HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Մակիյան

Յուրաքանչյուր լուսանկար ֆիլմի առաջին կադրն է. Վիմ Վենդերս

«Ցանկանալով դառնալ գեղանկարիչ և սիրելով լուսանկարչությունը` ես դարձա կինոռեժիսոր։ Այն քեզ կապում է ճարտարապետության, կերպարվեստի, գրողների, դերասանների հետ։ Այն քեզ կապում է իրականում ամեն ինչի հետ»,- այսպես է պատմում իր մասին գերմանացի կինոռեժիսոր, լուսանկարիչ, նոր գերմանական կինոյի կարևոր դեմքերից Վիմ Վենդերսը։ Օգոստոսի 14-ին լրացավ ճանապարհորդ ռեժիսորի ութսուն ամյակը։ Նա ճամփորդում է, շարունակում ստեղծագործել։

Կաննի, Վենետիկի և Բեռլինի կինոփառատոնների դափնեկիր, Եվրոպական կինոակադեմիայի երկարամյա նախագահ ռեժիսոր Վիմ Վենդերսի առաջին փորձերը կերպարվեստում էին։

«Ես ուզում էի նկարիչ դառնալ։ Սկզբում տպավորված էի Վերմեերի և Ռեմբրանդտի կտավներով, հետագայում՝ Կլեեի, Կանդինսկու և Բեքմանի, ավելի ուշ՝ Էդվարդ Հոփերի նկարչությամբ»,- պատմում է իր հարցազրույցներից մեկում Վիմ Վենդերսը։ Նա 1966 թվականին՝ քսանմեկ տարեկանում, թողնում է փիլիսոփայությունը իր հայրենի Դյուսելդորֆի համալսարանում և տեղափոխվում է Փարիզ՝ նկարիչ դառնալու երազանքով։ Չկարողանալով հանձնել ընդունելության քննությունները՝ Վենդերսը ընդունվում է Մոնպառնասում Ջոնի Ֆրիդլենդերի ստուդիա՝ որպես փորագրող։ Այս ընթացքում է, որ հանգամաքների բերումով (Փարիզի սենյակը, որտեղ մնում էր երիտասարդ Վեդերսը, չէր ջեռուցվում, ձմռանը կինոթատրոնը ծառայում էր նաև որպես տաքանալու տեղ) նա տարվում է կինոյով և օրական դիտում մինչև հինգ ֆիլմ տեղական կինոթատրոնում։

Վենդերսը 1967 թվականին վերադառնում է Գերմանիա՝  անցնում աշխատանքի United Artists-ի Դյուսելդորֆի գրասենյակում։ Այդ աշնանը նա ընդունվում է Մյունխենի հեռուստատեսության և կինոյի համալսարան։

Վենդերսի դեբյուտը լիամետրաժ ֆիլմում կատարվել է «Ամառը քաղաքում» (1970) ֆիլմով։ Հաջորդիվ նկարված «Ալիսը քաղաքներում» (1974), «Սխալ քայլ» (1975) և «Ճանապարհի արքաները» (1976) ճանապարհային ֆիլմ-եռագրությունը ռեժիսորին բերում են համաշխարհային ճանաչում։ Վենդերսը արժանացել է BAFTA մրցանակի լավագույն ռեժիսուրայի և «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակի «Փարիզ, Տեխաս» (1984) ֆիլմի համար, ինչպես նաև Կաննի կինոփառատոնի լավագույն ռեժիսորական մրցանակին՝ «Ցանկության թևեր» (1987) ֆիլմի համար։ Նրա մյուս նշանակալի գործերից են «Ամերիկացի ընկերը» (1977), «Հեռու, այնքան մոտիկ»-ը (1993)։ Վիմ Վենդերսի վերջին գեղարվեստական ֆիլմը 73 տարեկանում նկարահանած «Կատարյալ օրեր» (2023) դրաման է։ Ճապոնիայի և Գերմանիայի համատեղ արտադրությունը պատմում է Տոկիոյի հասարակական զուգարանների մաքրող Հիրայամայի (Կոջի Յակուշո) առօրյայի մասին: Ֆիլմը ստացել է մրցանակ Կաննի 76-րդ կինոփառատոնում։

Վիմ Վենդերսը ոչ միայն աշխարհահռչակ ռեժիսոր է, այլև միջազգայնորեն ճանաչված լուսանկարիչ։ Վենդերսի լուսանկարները պատկերում են միայնության, ճանապարհորդության, հուշերի և ժամանակի շերտերը։

«Յուրաքանչյուր լուսանկար, ժամանակի մեջ յուրաքանչյուր ակնթարթ պատմության սկիզբ է… Յուրաքանչյուր լուսանկար ֆիլմի առաջին կադրն է»,- Վիմ Վենդերս։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter