
«Արդշինբանկը» ցանկանում է ձեռք բերել նաեւ HSBC Bank Malta-ն. հայտնի են մանրամասները
«Արդշինբանկի» վարչության նախագահի տեղակալ Դավիթ Սարգսյանը Times of Malta լրատվամիջոցի հետ զրույցում հաստատել է, որ հայկական բանկը HSBC Bank Malta-ն ձեռք բերելու առաջարկ է ներկայացրել: Սարգսյանը նաեւ նշել է, որ եթե գործարքը հաջողվի, «Ադրշինբանկը» մտադիր է վերակենդանացնել Mid-Med Bank ապրանքանիշը եւ օգտագործել Մալթան որպես «հաբ» (անգլ.՝ hub, հանգույց)՝ Եվրոպայում ընդլայնվելու համար:
Սարգսյանը, որը 2008-2013 թթ. ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարն էր, իսկ 2013-2014 թթ.՝ ֆինանսների նախարարը, 2014-ին մտել է «Արդշինբանկի» համակարգ: 2014-2022-ին նա բանկի ֆինանսական տնօրենն էր, իսկ 2022-ի նոյեմբերից վարչության նախագահի տեղակալն է եւ ներդրումային բիզնեսի տնօրենը:
Times of Malta-ի հետ զրույցում նա հերքել է այն, որ «Արդշինբանկի» սեփականատեր, միլիարդատեր Կարեն Սաֆարյանը ներկայում ռուսական բիզնես շահեր ունի, փոխարենը նշել է, որ հայկական բանկի հետաքրքրությունը Մալթայի նկատմամբ պայմանավորված է Հայաստանի՝ Արեւմուտքի կողմ թեքվելու քաղաքականությամբ:
Ըստ Դ. Սարգսյանի՝ «Արդշինբանկի» հնարավոր հաստատումը Մալթայում արտացոլում է Հայաստանի մեծ ջանքերը՝ դեպի Արեւմուտք նայելու օգտին խզելու Ռուսաստանի հետ երկարատեւ կապերը։ Հայկական բանկի ներկայացուցչի փոխանցմամբ՝ սա «աշխարհաքաղաքական տեղաշարժ է՝ հեռանալով Ռուսաստանից եւ շարժվելով դեպի Արեւմուտք»։
Մալթայական պարբերականը նկատում է, որ Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները լարվել են 2022-2023 թթ.: Ըստ լրատվամիջոցի՝ 2022 թվականից հետո «Արդշինբանկը» եւս հայտնվել է մի իրավիճակում, երբ, ինչպես Դ. Սարգսյանն է բնութագրել, ստիպված էին իրենց բիզնեսը վարել համաշխարհային կանոնների, հատկապես՝ ֆինանսական հաստատությունների համար առկա կանոնների համաձայն: Սարգսյանի տեղեկացմամբ՝ իրենք ԵՄ-ն սկսել են ուսումնասիրել 2 տարի առաջ՝ դիտարկելով Եվրամիության տարբեր երկրներ: 2023-ի վերջին ընտրությունը կանգ է առել Մալթայի վրա, ինչը պայմանավորված է մյուսների համեմատ պակաս բյուրոկրատիայով: Սակայն, ըստ Դ. Սարգսյանի, եղել են նաեւ մի քանի այլ պատճառներ, թե ինչու է Մալթան գրավիչ. դրանց թվում են «թափանցիկության եւ կառավարման շատ բարձր չափանիշները, կարգավորող մարմինը շատ արդիական եւ ժամանակակից է, խաղի բոլոր կանոնները թափանցիկ ու հասկանալի են»։
Times of Malta-ն նշում է նաեւ, որ «Արդշինբանկի» հնարավոր մուտքը Մալթա չի լինի Հայաստանի եւ այդ երկրի բանկային համակարգերի առաջին առնչությունը: Մասնավորապես՝ 2024-ին, երբ HSBC Bank Armenia-ն վաճառվում էր «Արդշինբանկին», առաջինի տնօրենների խորհուրդը գլխավորում էր Էնդրյու Բինը (Andrew Beane), որը HSBC Bank Malta-ի նախկին գործադիր ղեկավարն էր: Մյուս կողմից՝ այդ նույն ժամանակ HSBC Bank Armenia-ի գլխավոր գործադիր տնօրեն Իրինա Սեյլանյանը եղել է HSBC Bank Malta-ի համաշխարհային շուկաների բաժնի ղեկավարը:
HSBC Bank Malta-ից բացի՝ «Արդշինբանկը» եւս երկու տարբերակ է դիտարկել Մալթայում, սակայն երբ 2024-ի սեպտեմբերին HSBC-ն հայտարարել է իր մալթայական մասնաճյուղը վաճառելու ծրագրերի մասին, հայկական բանկը մտել է գործընթացի մեջ:
Դավիթ Սարգսյանը լավատես է, որ «Արդշինբանկը» ձեռք կբերի մալթայական բանկը՝ հաշվի առնելով, որ անցյալ տարի այն գնել է նաեւ HSBC-ի հայկական մասնաճյուղը:
Ըստ հայկական բանկի ներկայացուցչի՝ իրենք հասկանում են վաճառող կողմի առաջնահերթություններն, ու թե ինչն է կարեւոր նրանց համար: Սարգսյանը նաեւ ընդգծել է, որ HSBC Bank Armenia-ից «Արդշինբանկ» անցումը զարմանալիորեն սահուն է եղել եւ իրականացվել է 9 ամսում։ Ըստ նրա՝ «Արդշինբանկն» իր անվան դիմաց «պլյուսներ» ունի, ինչի համար էլ բավական վստահ է այս գործընթացում:
«Մենք երկարատեւ ներդրողներ ենք, իսկ դա նշանակում է, որ չենք պատրաստվում գնել ու պասիվ պահել: Մենք այն մարդիկ չենք, որ ձեռք բերենք, իսկ 5, 7 կամ նույնիսկ 10 տարի հետո վաճառենք»,- ասել է «Արդշինբանկի» վարչության նախագահի տեղակալ Դավիթ Սարգսյանը:
Նա նաեւ հայտնել է, որ HSBC Bank Malta-ն ձեռք բերելուց հետո առաջին հերթին ցանկանում են վերադարձնել դրա նախկին ապրանքանիշը՝ Mid-Med Bank-ը (1991-ին Մալթայի կառավարությունն այս բանկում ունեցած իր բաժնետոմսերն օտարել էր բրիտանական Midland Bank-ին, որն ավելի ուշ դարձել էր HSBC):
Վերջնարդյունքում «Արդշինբանկը» ցանկանում է Մալթան օգտագործել որպես ելակետ՝ հետագայում Եվրոպայում իր գործունեությունն ընդլայնելու համար։ HSBC Bank Malta-ի ձեռքբերումն «Արդշինբանկի» առաջին քայլն է Հայաստանից դուրս։
Ըստ Դավիթ Սարգսյանի՝ իրենք ցանկանում են, օգտագործելով Մալթան որպես «հաբ», ԵՄ մտնել միգուցե 3-5 տարի հետո: Նա նաեւ նշել է, թե բանկի բաժնետերերը կարող են վստահ լինել, որ «Արդշինբանկն» այն գնելուց հետո չի հանի բորսայի ցուցակումից:
Times of Malta-ն նկատում է, որ Մալթայի բանկային ոլորտի մասնագետների շրջանում մտահոգություն էր ծագել տեղական բանկը ձեռք բերելու գործընթացում «Արդշինբանկի» մասնակցության վերաբերյալ՝ հաշվի առնելով դրա սեփականատեր, միլիարդատեր Կարեն Սաֆարյանի խորը կապերը ռուսական բիզնեսի հետ: Այդուհանդերձ, Դավիթ Սարգսյանը հերքել է պնդումները, թե Սաֆարյանը դեռ գործարար կապեր ունի Ռուսաստանում:
Նա նշել է, որ Սաֆարյանը Ռուսաստանում շատ ակտիվ է եղել 1990-ականների վերջին եւ 2000-ականների սկզբին, բայց 2007-ից սկսած աստիճանաբար հրաժարվել է ռուսական բիզնեսներից։
Այս ինֆորմացիան ներկայացված է նաեւ «Արդշինբանկի» պաշտոնական կայքում: Կ. Սաֆարյանի կենսագրության մեջ, մասնավորապես, ասվում է. «Մինչեւ 1994 թ. նա աշխատել է Հայաստանի տարբեր արդյունաբերական կազմակերպություններում որպես ինժեներ։ Հետագայում տեղափոխվել է Ռուսաստան, ուր սկսել է ձեռներեցի իր կարիերան: Արդեն 2000-ականների սկզբին Կարեն Սաֆարյանն ուներ մի քանի տասնյակ բիզնեսներ Ռուսաստանում ու Հայաստանում։ Բացի բանկային բիզնեսից՝ այդ ժամանակահատվածում Սաֆարյանի բիզնես հետաքրքրությունները հիմնականում վերաբերում էին արդյունաբերական ու շինարարական ոլորտներին։ Թերեւս ամենանշանակալի շինարարական նախագծերից են եղել Երեւանում Կառավարության թիվ 3 ու Երեւանի քաղաքապետարանի շենքերի կառուցումը։ 2007 թ.-ից հետո Կարեն Սաֆարյանը փոխել է իր բիզնես հետաքրքրությունների շրջանակն ու աստիճանաբար դուրս եկել Ռուսաստանի շուկայից։ Զուգահեռաբար, հատկապես 2008 թ. ճգնաժամից հետո, նա նաեւ դադարեցրել է շինարարության ու արդյունաբերական ոլորտներում իր նախագծերը։ Սկսած 2019 թ.-ից Կարեն Սաֆարյանի ամբողջ բիզնես գործունեությունը կենտրոնացված է Հայաստանում՝ ֆինանսական ոլորտում»։
«2019 թվականին նա այնտեղ գրեթե ոչինչ չուներ»,- Սաֆարյանի վերաբերյալ Times of Malta-ին ասել է Դավիթ Սարգսյանը։ «Նրա զուտ կարողությունը գերազանցում է 1 մլրդ եվրոն, բայց 2022 թ. պատերազմի ժամանակ Ռուսաստանում նրա բոլոր ակտիվները կազմել են ընդամենը մոտ 10 միլիոն եվրո»։
Ռուս-ուկրաինական պատերազմից հետո, ըստ Սարգսյանի, Կարեն Սաֆարյանը շարունակել է հրաժարվել իր ռուսական ակտիվներից: Ըստ այդմ՝ ներկայում «Արդշինբանկի» սեփականատերն ընդամենը 2 ակտիվ ունի Ռուսաստանում՝ 1-ական բնակարան Մոսկվայում եւ Նիժնի Նովգորոդում: Միաժամանակ Սարգսյանը նկատել է, որ «Արդշինբանկը» երբեւէ գործունեություն չի ծավալել Ռուսաստանում, իսկ Սաֆարյանի հայկական ու ռուսական բիզնեսների միջեւ որեւէ ինտեգրացիա կամ կապ չի եղել:
Անդրադառնալով արեւմտյան պատժամիջոցների տակ հայտնված «Առէքսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» բանկի ձեռքբերմանը 2016 թ. «Արդշինբանկի» կողմից՝ Դավիթ Սարգսյանը մալթայական լրատվամիջոցին հայտնել է, որ միջազգային եւ ամերիկյան գործընկերների հետ համագործակցությամբ ուսումնասիրություններ եւ ստուգումներ անելիս այդ հարցը երբեւէ չի բարձրացվել: Մյուս կողմից՝ նա պնդել է, որ «Արդշինբանկը» չպետք է պատժվի 2016-ին իրականացված գործարքի համար, երբ «մինչեւ վերջերս ամբողջ աշխարհը, այդ թվում՝ եվրոպական երկրները, վճարում էին» ռուսական գազի համար։
Նա նաև հերքել է «կեղծ ենթադրությունները» առ այն, որ «Արդշինբանկի» հաշվեկշիռը ակնարկում է որեւէ կասկածելի ռուսական գործարքի մասին։ Ըստ Times of Malta-ի՝ Հայաստանի բանկային ոլորտի վերաբերյալ KPMG ընկերության 2024 թ. զեկույցը ցույց է տալիս, որ չնայած «Արդշինբանկը» շատ չափանիշներով երկրի առաջատար բանկն է, այդ թվում՝ շահութաբերությամբ, այդուհանդերձ, դրա վարկային պորտֆելը համեմատաբար փոքր է։
Այս հանգամանքը վարչության նախագահի տեղակալ Դ. Սարգսյանը մեկնաբանել է այսպես՝ սա «բացարձակապես հաշվեկշռի կառավարման հարց է», բացի դրանից՝ նա նշել է, որ վերջին ամիսներին բանկը մեծացնում է իր վարկային պորտֆելը։
Սարգսյանը նաեւ հաստատել է, որ HSBC Bank Malta-ի ձեռքբերման գործարքը գլուխ բերելու համար «Արդշինբանկը» իբրեւ խորհրդատու վարձել է Մագեդ Լատիֆին (Maged Latif), որը նախկինում եղել է HSBC-ի միավորումների եւ գնումների բաժնի ղեկավարը, իսկ հիմա լոնդոնյան հայտնի Lafit & Company ներդրումային ընկերության սեփականատերն է: Միաժամանակ Դ. Սարգսյանը հերքել է շահերի բախման հանգամանքն այս իրավիճակում՝ հավելելով, որ Lafit & Company-ն խորհրդատվություն է տրամադրում տարբեր գործարքների վերաբերյալ, եւ եթե շահերի բախում լիներ, «այն կկանգնեցվեր առաջին իսկ օրը»:
Ի վերջո, «Արդշինբանկի» վարչության նախագահի տեղակալը մալթայական բանկի ձեռքբերման գործարքը բնութագրել է իբրեւ շատ կարեւոր իրենց համար: Ըստ նրա՝ եթե խոշոր բանկերի համար HSBC Bank Malta-ի գործարքը կարող է լինել «իրենց գործառնություններից ընդամենը մեկը», ապա հայկական բանկի համար ամեն ինչ այլ կլինի։ «Մենք ավելի շատ ջանք եւ ժամանակ կհատկացնենք դրան, քան մյուսները,- ասել է Դ. Սարգսյանն ու հավելել,- մենք մեր ռեսուրսների սահմաններում ամեն ինչ կանենք, որպեսզի հաջողության հասնենք»։
Առաջին լուսանկարում՝ HSBC Bank Malta-ի շենքը Մալթայի մայրաքաղաք Վալետայում (Frank Vincentz, commons.wikimedia.org)
Մեկնաբանել