HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչո՞ւ են դատավորները գումարը կանխիկով պահում

Դատական իշխանությունը ներկայացնող 716 պաշտոնատար անձ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով 2024թ. վերաբերյալ տարեկան հայտարարագիր է ներկայացրել։ 716 անձանց 89%-ը կամ 638-ը կանխիկ գումար է հայտարարագրել։ Որոշ դեպքերում կանխիկ գումարի չափը հասնում է մինչև 70 մլն դրամի։

Խմբավորել ենք հայտարարատուներին ըստ պաշտոնի՝ դատավորներ, դատավորի օգնականներ, դատարանների նախագահներ, իսկ մյուս տիպի պաշտոնները, ինչպիսիք են աշխատակազմի ղեկավար, խորհրդական և այլն, խմբավորվել են մեկ անվան տակ։ Դատական իշխանությունում պաշտոնատար անձինք կանխիկ գումարը նախընտրում են պահել հայկական դրամով, երկրորդ նախընտրելի արժույթը դոլարն է, հետո՝ եվրոն։ 638 պաշտոնատար անձ 2024թ. տարեսկզբին ընդհանուր 3 միլիարդ դրամից ավել կանխիկ գումար է ունեցել, տարեվերջին այդ գումարը նվազել է 6%-ով։ 215 անձ 2024-ի տարեսկզբին 4 մլն 274․3 հազար դոլար կանխիկ գումար է հայտարարագրել, որը տարեվերջին նվազել է 6%-ով։

Դրամով պահվող ամենամեծ կանխիկը հայտարարագրել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Գրիգորի Վարդանյանը: 2024թ. սկզբին հայտարարագրել է 76 մլն 100 հազ. դրամ, իսկ տարեվերջին՝ 70 մլն դրամ: Նա նույն տարվա վերջին ունեցել է նաև 38 հազ. եվրո: Դատական համակարգում կանխիկ ունենալու չափով երկրորդ տեղում Սնանկության դատարանի դատավոր Գարիկ Ավագյանի օգնական Ռուզաննա Ղազարյանն է: Նա 2024թ. տարեսկզբին ունեցել է 75 մլն 500 հազ. դրամ կանխիկ գումար, իսկ նույն տարվա վերջին՝ 10 մլն դրամով պակաս՝ 65 մլն 500 հազ. դրամ: Երրորդ տեղում Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Ռուբեն Բունիաթյանն է: Նա նշված տարվա սկզբին ունեցել է 49 մլն 390 հազ. դրամ, իսկ տարեվերջին այդ գումարն ավելացրել է 10 մլն դրամով՝ հասնելով 59 մլն 390 հազ. դրամի: Համեմատության համար նշենք, որ կանխիկ դրամ հայտարարագրած դատական իշխանության «թոփ 10»-ը եզրափակում է Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Լիլիթ Սարգսյանը: Նա 2024թ. սկզբին ունեցել է 35 մլն դրամ, իսկ տարեվերջին՝ 36 մլն:

Դատավորների 95%-ը կամ 295-ը կանխիկ գումար է հայտարարագրել։ Դատական իշխանության ներկայացուցիչների հայտարարագրած կանխիկ գումարի կեսից ավելին պատկանում է դատավորներին։ Որոշ դեպքերում դատավորները կանխիկ գումար են հայտարարագրել մի քանի արժույթով՝ դրամ, դոլար, եվրո և այլն։ 2024թ. տարեսկզբին 282 դատավոր 2 միլիարդ 31 մլն դրամ կանխիկ գումար է ունեցել, իսկ տարեվերջին գումարը գրեթե չի փոխվել՝ նվազելով ընդամենը 3%-ով։ 134 դատավոր 2024-ի տարեսկզբին 2 մլն 770․7 հազար դոլար կանխիկ գումար է ունեցել, այս թիվը տարեվերջին նվազել է 4%-ով։

Դատավորներից 9-ը 30 միլիոն դրամը գերազանցող կանխիկ գումար է ունեցել 2024-ի տարեվերջին։ Եվս 15 դատավոր 20-30 մլն դրամի սահմաններում կանխիկ գումար է հայտարարագրել։ Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դոլարով կանխիկ գումար պահելու դեպքերը ևս քիչ չեն: Միայն 31 դատավոր կանխիկով 25 հազար դոլարից ավել գումար է հայտարարագրել։ Դոլարի համեմատ՝ եվրոն ավելի քիչ տարածում ունի դատավորների շրջանում: Եվրոյով կանխիկ գումար պահողների կեսի՝ 19 դատավորի պարագայում, դրանք չեն գերազանցել 5000 եվրոն։ Երեք դատավոր 25 հազար եվրոյից ավել կանխիկ է ունեցել 2024-ի տարեվերջին։

