
Նախկին վարչապետի փեսան Ստեփանավան համայնքում նոր հէկ է կառուցելու. կհատվի 60 ծառ
Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի և Ուրասար բնակավայրի վարչական տարածքում «Ստեփձոր -1» ՍՊԸ-ն ուզում է կառուցել 4,2 ՄՎտ հզորության փոքր հիդրոէլեկտրակայան: Այդ նպատակի իրականացման համար ընկերությունը հատելու է 60 ծառ, փոխարենը խոստանում է տնկել 649 ծառ։
2023 թվականին հիմնադրված ընկերության սեփականատերը նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի դստեր` Նաիրա Սարգսյանի ամուսինն է` Հայկ Սուվարյանը: Չնայած նրան պատկանող մեկ այլ` «Հ.Հ.Ն.Մ.Ս.» ընկերության 2025թ. հունվարի` իրական շահառուների հայտարարագրում նշվում է, որ Հայկ Սուվարյանը «Յունիբանկ» ԲԲԸ-ի Ներքին աուդիտի տնօրենն է, բայց բանկի կայքից տեղեկանում ենք, որ 2022թ.-ից այդ պաշտոնին այլ անձ է նշանակված:
Հիշեցնենք, որ Հայկ Սուվարյանը նոր չէ փոքր հիդրոէլեկտրակայանների բիզնեսում: «Հետքը» տարիներ առաջ անդրադարձել էր Եղեգիս գետի վրա կառուցած «Գողթանիկ» հէկին, որը շահագործում է վերոնշյալ «Հ.Հ.Ն.Մ.Ս.» ՍՊԸ-ն: Այստեղ ևս Հայկ Սուվարյանը միանձնյա բաժնետեր է:
Հայկ Սուվարյանը մեկ այլ` «Ստեփձոր» ՍՊԸ-ի բաժնետերն է, որը Տաշիրում 2024 թվականից շահագործում է 990 կՎտ հզորությամբ «Տաշիր» հէկը:
Սրանցից բացի, Հայկ Սուվարյանի հայրը` Հրանտ Սուվարյանը, ով 2002-2020թթ. զբաղեցրել է Կենտրոնական բանկի Ֆինանսական վերահսկողության վարչության պետի պաշտոնը, իսկ այժմ «Հայէկոնոմբանկի» խորհրդի նախագահի տեղակալն է և աուդիտի հանձնաժողովի նախագահը, 15% մասնակցություն ունի նաև Վայոց ձորի մարզում 2013 թվականից գործող «Եղեգիս-2» հէկում, որը շահագործում է «Ռաել Գէս» ՍՊԸ-ն:
«Ստեփձոր -1» ՍՊԸ-ն շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման է ներկայացրել նոր հէկի կառուցման նախագիծը, որտեղ հստակ նշվում է, որ փհէկի շենքի տարածքը խոտածածկ է, կան ծառաթփեր, 60 ծառ, որից 35-36-ը մեծ ծառեր են՝ 20 տարեկան և ավելի հասակով։ Կան նաև հատուկենտ սոճիներ, բոխի, եղևնի և այլ տեսակներ, ինչպես նաև մասրենիներ, մոշ, չիչխան և այլ թփատեսակներ։ Ծառերը հատվելու են, դրանց դիմաց ընկերությունը համայնքապետարանի տրամադրած տարածքներում խոստանում է տնկել 649 հատ ծառ։
Հատման ենթակա են`
- Ուռենի` 53 հատ
- Հացենի` 2 հատ
- Ակացիա` 1 հատ
- Վայրի խնձորենի`2 հատ
- Վայրի տանձենի` 1 հատ
- Սալորենի` 1 հատ։
Ստեփանավանի համայնքապետարանն արդեն իսկ համաձայնություն է տվել ծառերի հատմանը և նոր ծառատեսակների տնկմանը։
Հէկը սնվելու է Ձորագետի Չքնաղ վտակից: Գլխամասի տեղադրման տարածքում բացակայում են ծառերը, տարածքը խոտածածկ է։
Հէկի խողովակաշարի երկարությունը 7550 մ է լինելու: Խողովակաշարն անցնելու է Չքնաղ գետի ափով՝ մոտ 3 մ հեռավորության վրա և չի վնասելու գետի ափին աճած ծառերը։
«Տարածքն արդեն ենթարկվել է մարդու գործունեության ազդեցությանը, քանի որ մոտ 15 մ հեռավորության վրա գտնվում է այլ գործող հիդրոէլեկտրակայան։ Խողովակաշարի անցկացման տարածքներում՝ գետի ափին, կան ծառեր, բայց նախագծային լուծումները տրված են այնպես, որ ծառերը չվնասվեն։ Խողովակաշարն անցնելու է գետի ափից մոտ 3մ հեռավորության վրա, որտեղ բացակայում են ծառերը»,- նկարագրված է ՇՄԱԳ նախագծում։
Համաձայն Կադաստրի անշարժ գույքի վկայականի` Ստեփանավան քաղաքի տարածքում ընկերությանը տրամադրվել է 0,25 հա ջրային հող, հողամասի կառուցապատման իրավունքով։ Ուրասար բնակավայրի տարածքում տրամադրվել է 0,4 հա, հողի նպատակային նշանակությունը գյուղատնտեսական է, գործառնական նշանակությունը կամ հողատեսքը՝ արոտավայր։ Գրանցված իրավունքի տեսակը՝ վարձակալություն։
Ընկերությունը դիմել է հողի նպատակային նշանակությունը փոխելու համար։
Միջին տարեկան արտադրվող էլեկտրաէներգիայի քանակը` 17,74 մլն կՎտժ:
Համաձայն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տվյալների` Չքնաղ գետի վրա արդեն իսկ գործում է երկու հէկ: «Ստեկէներգո» ՓԲԸ-ն 2016 թվականից շահագործում է 743,0 կՎտ հզորության «Սահակյան ՓՀԷԿ-1»-ը Չքնաղ գետ և ձախակողմյան վտակի վրա, իսկ «Ստեկէներգո»-ի նույն բաժնետերերին փոխկապակցված «Էներգոստիլ» ՓԲԸ-ն 2018 թվականից շահագործում է 2 434 կՎտ հզորության «Սահակյան ՓՀԷԿ-2»-ը` Չքնաղ գետի աջ ափին:
2025թ. օգոստոսի 15-ին՝ ժամը 11:30-ին, Ստեփանավանի համայնքապետարանում, այնուհետև նույն օրը՝ ժամը 13:00-ին, Ստեփանավան համայնքի Ուրասար վարչական բնակավայրում կկայանա «Ստեփձոր 1 » ՍՊԸ-ի ներկայացրած «Չքնաղ-1» ՓՀԷԿ կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ երկրորդ հանրային լսումը: Առաջին հանրային լսմանը համայնքն արդեն իսկ իր նախնական համաձայնությունը տվել է:
Լուսանկարները՝ ՇՄԱԳ նախագծից, Հայկ Սուվարյանի լուսանկարը՝ yelaket.am-ից
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել