HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նոր նշանակումներ՝ ՀԷՑ ղեկավար կազմում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հաստատած իրավական ակտերի հիման վրա իրականացվել են մի շարք կադրային փոփոխություններ ընկերության բարձրաստիճան պաշտոնյաների կազմում: Այս մասին հայտնում է «ՀԷՑ» ՓԲԸ Հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի բաժինը։

  • Մասնավորապես՝
  • «ՀԷՑ» ՓԲԸ-ի Գլխավոր տնօրենի տեղակալ, Իրացման տնօրեն է նշանակվել՝ Լևոն Օհանեսյանը (պետական կառավարման համակարգի և մասնավոր ոլորտներում շուրջ 25 տարվա մասնագիտական փորձ)։
  • «ՀԷՑ» ՓԲԸ-ի Գլխավոր տնօրենի տեղակալ, Էկոնոմիկայի և ֆինանսների տնօրեն է նշանակվել՝ Արմեն Շահնազարյանը (պետական կառավարման համակարգի ֆինանսական և մասնավոր ոլորտներում շուրջ 25 տարվա մասնագիտական փորձ)։
  • «ՀԷՑ» ՓԲԸ-ի Գլխավոր տնօրենի տեղակալ, Անվտանգության և վերահսկողության տնօրեն է նշանակվել՝ Դավիթ Սարգսյանը (պետական կառավարման համակարգի և անվտանգային ոլորտներում շուրջ 25 տարվա մասնագիտական փորձ)։
  • «ՀԷՑ» ՓԲԸ-ի Իրացման տնօրենի տեղակալ, Երևան քաղաքի էներգաիրացման սպասարկման տնօրեն է նշանակվել՝ Արման Սմբատյանը (պետական կառավարման համակարգի և մասնավոր ոլորտներում շուրջ 20 տարվա մասնագիտական փորձ):

Ըստ հաղորդագրության՝ «ՀԷՑ» ՓԲԸ-ի ժամանակավոր կառավարչի լիազորությունների ժամկետներում վերջինիս կողմից իրականացվելիք գործողությունների նպատակներն են՝

  • Միտումնավոր եղանակով էներգետիկ ճգնաժամի ստեղծման ռիսկերի կանխարգելումը,
  • Հանրային կարգի ապահովումը, պետական անվտանգությանը սպառնացող հնարավոր ռիսկերի վերացումը,
  • ՀԷՑ-ում տեղի ունեցած չարաշահումների քողարկման բացառումը և հետագա չարաշահումների կանխարգելումը:

Հիշեցնենք, որ  2025թ. հուլիսի 1-ին Ազգային ժողովն արտահերթ նիստում ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում և «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագծերը, որոնցով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին նոր լծակներ տրվեցին՝ վարչական վարույթ հարուցելու, երբ առերևույթ հիմնավորվում է, որ վտանգվում է Էներգետիկայի բնագավառի բաղկացուցիչ համակարգի անվտանգությունը կամ հուսալիությունը, հավանական խախտումը հանգեցնում է սպառողների իրավունքների կամ օրինական շահերի խախտման կամ լիցենզիայի պայմանների կոպիտ խախտման։

«Էներգետիկայի մասին» օրենքում էլ ավելացվեց կանխարգելիչ միջոցների մասին նոր հոդված։ Օրինակ՝ ՀԾԿՀ նախագահը կարող է կայացնել վարույթ հարուցելու և կանխարգելիչ միջոցառումներ կիրառելու մասին որոշում։

Թեև նշված փաթեթում որևէ կերպ չէր շոշափվում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի  անունը, սակայն ընդդիմադիր պատգամավորներն ու փորձագետների մի մասը համոզված են՝ այս օրենսդրական փոփոխություններն ուղղված են ՀԷՑ-ը ներկա սեփականատերերի «ձեռքից վերցնելուն» և պետականացնելուն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter