ Միայն Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի՝ Հանրապետության փողոցում գտնվողն ասաց, որ կգնա և կիրականացնի մորթը։
Քա՞նի սպանդանոց կա Հայաստանում
Ըստ ՍԱՏՄ-ի՝ Հայաստանում հիմա խոշոր եղջերավոր անասունների, խոզերի, այծերի և ոչխարների մորթի համար նախատեսված 122 սպանդանոց կա, սակայն դրանցից ոչ բոլորն են գործում։ 62-ը նախատեսված է սեփական տնտեսության անասունների մորթի համար, այսինքն` ներտնտեսային են, և գյուղացին այնտեղ չի կարող իր անասուններին մորթել։ Որպեսզի պարզենք՝ քանիսն են չգործող կամ ծառայություն մատուցող, փորձել ենք ստուգել ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի պաշտոնական կայքում, այնուհետև զանգահարել ենք սպանդանոցներ։ Մեր հարցումներից պարզեցինք, որ դրանց 30-ը, ներառյալ սեփական տնտեսության համար նախատեսված սպանդանոցները, ներկա պահին, տարբեր պատճառներով, չի գործում։ Ընդհանուր թվից հանելով չգործող սպանդանոցները ու սեփական տնտեսության համար նախատեսվածները՝ ստացվում է, որ գյուղացիների համար ներկա պահին գործում է 53 սպանդանոց։ Դրանցից մեկն էլ` Կոտայքի մարզի Արամուս գյուղում, մեզ հետ զրույցում նշեց, որ տվյալ պահին չեն աշխատում, քանի որ կենդանիների շրջանում հիվանդություններ են տարածված։
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն իր հարցազրույցի ժամանակ նշել էր, որ Հայաստանում ամենաքիչը պետք է լինի 100 սպանդանոց, որպեսզի մորթի նվազագույն պահանջները բավարարվեն։ Հիմա այդ նվազագույնի կեսն է գործում, միևնույն ժամանակ բակային մորթ անողները շարունակում են տուգանվել մինչև 300.000 դրամով։
Սպանդանոցային համակարգը Հայաստանում շարունակում է մնալ անկատար։ Գյուղերում, սահմանամերձ համայնքներում մորթի ծառայությունից օգտվել հնարավոր չէ առանց մեծ ծախսերի։ Որոշումը գյուղացու վրա է. կա’մ չզբաղվել անասնապահությամբ, կա’մ հարմարվել պայմաններին։ Միևնույն ժամանակ, սպանդանոցային մորթը կարևոր քայլ է մսի որակի և անվտանգության բարելավման ուղղությամբ։ Այն նվազեցնում է կենդանիներից մարդկանց փոխանցվող հիվանդությունների ռիսկը։ Սակայն, այդ մոդելի լիարժեք ներդրման համար անհրաժեշտ է ոչ միայն համապատասխան ենթակառուցվածքների առկայություն, այլ նաև վերահսկողություն։
Մեկնաբանել