HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ՌԴ-ն Հայաստանին իր մտահոգությունն է հայտնել ԵԱՏՄ օրակարգի որոշ թեմաների շուրջ. Օվերչուկ

Մոսկվան Երևանի հետ քննարկում է Եվրասիական տնտեսական միությունում փոխգործակցությունը և մտահոգություն հայտնում որոշ հարցերի շուրջ: Այդ մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ պատասխանելով Եվրամիությանը Հայաստանի անդամակցության հեռանկարների մասին լրագրողների հարցին։

«Այստեղ խոսքը ԵՄ-ին անդամակցելու՝ Փաշինյանի անփոփոխ ցանկության մասին չէ։ Մենք, իհարկե, քննարկում ենք ԵԱՏՄ շրջանակներում փոխգործակցության հարցերը։ Եվ այս տեսանկյունից մենք ուշադրություն ենք դարձնում, թե ինչ որոշումներ են կայացվում Հայաստանի կողմից նորմատիվ-իրավական ոլորտում։ Կառավարության որոշ ակտեր կան, որոնք մեզ մոտ հարցեր են առաջացնում»,- ընդգծել է ռուսաստանցի պաշտոնյան։

Օվերչուկը հստակեցրել է, որ խոսքը, մասնավորապես, վերաբերում է ապրանքների սերտիֆիկացման հարցերին։ «Խոսքը Եվրամիության, Ամերիկայի Միացյալ Նահանգների և այլ երկրների ստանդարտներին համապատասխան սերտիֆիկացված սննդամթերքի թույլտվության մասին է, որոնք չեն համապատասխանում Եվրասիական տնտեսական միության սերտիֆիկացմանը: Մենք, իհարկե, մտահոգություններ ենք հայտնում նման հարցերի վերաբերյալ»,- հավելել է նա։

Անդրադառնալով այսօր Ալթայում կայացած Փաշինյան-Միշուստին հանդիպմանը՝ Օվերչուկն ասել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են նաև առևտրատնտեսական համագործակցության հարցերը։ Նրա խոսքով՝ Մոսկվային անհանգստացնում է Երևանի հետ առևտրաշրջանառության կրճատումը։

«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կանգ առանք առևտրատնտեսական համագործակցության զարգացման հարցերի վրա։ Իհարկե, մեզ մտահոգում է երկու երկրների միջև ապրանքաշրջանառության կրճատումը։ Մենք քննարկել ենք, թե ինչ պետք է անել, որպեսզի իրավիճակը կարգավորվի»,- թեման շարունակել է Օվերչուկը՝ հավելելով, որ քննարկման հարցերի թվում եղել է նաև Հայաստանում ռուսական ներդրումների թեման։

Բացի այդ, ըստ Օվերչուկի, հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև Հարավային Կովկասում առկա իրավիճակին։ «Քննարկվել են Հարավային Կովկասի օրակարգին վերաբերող հարցեր: Եվ ընդհանուր առմամբ զրույցը շատ օգտակար էր»,- ասել է նա։

Ռուսաստանցի պաշտոնյան նաև հայտարարել է, որ հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանը հաստատել է Երևանը շահագրգռվածությունը՝ շարունակել համագործակցությունը Եվրասիական տնտեսական միության շրջանակում։ «Ընդհանուր առմամբ, Հայաստանը, և այսօր դա նույնպես քննարկվել է, տրամադրված է շարունակել աշխատանքը Եվրասիական տնտեսական միությունում»,- եզրափակել է ՌԴ փոխվարչապետը։

Լուսանկարը՝ Sputnik / Сергей Гунеев

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter