HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հիմա Երեւանում խոհարարություն եմ սովորում, որ կարողանամ ինքս պահել իմ երեխաներին»,- ասում է արցախցի 7 անչափահասների մայրը

Մարատը թավան դնում է գազօջախին, սառնարանից հանում է կոտլետները, որ տապակի։ Մայրը հացը նոր է գնել ու կախել դռան մոտից։ Մարատը լուռ է։ Հարցերին պատասխանում է կտրուկ։ 7 երեխաներից ավագն է, արդեն 18 տարեկան։ Մայրը՝ Կարինեն, նոր էր վերադարձել խոհարարության դասընթացից։

Երկուսով արցախիցների համար նույն ծրագրին են մասնակցում. մայրը խոհարարություն է ընտրել, Մարատը՝ վարսավիրություն։ Մեկ ամսից երկուսն էլ կավարտեն դասերը։ Մասիսի գեղեցկության սրահներից մեկում Մարատին աշխատանք են խոստացել։

-Մարատը բանակ է ուզում գնա,- ասում է մայրը, հետո նայում է խոհանոցից հյուրասենյակ բացվող փոքր պատուհանին, որտեղից երեւում է որդին։

-Իսկ ծանուցում արդեն ստացե՞լ ես,- հարցնում ենք Մարատին։

-Չէ, ոչ մի թուղթ չի եկել։ Հայաստանի քաղաքացիություն չունի,- պատասխանում է մայրը։

-Իսկ ինչի՞ ես ուզում ծառայել։

-Իսկ ինչի՞ պիտի չծառայեմ,- պատասխանում է Մարատն ու ժպտում։ Սա մեր զրույցի միակ պահն էր, որ նա ժպտաց, հետո նորից լուռ ու ինքնամփոփ դարձավ։

Կարինե Ենիկալոպյանը 37 տարեկան է։ Շուշիի ազատագրումից հետո ընտանիքով ապրում էին այնտեղ։ Շուշիում էլ ամուսնացել էր հարեւանի որդու՝ Սամվել Համբարձումյանի հետ։ 2020-ին Շուշին կորցնելուց հետո Ստեփանակերտում էին հաստատվել։ Ամուսինը պայմանագրային զինծառայող էր։ 2005-ից մինչեւ 2020 թ․ պատերազմի ավարտը ծառայում էր Ասկերանի զորամասում։ Շուշիում տունը կորցնելուց հետո Սամվելը վարձով տուն էր փնտրում Ստեփանակերտում։ Կինն ասում է, որ ամուսնուն ծառայությունից ազատել էին բացակայելու պատճառաբանությամբ։

Սամվելի ու Կարինեի 7 երեխաները ծնվել են Արցախում։ Ամենակրտսերն Անգելինան է։ Մեկ ամսական էր, երբ Արցախից ընտանիքի հետ բռնի տեղահանվել է։

2023 թ․ սեպտեմբերի 27-ի գիշերը Կարինեն լավ է հիշում։ Արցախից Հայաստան եկող ավտոբուսին էին սպասում. մի կողմից՝ հիվանդ ամուսինը, մյուս կողմից՝ մեկ ամսական աղջիկն ու 6 անչափահաս երեխաները։ Ամուսնու առողջական վիճակը ծանր էր։

«Հույս չունեինք, որ կգանք: Ասեցին՝ եթե ավտոբուսնեը գան, գան, չէ՝ մնում եք Ղարաբաղում, վերջ: Օդանավակայանում էինք։ 100-ից քիչ մարդ էինք մնացել, բոլորը գնացել էին: Թուրքերն աերոպորտում էին, ասեցին՝ դե, էս մնացած հայերին էլ կմորթենք, ռուսն ասեց՝ չէ, մենք հեսա ավտոբուսը կբերենք, իրանց կհանենք։ Ռուսերեն էին խոսում»,- պատմում է 37-ամյա արցախցի կինը։

2022 թ․ «Էրեբունի» ԲԿ-ում Սամվելի մոտ ախտորոշվել էր տասներկումատնյա աղու քաղցկեղ։ Կարինեն պատմում է, որ նույն տարում «Աստղիկ» ԲԿ-ում նրան վիրահատել էին։ Դրանից հետո վերադարձել էին Արցախ։ Մեկ ամիս հետո ամուսինը վերականգնվել էր ու, կարծես, իրեն լավ էր զգում։ Բայց դա ընդամենը մի քանի ամսի էր տեւել։ Որոշվել էր, որ Սամվելն Արցախում քիմիաթերապիայի կուրս պետք է անցնի, սակայն ընտանիքը բուժման գումար չուներ։ Արցախից բռնագաղթելուց հետո Սամվելն «Աստղիկ» հիվանդանոցում 4 անգամ քիմիա է ստացել, ամեն մեկի համար 200 հազար դրամ են վճարել։ Կարինեն ասում է՝ բացի հիվանդասենյակից, ամեն ինչի համար վճարում էին։ Այդ ժամանակ Մասիսում անվճար էին ապրում, եւ «40+10» ծրագրով ստացած գումարներն ուղղում էին ամուսնու բուժմանը։

Ըստ Կարինեի՝ Արցախում գումար չունեին, որ ամուսինը Սամվելը բուժվեր։ Ու չնայած Երեւանում սկսել էր քիմիաթերապիա ստանալ, բժիշկներն ասել էին, որ շատ են ուշացրել, քաղցկեղն արագ տարածվել է։ 2024-ի հոկտեմբերի 29-ին Սամվելը մահացել է։ Նրան հուղարկավորել են Մասիսի գերեզմանատանը։

Հյուրասենյակի պատուհանի մոտ Սամվելի հուշանկյունն է՝ Արցախի դրոշը պատին փակցված։ 5-ամյա Կատարինան երբեմն մոտենում է հոր լուսանկարին ու մորը կանչում․ «Մամա, պապայիս եմ ուզում»։ Իսկ Անգելինային մեծերը կպատմեն հոր մասին։

-Իմ երազանքը միակն էր, որ արդեն չկա,- ասում է Կարինեն։ 2-ամյա Անգելինան նայում է մորն ու ժպտում ու, կարծես, սպասում մոր պատասխան ժպիտին։ Մայրը մռայլ է։ Հոգսերը նրան մեծացրել են։

«Ոչ մեկին ոչ մի բան չեմ ուզում ասել, որ բեռ չլինեմ։ Ինքս եմ անում։ Հիմա Երեւանում խոհարարություն եմ սովորում, որ կարողանամ ինքս պահել իմ երեխաներին»,- ասում է 37–ամյա կինը։

Անգելինան ոտաբոբիկ վազվզում է հյուրասենյակում։ Մարիամը գրկում է նրան, հետո երկուսով սկսում են խաղալ։ Նրանց աշխույժ ձայնը լցվում է հյուրասենյակում։

Կարինեն երեխաների հետ վարձով է բնակվում Մասիս քաղաքում։ Ամսական 100․000 դրամ վարձ են տալիս։ Ընտանիքն ապրում է ամուսնու հետմահու թոշակով, որը երեխաները կստանան մինչեւ չափահաս դառնալը, եւ սոցիալական նպաստով։ Այդ գումարից Կարինեն ամուսնու գերեզմանն է սարքում։

Հիմա նա մշտազբաղ է։ Պահարանին դրված է Կարինեի՝ վարսավիրության դասընթացի մասնակցության վկայականը։ Այս տարի է ստացել՝ արցախցիների համար նախատեսված ծրագրին մասնակցելով։

Տնամերձ հողը նա մշակում է երեխաների հետ։ Կեսօրվա արեւից հողը ճաքճքել է։ Միասին քայլում ենք լոլիկի ու պղպղեղի մարգերով։ Արեւը լոլիկի մի մասը վառել է, բայց բերքը շատ է։ Ոռոգման ջուր չունեն, ստիպված խմելու ջրով են ջրում։

Կատարինան ամանով ջուր է տանում շան՝ Լինդայի համար, որ շոգից փռվել է գետնին։ Շանը հայրն էր բերել։ Երեխաներին տեսնելով՝ շունն աշխուժանում է:

Սամվելը 11 տարեկան է։ Նա հոր անունն է կրում։ Կարինեն պատմում է, որ 2016 թ․ քառօրյա պատերազմից հետո է ծնվել որդին։ Ամուսնուն խնդրել էր, որ ինքն ընտրի որդու անունը։ «Զանգեցի ասեցի՝ Սամվելը ծնվել ա, բժիշկն ասեց՝ ճի՞շտ եք ասում, ասեցի՝ հա, պապայի անունն ա, ասեց՝ բա ինչու՞ եք էդպես որոշել, ասեցի՝ իմ կամքն էր դա»,– հիշում է Կարինեն։

Բակում՝ մետաղական ցանցից այն կողմ, հավերն ու հնդակահավերն են։ Կարինեն ասում է, որ Կարմիր խաչի ծրագրին էր մասնակցել եւ ստացել հավերը։ Արցախում էլ են հավ պահել։ Նաեւ ճագարներ են պահում, որոնք Կարինեն է գնել։ «Ամեն ինչ կարամ ստեղծեմ, ես էլ փորձում եմ օգնել մյուսներին»,- ասում է նա։

Տան շքամուտքի մոտ 7 երեխաների կոշիկներն ու հողաթափերն են։ Մարատը 18 տարեկան է, Տիգրանը՝ 16, Հայկը՝ 14, Մարիամը՝ 12, Սամվելը՝ 11, Կատարինան 5, իսկ Անգելինան վերջերս դարձավ 2 տարեկան։

Տան բակում, երբ արդեն հրաժեշտ էինք տալիս ընտանիքին, Կարինեին հարցնում եմ, թե ինչ օգնության կարիք ունի։ Ասում է՝ սննդի խնդիր չունի, դեռ ինքն է փորձում մյուսներին օգնել, բայց հիմա մտածում է երեխաների դպրոցական հագուստի մասին. թե ոնց է գնելու, չի պատկերացնում։ «Եթե գերեզմանը սարքած լինեի, չէի մտածի, դպրոցական շորերն էլ կառնեի»,- սա հպանցիկ է ասում, կարծես, վատ զգալով իր ասածից։ Երեխաներից Հայկը, Մարիամն ու Սամվելը դպրոց են գնում, իսկ Տիգրանը՝ ուսումնարան։

Մեր զրույցից հետո, Կարինեն, հավանաբար, խոհանոց կգնա ու կպատրաստի խոհարարական դասերին սովորած մի նոր ուտեստ։

Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ ընթացող «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» (www.juremonia.am) ծրագրի ենթադրամաշնորհի շրջանակներում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter