
ԲԴԽ-ն դարձյալ խախտել է դատավոր Դավիթ Հարությունյանի իրավունքը. ՍԴ
Սահմանադրական դատարանը (ՍԴ) 2025թ. հուլիսի 29-ին որոշում է կայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի գործով: ՍԴ-ն, ըստ էության, արձանագրել է, որ Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) դարձյալ խախտել է Դ. Հարությունյանի իրավունքները՝ նոր հանգամանքի հիմքով չվերանայելով դատավորի լիազորությունները դադարեցնելու որոշումը: Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու որոշումը վերացնելը և նոր որոշում կայացնելը պարտադիր լիազորություն է, ԲԴԽ-ն չի կարող այն հայեցողական կիրառել, եթե վերանայելու որոշում կայացրել է ՍԴ-ն:
Հիշեցնենք, որ Արդարադատության նախարարի մամուլի քարտուղարը 2023թ. ապրիլի 14-ին Արդարադատության նախարարի պարտականությունները կատարողին զեկուցագիր է ներկայացրել՝ զանգվածային լրատվության միջոցի հրապարակման առիթով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու 4 հիմքերի ուսումնասիրություն իրականացնելու անհրաժեշտությունը դիտարկելու վերաբերյալ: Դատավորի նկատմամբ հարուցվել էր կարգապահական վարույթ:
2023թ. մայիսի 24-ին նախարարի պարտականությունները կատարող Լևոն Բալյանը միջնորդություն էր ներկայացվել ԲԴԽ՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:
ԲԴԽ-ում գործի քննության ժամանակ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը միջնորդություն է ներկայացրել՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործով դատական նիստը դռնփակ անցկացնելու մասին: Հիմնավորումը հետևյալն է. «Դատավորի կողմից թույլ տրված կարգապահական խախտումների բնույթն այնպիսին է, որ ուղղակիորեն վերաբերում է Դատավորի կողմից կատարված հրապարակային խոսքով դատական իշխանության հեղինակազրկմանը, որպես դատարան հանդես եկող Բարձրագույն դատական խորհրդի անկախությունը և իր կողմից կայացվող որոշումների օրինականությունը կասկածի տակ դնելուն: Այնինչ, Խորհրդի՝ Սահմանադրությամբ ամրագրված դատարանների և դատավորների անկախությունը ապահովելու գործառույթը ենթադրում է Խորհրդին վերապահված լիազորությունների շրջանակներում դատարանների և դատավորների անկախության երաշխավորմանը խոչընդոտող, դատական իշխանությունը հեղինակազրկող ցանկացած գործողության կանխում: Նշվածի հաշվառմամբ գտնում ենք, որ Դատավորի՝ նշված խոսքի տարածումը դատական կարգով գործի հրապարակային քննության շրջանակներում լրացուցիչ բացասական ազդեցություն կարող է ունենալ դատական իշխանության հեղինակության, անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահության պահպանման համատեքստում և դատական նիստի դռնփակ անցկացումը բխում է արդարադատության շահի պաշտպանության անհրաժեշտությունից»:
2023թ. հունիսի 19-ին հրավիրված դատական նիստին ԲԴԽ-ն որոշել է բավարարել միջնորդությունը և դատավորի կարգապահական պատասխանատվության հարցը քննել դռնփակ: Նիստերը դռնփակ անցկացնելուն դեմ էին թե՛ դատավոր Դավիթ Հարությունյանը, թե՛ նրա փաստաբանները: Վերջիններս պարբերաբար բարձրաձայնում էին, որ ԲԴԽ-ն խախտումներով է քննում գործը:
2023թ. հունիսի 26-ի դատական նիստին ԲԴԽ-ն դատավորի նկատմամբ կիրառել է «դատական նիստերի դահլիճից հեռացում» սանկցիան՝ շարունակելով գործի քննությունն առանց Դ. Հարությունյանի և նրա ներկայացուցիչների մասնակցության: ԲԴԽ-ն թույլ չի տվել, որ դատավորի ներկայացուցիչները մասնակցեն նիստին:
2023թ. հուլիսի 3-ին ԲԴԽ-ն որոշել է դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորություններն «էական կարգապահական խախտման հիմքով դադարեցնել»:
Հարկ է նշել, որ դատավորների կարգապահական գործերի քննության ժամանակ ԲԴԽ-ն հանդես է գալիս որպես դատարան։
Դավիթ Հարությունյանը դիմել է Սահմանադրական դատարան՝ հայտնելով, որ ԲԴԽ-ում իր գործը դռնփակ քննելու, ինչպես նաև՝ իրեն դահլիճից հեռացնելու հանգամանքներն ակնհայտ միջամտություն են Սահմանադրությամբ երաշխավորված իր իրավունքների, մասնավորապես՝ արդյունավետ դատական պաշտպանության ու արդար դատաքննության, մասնավոր ընտանեկան կյանքի ու բարի համբավի, ինչպես նաև՝ հանրային ծառայության անցնելու հիմնական իրավունքների նկատմամբ:
Սահմանադրական դատարանը, գրավոր ընթացակարգով քննելով դատավորի դիմումը, արձանագրել է, որ հրապարակայնության սկզբունքը կարող է սահմանափակվել միայն խիստ անհրաժեշտ և հատուկ հանգամանքների առկայությամբ: Դատական նիստի դռնփակ լինելը չպետք է քողարկող միջոց հանդիսանա «ստվերային արդարադատության» իրականացման համար։
ԲԴԽ-ն 2024թ. հոկտեմբերի 18-ին որոշել է չվերանայել «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ» իր կայաացրած որոշումը, որով դադարեցվել են դատավորի լիազորությունները։ Պատճառաբանությունն այն է, որ ՍԴ-ն ոչ թե Դ. Հարությունյանի լիազորությունների դադարեցման համար անմիջական հիմք հանդիսացող նորմերն է Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչել կամ Սահմանադրական դատարանի մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ կիրառված լինելու մասին արձանագրել, այլ անդրադարձել է նրա լսված չլինելու և գործի քննության հրապարակայնությանը:
ՍԴ-ն 2025թ. հուլիսի 29-ի որոշմամբ արձանագրել է, որ անթույլատրելի է Սահմանադրական դատարանի որոշումները հանրային իշխանության որևէ մարմնի կողմից «հայեցողության» պատրվակով անտեսելը կամ դրանք ընտրողաբար կատարելը:
«Տվյալ դեպքում Խորհուրդը պարտավոր է վերացնել իր համապատասխան որոշումը և կայացնել նոր որոշում՝ հաշվի առնելով, որ Խորհրդի որոշումները պետք է համահունչ լինեն Սահմանադրությանը և դրանում ամփոփված սահմանադրական արժեբանությանը. հակառակ պարագայում՝ Խորհրդի համապատասխան որոշման հիմքում կշարունակի մնալ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչված կամ Սահմանադրական դատարանի մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ կիրառված իրավական նորմը»,-նշված է ՍԴ որոշման մեջ:
ՍԴ-ն նշել է նաև, որ ԲԴԽ-ին վերապահված իրավունքի իրականացումը չի կարող մեկնաբանվել այնպես, որ հանգեցնի անձանց սահմանադրական իրավունքների և ազատությունների էության խաթարմանը կամ դրանց իրացման անհարկի սահմանափակմանը:
«Այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանի համապատասխան որոշումը հիմք է նոր հանգամանքով դատական ակտի վերանայման համար, Խորհուրդն օրենքով իրեն վերապահված պարտադիր լիազորությունը չի կարող մեկնաբանել որպես հայեցողական լիազորություն՝ սեփական հայեցողությամբ պայմանավորելով դրա իրականացումը։ Նման մեկնաբանությունը խաթարում է սահմանադրական կարգի հիմքերը, վտանգում է իրավունքի գերակայության, սահմանադրական վերահսկողության ինստիտուցիոնալ արդյունավետության ապահովումը՝ կասկածի տակ դնելով Սահմանադրական դատարանի որոշումների պարտադիր ուժի հիմնարար բնույթը»,-նշել է ՍԴ-ն:
Այս որոշմամբ ևս ՍԴ-ն հայտնել է, որ Դավիթ Հարությունյանի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման:
Դ. Հարությունյանը դիմել է նաև Եվրոպական դատարան, նրա գործը քննվելու է առաջնահերթության կարգով: Հենց այդ նպատակով ՄԻԵԴ-ը Հայաստանի կառավարությանն անհապաղ տեղեկացրել է Հարությունյանի գանգատի մասին:
Մեկնաբանել