
Ռուբեն Վարդանյանը և նրա փաստաբանը հերթական անգամ բացարկ են հայտնել գործը քննող դատավորների կազմին
Օգոստոսի 12-ին շարունակվել է Բաքվում ապօրինի պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործի քննությունը՝ նախագահությամբ Բաքվի ռազմական դատարանի դատավոր Զեյնալ Աղաևի։
Դատավարությանը ներկա են լինում միայն ադրբեջանական պետական և իշխանությունների կողմից վերահսկվող լրատվամիջոցները։ Հնարավոր չէ այլ աղբյուրներից ճշտել դատվող հայերին վերագրվող հայտարարություններն ու դատավարության այլ մանրամասները։
Ադրբեջանի «Ազերթաջ» պետական լրատվական գործակալությունը գրում է, որ նիստի ընթացքում Ռուբեն Վարդանյանի փաստաբան Աբրահամ Բերմանը դատարանին միջնորդություն է ներկայացրել՝ պահանջելով դատաբժշկական լեզվաբանական փորձաքննություն՝ նշելով, որ մեղադրական եզրակացության ռուսերեն թարգմանության մեջ մի քանի անհամապատասխանություններ կան։ Ռուբեն Վարդանյանը միացել է միջնորդությանը։
Խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ դատարանը հայտնել է, որ մերժում է միջնորդությունը։ Դատավոր Զեյնալ Աղաևը նշել է, որ քրեական դատավարության օրենսդրության համաձայն, փորձաքննությունը նշանակալի հանգամանքներ պարզելու համար է անցկացվում։ Իսկ այս դեպքում, ըստ դատավորի, «պաշտպանական կողմը չի նշել այնպիսի հանգամանքներ, որոնք կարող են պարզվել միայն փորձաքննության միջոցով»։
Այնուհետև Վարդանյանի պաշտպան Աբրահամ Բերմանը բացարկ է հայտնել գործը քննող դատավորների կազմին։ Դատավոր Զեյնալ Աղաևը նշել է, որ պաշտպանության կողմը բազմիցս է ներկայացրել նմանատիպ առարկություններ և ներկայիս առարկությամբ նոր հիմքեր չեն ներկայացնում։ Հետևաբար, առարկությունը թողել է առանց քննության։
Այնուհետև դատարանը լսել է գործով «տուժողների» և նրանց օրինական ներկայացուցիչների ցուցմունքները։ Մենք չենք ներկայացնում այդ ցուցմունքները, քանի որ այդ մտացածին պատմություններում Հայաստանը ներկայացված է որպես ագրեսոր և նրանք իբրև թե վիրավորումները ստացել են «սադրանքները» կանխելու ժամանակ։ Հաջորդ դատական նիստը նշանակվել է օգոստոսի 19-ին։
Հիշեցնենք՝ Ռուբեն Վարդանյանի գործն անջատվել է Արցախի՝ Բաքվում ապօրինի պահվող ռազմա-քաղաքական մյուս ղեկավարների գործից և քննվում է առանձին վարույթով։ Նրան առաջադրված է 42 մեղադրանք, որոնցից մի քանիսով նախատեսվում է մինչև ցմահ ազատազրկում: Ռուբեն Վարդանյանը իր գործով առաջին նիստից առաջ՝ հունվարի 16-ին, ընտանիքի հետ հեռախոսազանգի միջոցով ուղերձ էր փոխանցել, որում նշել էր, որ մինչև հիմա իրեն հնարավորություն չի տրվել ծանոթանալու պաշտոնական մեղադրական եզրակացությանը։ Ընդամենը թույլ են տվել թերթել 422 հատորանոց քրեական գործը ադրբեջաներենով, որին ինքը չի տիրապետում, և դրա համար հատկացվել է բավականին կարճ ժամանակահատված։ Նա նաև նշել էր, որ ճնշում է գործադրվել իր, իր փաստաբանի և թարգմանչի վրա, որպեսզի ստիպեն ստորագրել փաստաթղթեր հետին թվով, այդ թվում՝ չկայացած հարցաքննությունների կեղծ արձանագրություններ: Վարդանյանը պահանջում է բաց, հրապարակային դատաքննություն։
Գլխավոր լուսանկարը՝ Ադրբեջանի «Ազերթաջ» պետական լրատվական գործակալության
Մեկնաբանել