
Հաշմանդամություն ունեցող ընտանիքը փողոցում հայտնվելու վտանգի տակ է
69-ամյա Սերգեյ Խուդայանը կնոջ, երկու դուստրերի և թոռան հետ բնակվում է Մասիսի տարածաշրջանի Խաչփար գյուղում։ Սերգեյ Խուդայանը, կինը և աղջիկը 1-ին, 2-րդ և 3-րդ կարգի հաշմանդամներ են․ բոլորն էլ տեսողական խնդիրներ ունեն։ Սերգեյ Խուդայանի մյուս դուստրն էլ օնկոլոգիական հիվանդություն ունի, 7-ամյա որդու հետ բնակվում է հոր տանը։
Խուդայանների ընտանիքը փողոցում հայտնվելու վտանգի առաջ է․ տարիներ առաջ վերցրած վարկերի պատճառով նրանց տունը հանվել է աճուրդի և վաճառվել։ Օգոստոսի 4-ին Խուդայաններին վտարելու են իրենց տնից։
Սերգեյ Խուդայանը 2019 թվականին ցանկացել է գյուղատնտեսական վարկ վերցնել անասնագոմ սարքելու համար։ Սակայն, բանկերից մերժումներ ստանալով, իր միակ կացարանն է գրավադրել։
Կորոնավիրուսի համաճարակի պատճառով անասնագոմը սարքել չի ստացվել, իսկ վարկի գումարը ծախսվել է։ Ըստ նրա՝ բացի տան գրավով վարկից, ունեցել է նաև սպառողական վարկեր, այդ ընթացքում չի կարողացել կատարել մյուս վարկային պարտավորությունները, և բանկերը դիմել են Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն՝ գումարները բռնագանձելու պահանջով։ 2․5 տարի բռնագանձվել է Սերգեյ Խուդայանի աշխատավարձը` 50 տոկոսի չափով։
2021 թվականին Սերգեյ Խուդայանի տունը հանվել է աճուրդի, սակայն գնորդ չի հայտնվել։ 2022-ին երկրորդ անգամ է աճուրդ կազմակերպվել, այս անգամ գնորդ է հայտնվել, սակայն հրաժարվել է տունը գնելու մտադրությունից։
Ըստ Սերգեյ Խուդայանի՝ այդ դեպքերից հետո Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Արարատի և Վայոց ձորի մարզային բաժնում իրեն ուղղորդել են դիմել Սնանկության դատարան՝ վստահեցնելով, որ թե՛ աշխատավարձի բռնագանձման, թե՛ տան հետ կապված բոլոր հարցերը կլուծվեն։
Սերգեյ Խուդայանը ճանաչվել է սնանկ, ապա սնանկության գործով կառավարիչ Վահրամ Ապրեսյանը միջնորդնել է դատարանին, որ Խուդայանին պատկանող տունը աճուրդով վաճառի։ Սերգեյ Խուդայանն անակնկալի է եկել այս իրադարձություններից, քանի որ իրեն վստահեցրել էին՝ դատարան դիմելով՝ կազատվի բոլոր խնդիրներից։
Սերգեյ Խուդայանի տունը վաճառվել է 2025 թվականի հուլիսի 7-ին։ Նույն օրը գնորդը դիմել է ոստիկանություն, որ Խուդայանների ընտանիքին վտարեն տնից։ Ըստ Կադաստրի կոմիտեի՝ գնորդը 32-ամյա Վազգեն Միխայելի Հովհաննիսյանն է։ Ըտրողների պետական ռեգիստրի համաձայն՝ նա գրանցված է Արմավիր քաղաքում։ Խուդայանների պատմելով՝ Ոստիկանության տեսուչը հուլիսի 9-ին այցելել է իրենց, բանավոր հայտնել վտարման մասին և սպառնալիքներ հնչեցրել։
Սերգեյ Խուդայանն օգնության ակնկալիքով դիմել է մի շարք պատկան մարմինների, սակայն արձագանք չի ստացել։ Ըստ նրա՝ հանրային պաշտպան իրեն չեն տրամադրել, իսկ փաստաբանի ծառայության համար բավարար գումար չունի։
Թեև իրավական տեսանկյունից բողոքարկման բոլոր ժամկետներն անցել են, և այս գործընթացում Սերգեյ Խուդայանն ունի մեղքի իր բաժինը, սակայն հետևանքը չափազանց ծանր է․ հաշմանդամություն ունեցողներից բաղկացած ընտանիքը՝ 7-ամյա երեխայի հետ, օգոստոսի 4-ին կարող է հայտնվել փողոցում։
Մանրամասները՝ տեսանյութում՝
Մեկնաբանել