Ճանճ՝ «Հին Ապարան» կաթի սերուցքում. ՍԱՏՄ-ն ստուգայց կկատարի ընկերության արտադրամաս
Երեկ՝ հուլիսի 31-ին, «Հետք»-ին է գրել Ադրինե Մինասյանը՝ ահազանգելով, որ «Հին Ապարանի» 50 տոկոս յուղայնությամբ և 200 գրամ զտաքաշով կաթի սերուցքի տուփում ճանճ է հայտնաբերել:
Ադրինե Մինասյանն ապրանքը գնել է Մամիկոնյանց 49 հասցեում գտնվող «Կարուսել» խանութից: Այն արտադրված է եղել հուլիսի 30-ին, գնել է նույն օրը՝ երեկոյան:
«Հուլիսի 30-ի երեկոյան գնեցի, հուլիսի 31-ի առավոտյան նախաճաշի համար բացեցինք ու տեսանք մեջը ճանճ է»,- մեզ հետ հեռախոսազրույցում հայտնեց Ադրինե Մինասյանը:
Նրա խոսքով՝ շուրջ մեկ ամիս առաջ նույն ապրանքանիշի կաթնաշոռն էր գնել ու բացելուց հետո՝ ամբողջը թափել:
«Ահավոր վատ համ ու հոտ ուներ, բայց ժամկետի մեջ էր: Սովորաբար, «Հին Ապարանի» ապրանքատեսակներից չեմ օգտվում, այս մեկն էլ ստիպված եմ գնել: Բայց սա հաստատ վերջին անգամն է, որ իրենց ապրանքատեսակներից որևէ բան եմ գնում, էլ երբեք որևէ ապրանք չեմ վերցնելու իրենցից»,- հավելեց նա:
Հուլիսի 14-ին ՍԱՏՄ-ն հայտնել էր, որ «Հին Ապարան» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Կոտայքի մարզ, Նաիրի համայնք) իրականացրել են ստուգայց, կատարել ապրանքնատեսակների նմուշառում ու հանձնել լաբորատոր հետազոտության: Փորձաքննության արդյունքներով մի շարք արտադրատեսակներ «ԱՑԽՄ» ցուցանիշով չեն համապատասխանել կանոնակարգերով սահմանված պահանջներին։ Արդյունքում կասեցվել էր կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը, և սահմանվել էր ժամկետ՝ խախտումները վերացնելու համար։ Համապատասխան խմբաքանակի իրացումն արգելվել էր, և տրվել էր շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագիր:
Բացի այդ, ավելի վաղ կասեցվել էր վերոնշյալ արտադրամասին պատկանող «Կարագ 82,5%» արտադրատեսակի նմուշը, որի կրկնակի վերահսկողության ընթացքում պարզվել է, որ խախտումները չեն վերացվել։
ՍԱՏՄ ստուգայցերի արդյունքում խախտում հայտնաբերված արտադրատեսակների մեջ կաթի սերուցքը չկար:
«Հին Ապարան» ընկերության տնօրենը մեզ հետ զրույցում մեկնաբանել է դեպքը՝ ասելով.
«Որտեղ որ մարդկային գործունեությունը կա, նման դեպքեր կարող են լինել: Ամառ է, հնարավոր է դեղի ազդեցությունը թույլ լինի, մի հատ էլ ճանճ մի արանքով մտնի: Սխալը մերն է, պատասխանատվությունն էլ է մերը»:
Տնօրենի խոսքով՝ ՍԱՏՄ-ից այց կամ զանգ դեռ չի եղել այս դեպքով: Իսկ ՍԱՏՄ-ից տեղեկացնում են, որ դեպքը գրանցել են ու նախատեսում են ստուգայց իրականացնել ընկերության արտադրամաս:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել