
Բրուցելոզի դեպքերը կտրուկ աճել են
Ժենյա Գևորգյան
2025 թվականի առաջին կիսամյակում գրանցվել է բրուցելոզով վարակման 5157 դեպք, ավելին, քան նախորդ երեք տարվա ընթացքում։ Վարակված կենդանիները ենթարկվում են հարկադիր սպանդի հիվանդության հայտնաբերումից հետո՝ 15 օրվա ընթացքում։
Շիրակի մարզի Աշոցք համայնքի Կրասար գյուղի բնակչի՝ Համազասպ Սահակյանի ֆերման այս տարի մեծ վնասներ է կրել բրուցելոզ հիվանդությունից, 60 անասունից մնացել է 14-ը։ Անասնապահը հիասթափված է, որոշել է այլևս չզբաղվել անասնապահությամբ։
Այս տարվա փետրվարին գյուղում առաջին անգամ արյունառություն են արել ու տարել հիվանդ կենդանիներին, երկրորդ անգամ՝ հունիսին։ «Մեր գյուղում մոտ 800 հատ անասուն կար, հիմա 300 էլ չի հասնում։ Մարդ կար 7 հատ ուներ, բոլորին տարան, մարդ կար՝ 8 հատ, տարան, ու իրենց միակ ապրուստի միջոցն էր, հիմա էդ գյուղացիները սոված նստած են, չգիտեն՝ ինչ անեն։ Իմը 60 հատ էր, մնաց 14-ը, ընտանիքիս ապրուստն էր,- շարունակում է Համազասպը։ - Ես օրը 600 լիտր կաթ եմ հանձնել, հիմա հանձնում եմ 40 լիտր։ Աշխատողներ ունեի, աշխատավարձ էի տալիս իրանց ամիսը 300-400 հազար, ես էլ իմ ընտանիքի հոգսերը հոգում էի»։
Ի՞նչ է բրուցելոզը և ի՞նչ են անում վարակված մսամթերքը
Բրուցելոզը կենդանուց մարդուն անցնող հիվանդություն է, դրա հարուցիչները բրուցելլա խմբի մանրէներն են: Մարդկանց համար սուր շրջանում հիվանդությանը բնորոշ է երկարատև տենդը, քրոնիկական ընթացքը` տարբեր օրգան-համակարգերի ախտահարումով, գործնականում բոլոր օրգանները կարող են ախտահարվել` հոդեր, նյարդեր, սիրտ, գլխուղեղ, լյարդ, մարսողական և շնչառական համակարգեր։ Հիվանդությունը մարդուն կարող է հասցնել անգամ հաշմանդամության։ Մարդկանց համար վարակի աղբյուր են հիվանդ կենդանիների արտաթորանքը, կաթը, ներքին օրգանները, ջերմային մշակում չանցած միսը: Բրուցելոզով վարակված կենդանիների միսը կարելի է օգտագործել միմիայն ջերմային մշակումից հետո` երշիկների և պահածոների արտադրության մեջ։
Կենդանիների շրջանում՝ էգերի մոտ, ախտանիշներից է վիժումը:
«Հիվանդությունը հայտնաբերեցին, գյուղացիներին վախեցրին ՍԱՏՄ-ից ու Էկոնոմիկայի նախարարությունից, թե կտուգանեն, ասեցին, որ կենդանիներին ձեռք չտան, չվաճառեն, մինչև «ԲԱՅԱԶԵՏ 1» ՍՊ ընկերությունը կգա ու կտանի»,- նշում է Համազասպը։
Մսի կգ-ը 1300 դրամով են հաշվել «ԲԱՅԱԶԵՏ 1»-ում, Աշոցքի համայնքապետարանն էլ երաշխավորել է պետական աջակցության գումար՝ կգ-ի համար 700 դրամ, որը պետք է ստանային երկամսյա ժամկետում, որ ընդհանուր դառնա 2000 դրամ, սակայն պետությունը փոխհատուցումը դեռ չի փոխանցել, իսկ «ԲԱՅԱԶԵՏ 1»-ից գումարը մի քանի օրում գյուղացիները ստացել են։
«Մի քանի օր առաջ էլ գնացի համայնքապետարան, զանգեցինք Գևորգ Պապոյանին, ասեց՝ կլինի, բայց՝ երբ, չգիտեն։ Դրանից բացի ոչ մի ախտահանում էլ չարեցին, խոսք էին տվել, որ գան հիվանդ կենդանիներին տանեն, հետո ախտահանում կանեն, դա էլ չարեցին,- նշում էր Համազասպ Սահակյանը ու շարունակում,- ես իմ անասուններին առել եմ 700․000-800․000 դրամով, մի քանի ամիս հետո ծախել եմ 150-200 հազարով, հիմա էլ չեմ էլ ուզում պահեմ, հիասթափված եմ»։
Այս տարի բրուցելոզի դեպքերի աճ է գրանցվել։ Մարզային առանձին վիճակագրություն ՍԱՏՄ-ն չունի, քանակային վիճակագրությունն էլ հավաքագրված ունի 2022 թվականից։ Այս տարի՝ 2025-ի առաջին կիսամյակում, գրանցվել է այնքան դեպք, որքան նախորդ երեք տարվա ընթացքում։
Էկոնոմիկայի նախարարության սննդամթերքի անվտանգության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Մարիաննա Խաչատրյանը մեզ հետ հեռախոսազրույցի ընթացքում նշեց․ «Մենք չպետք է վախենանք բրուցելոզի դրական բացահայտման դեպքերի ավելացումից։ Մենք պիտի անհանգիստ լինենք իհարկե, բայց պետք է հասկանանք՝ գուցե դա առավել հզոր լաբորատոր գործունեության արդյունք է»։
Որպես հիվանդության կանխարգելիչ միջոց Հայաստանում իրականացվում է թեստ-սպանդ միջոցը, այսինքն՝ հիվանդության հայտնաբերումից հետո կենդանին հարկադիր սպանդի է ենթարկվում։ Աշխարհում գոյություն ունի նաև պատվաստում այդ հիվանդության դեմ։ Տիկին Խաչատրյանը նշեց՝ դժվար է հստակ չափել այդ երկուսի արդյունավետությունը։
«Դա կախված է տվյալ տարածաշրջանի, անասնապահության առանձնահատկություններից։ Բայց նույնիսկ այն երկրները, որոնք սկսում են իրականացնել պատվաստում, հետո, որպես հաջորդ քայլ, անցնում են թեստ-սպանդի, և 3-րդն արդեն ընդհանրապես հիվանդության վերացում և ճանաչում ստանալն է Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության կողմից»,- նշում է Մ. Խաչատրյանը։
Հայաստանում հիմա շրջանառվում է «Գյուղատնտեսական կենդանիների բրուցելոզ հիվանդության կանխարգելման և վերահսկման միջոցառումների ծրագիրը»։ Դրա մշակման նպատակով կազմակերպվում են հանդիպումներ մի շարք շահագրգիռ կառույցների հետ՝ ներառյալ Առողջապահության նախարարությունը, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակը, լաբորատոր կառույցներ և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ։ Սակայն, տիկին Խաչատրյանը նշեց, որ ամենակարևորը գյուղացին է, որը պիտի արագ արձագանքի։
«Հիմա իրականացնում ենք իրազեկում, տեղեկատվական նյութերի տրամադրում՝ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող այցերի ընթացքում՝ ինչպես տնտեսվարողներին, այնպես էլ համայնքներին։ Այցեր ենք կազմակերպում։ Առավել ինտենսիվ շրջայցեր իրականացվում են գարնանը և աշնանը, երբ զբաղվածությունը համեմատաբար նվազում է։ Բայց իմ սեփական փորձից ասեմ, որ ամենաարդյունավետը, երբ գյուղացին լսում է այն մարդուն, ով իրեն մոտ է, վստահում է, օրինակ՝ անասնաբույժին»,- մանրամասնում է Մ. Խաչատրյանը։
Հայաստանում բրուցելոզի հետևանքով անկած կենդանիների դիմաց պետությունը փոխհատուցում չի նախատեսում, գյուղացիներն ու ֆերմերային տնտեսություններն էլ լուրջ վնասներ են կրում, ինչի պատճառով գյուղացիները այլևս չեն ցանկանում զբաղվել անասնապահությամբ։ Ոլորտը գնալով անկում է ապրում։
Մեկնաբանել