Դատավորի օգնականների շրջանում ևս տարածված է կանխիկ դրամ պահելը։ Նրանց 84%-ը 2024-ի տարեկան հայտարարագրում կանխիկ դրամ է նշել։ Օգնականների պարագայում գումարի չափն ավելի փոքր է, բայց կան օգնականներ, որոնք կանխիկով մեծ գումարներ ունեն։ Դրամի պարագայում դատավորի օգնականների կեսից ավելիի հայտարարագրերում այն չի գերազանցել մեկ միլիոն դրամը։ Երկու հոգի էլ 30 միլիոնից ավելի գումար է ունեցել 2024-ի տարեվերջին։ Կանխիկ ունեցող դատավորի օգնականները թիվը 294-ն է։ Նրանք բոլորը միասին 2024թ․-ի տարեվերջի դրությամբ ունեցել են 535 մլն 608 հազար դրամ, 695 հազար դոլար, 105 հազար եվրո, 805 հազար ռուբլի և 14 հազար լարի։

Դոլարով ամենաշատ կանխիկ գումարը հայտարարագրել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Մարինա Տաշչյանը: 2024թ. սկզբին ունեցել է 235 հազ. ԱՄՆ դոլար, իսկ տարեվերջին՝ 232 հազ. դոլար: Երկրորդ տեղում Վարչական դատարանի նախագահ Արգիշտի Ղազարյանն է: Նա էլ նույն տարվա վերջին ունեցել է 210 հազ. դոլար՝ 40 հազ. դոլարով պակաս տարեսկզբի հայտարարագրածից: Իսկ երրորդ տեղում Վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Կարեն Գևորգյանն է՝ 160 հազ. կանխիկ դոլարով:

Ինչ վերաբերում է եվրոյով կանխիկ պահվող գումարին, ապա դատական համակարգում ամենաշատ կանխիկ եվրոն հայտարարագրել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սերոբ Մանուկյանը: Նա 2024թ. սկզբին ունեցել է 79 հազ. եվրո, իսկ տարեվերջին՝ 75 հազար: Կանխիկ եվրո հայտարարագրելու երկրորդ տեղում Սնանկության դատարանի դատավորի օգնական Ռուզաննա Ղազարյանն է՝ 68 հազ. եվրո: Հիշեցնենք՝ նա նաև կանխիկ խոշոր չափի դրամ էր հայտարարագրել, 2024թ. վերջին՝ 65 մլն 500 հազ. դրամ: 40 հազար եվրո կանխիկ գումար է հայտարարագրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արման Օհանյանը: Նա դատական համակարգում ամենաշատ եվրո հայտարարագրած երրորդ պաշտոնյան է:

Ինչպես նշել ենք, կան դատավորներ, որոնք միանգամից մի քանի արժույթով են խոշոր կանխիկ գումար հայտարարագրել: Օրինակ՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Աշոտ Հովհաննիսյանը 2024թ. տարեվերջին ունեցել է 110 հազ. դոլար և 16 հազ. 500 եվրո: Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավոր Արման Թովմասյանի օգնական Հռիփսիմե Սիրեկանյանը 2024թ. վերջին ունեցել է 48 մլն դրամ և 150 հազ. դոլար կանխիկ գումար:

Կոռուպցիայի կանխարգելման հանձանաժողով հայտարարագիր է ներկայացրել դատական իշխանությունը ներկայացնող մարմինների 23 նախագահ։ Նախագահները ղեկավարում են մարզային, մասնագիտացված, վերաքննիչ, վճռաբեկ և այլ դատարաններ։ Դատարանների 23 նախագահներից 22-ը կանխիկ դրամ է հայտարարագրել։ Նրանք բոլորը միասին 2024-ի տարեսկզբին ունեցել են 232․6 մլն դրամ, 598․5 հազար դոլար, 56․6 հազար եվրո և 300 հազար ռուբլի։ Այս գումարների չափը նույն տարվա տարեվերջի դրությամբ նվազել է 24-25%-ով։ Նախագահներից երկուսը 2024-ի տարեվերջի դրությամբ ունեցել են 30 մլն-ից ավել կանխիկ դրամ, ևս երկուսը՝ 20-30 մլն դրամի միջակայքում։ Երեք հոգի էլ 25 հազար դոլարից ավելի կանխիկ է ունեցել։

Օրինակ՝ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Գեղամ Մարգարյանը 2024թ. վերջին ունեցել է 38 մլն դրամ կանխիկ գումար, իսկ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի նախագահ Ավագ Գաբրիելյանը՝ 130 հազ. դոլար և այլն:

«Այլ» անվամբ խմբում ներառել ենք բոլոր այն պաշտոնատար անձանց, որոնք ներառված չեն մյուս խմբերից որևէ մեկում։ Օրինակ՝ աշխատակազմի ղեկավարներ, խորհրդականներ և այլն։ 30 պաշտոնատար անձ ներառվել է վերոնշյալ խմբում, որոնցից 27-ը կանխիկ դրամ է հայտարարագրել: Այս խմբում ներառված պաշտոնյանները 2024-ին տարեվերջին ընդհանուր ունեցել են 200․5 հազար դոլար, 150․3 մլն դրամ և 24․2 հազար եվրո։

Պաշտոնատար անձանց հայտարարագրերում, բացի կանխիկ դրամ հայտարարագրելու համար նախատեսված դաշտից, կա նաև հատված, որտեղ պաշտոնյաները ներկայացնում են իրենց անունից, օգտին կամ հաշվին ձեռք բերված, երրորդ անձին պատկանող կանխիկ դրամի արժույթը և չափը, որից փաստացի օգուտ է ստանում կամ այն տնօրինում է հայտարարատուն։ Այս դաշտում գումար է հայտարարագրել 21 պաշտոնատար անձ։ Հիմնականում դրամով՝ 2024-ի տարեվերջին՝ 39 մլն 104 հազար դրամ, 31 հազար 200 դոլար և 450 հազար ռուբլի։

Կառավարությունը տարբեր նախաձեռնություններով սահմանափակել է կանխիկ գումարի շրջանառությունը: Օրինակ՝ առողջապահական ոլորտի վճարումները, կենսաթոշակները տրվում են անկանխիկ եղանակով: Մինչդեռ որևէ միջոց չի ձեռնարկում պաշտոնյաների ունեցած անկանխիկ գումարը կրճատելու ուղղությամբ:

Նշված դատավորներից ու օգնականներից պարզաբանումներ ստանալու խնդրանքով դիմել ենք Դատական դեպարտամենտի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանին։ Նա փոխանցեց, որ  Դատական դեպարտամենտը դատավորների, դատավորների օգնականների  գույքային դրության ստուգման ու դրա արդյունքում պարզաբանումներ պահանջելու իրավասություն չունի, իրավասու  մարմինը ԿԿՀ-ն է, ուստի խնդրեց դիմել տվյալ մարմնին:

Ինչու՞ են դատական իշխանության պաշտոնյաները կանխիկ գումար պահում

Տարբեր քննարկումների ժամանակ իշխանության ներկայացուցիչները նշում են՝ եթե կանխիկ գումարը սահմանափակող օրենք ընդունեն, դրանով կխախտեն հայտարարագիր ներկայացնողների իրավունքները: Սա մանիպուլյացիա է, քանի որ Կառավարությունն արդեն իսկ տարբեր նախաձեռնություններով սահմանափակել է կանխիկի շրջանառությունը: Իսկ թոշակառուների իրավունքները չե՞ն խախտվում, հիվանդանոցներում, կրթական հաստատություններում անկանխիկ վճարումներ կատարողների իրավունքները չե՞ն խախտվում: Բացի այդ, խոսքն ընդամենը կանխիկով գումարի հայտարարագրման սահմանափակման մասին է, այլ ոչ թե այդ գումարը «պետականացնելու» կամ ընդհանրապես կանխիկ գումար չունենալու: Պաշտոնյան պետք է որոշ շեմից բարձր կանխիկ գումար չունենա, իսկ եթե ունի, պահի բանկային հաշիվներում:

Տեղին է հիշեցնել՝ երբ Հռոմի դատախազության ներկայացուցչից նախորդ տարի փորձեցինք ճշտել, թե իրենք ինչպես են վարվում այն պաշտոնյաների հետ, որոնք խոշոր կանխիկ գումար են հայտարարագրում։ Նախ, դեմքի անհասկանալի արտահայտություն ընդունեց, թե ինչու պետք է պաշտոնյան կանխիկ գումար հայտարարագրի։ Հետո էլ մեկ նախադասությամբ փակեց թեման՝ «եթե գումարն օրինական է, ինչու՞ է կանխիկ»։

Պաշտոնյաների դեպքում կանխիկ գումարը ռիսկ է, ինչի մասին մշտապես բարձրաձայնել է նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը: Սակայն, մտահոգություններից այն կողմ պետական օղակներում առարկայական որևէ քայլ չի արվել:

Պաշտոնյաների մեծ մասը նախընտրում է գումարը պահել կանխիկ՝ չվստահելով բանկերին կամ չցանկանալով կախված լինել բանկային համակարգից։ Բացի այդ՝ կանխիկի հայտարարագրումը պաշտոնյային «երաշխիք» է տալիս, որ ապագայում, եթե առաջանան հարցեր գումարի ծագման վերաբերյալ, անձը կարողանա ասել, որ այն հայտարարագրվել է, և այդ գումարը վաղուց ունեցել է մինչև պետական պաշտոն զբաղեցնելը:

Որևէ մեկը պաշտոնյայի կանխիկ գումարը չի տեսնում, չգիտի՝ իրականում այն գոյություն ունի, թե ոչ: Իսկ պահանջվող պարզաբանումների ապացուցողական բազան թույլ է:

Կանխիկ խոշոր գումար պահելը հնարավորություն է տալիս ավելի ազատ տնօրինել գումարը՝ առանց բանկային գործարքների վերահսկողության։ Իսկ երբ գումարները դուրս են բանկային համակարգից, դրանք կարող են օգտագործվել վերահսկողությունից դուրս, ինչը ենթադրում է ոչ թափանցիկություն։

ԿԿՀ-ն կանխիկը որպես ռիսկային ցուցիչ կդիտարկի

ԿԿՀ-ն օրենքով սահմանված լիազորություններ ունի ռիսկային ցուցիչներ որոշելու և հայտարարագրերի ստուգման ընթացքում որոշակի գործոններ ռիսկային դիտարկելու համար։ Թեև կանխիկ  միջոցները դեռևս ռիսկային ցուցիչների ցանկում ներառված չեն, բայց վերլուծությունների ժամանակ առանձնահատուկ ուշադրություն է դարձվում դրանց վրա։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հայտարարագրերի վերլուծության վարչության պետ Տիգրան Ծատուրյանը բացատրում է՝ կանխիկ դրամի նույնիսկ փոքր չափը կարող է խնդիր առաջացնել, եթե չի հիմնավորվում օրինական եկամուտներով կամ ընտանիքի գույքային դրությամբ։ Օրինակ, եթե պաշտոնյայի կանխիկ դրամը տարվա ընթացքում էականորեն աճել է, բայց այն հիմնավորվում է օրինական աշխատավարձով, ապա խնդիր չկա։ Սակայն, եթե աճը տեղի է ունեցել անհայտ աղբյուրներից կամ նվիրատվությունների հաշվին, ապա հայտարարատուից պարզաբանումներ և ապացուցումներ են պահանջվում։

Մեր դիտարկմանը, որ հանձնաժողովը չի ստուգում բոլոր հայտարարագրերը, Տիգրան Ծատուրյանը ասաց, որ դա ֆիզիկապես հնարավոր չէ նաև օրենքի տեսնակյունից։ Հանձնաժողովը հայտարարագրերը կամայական վերլուծության չի կարող ենթարկել։ Վերլուծության համար պետք է որոշ հիմքեր լինեն, օրինակ՝ մեդիայի հրապարակումը, հանձնաժողովին ուղղված դիմում և հանձնաժողովի մշակած ենթաօրենսդրական իրավականը ակտը, որով սահմանվում են ռիսկային ցուցիչները։ Տիգրան Ծատուրյանն ասաց, որ հանձնաժողովը նախատեսում է այս տարի իրավական ակտում փոփոխություն կատարել և կանխիկ դրամը որևէ ձևով որպես ռիսկային ցուցիչ ավելացնել։

Տիգրան Ծատուրյանը, անդրադառնալով խոշոր չափերի կանխիկ դրամ պահելուն, ասաց՝ գումարը օրենքի տեսանկյունից որպես գույք է դիտարկվում և Սահմանադրությամբ է երաշխավորված դրա տիրապետումը և օգտագործումը։ Ըստ Տիգրան Ծատուրյանի՝ ռիսկ կարող է առաջանալ, երբ անձը փորձի օգտագործել այդ գումարը, քանի որ օրենքը թույլ չի տալիս 300 հազար դրամը գերազանցող կանխիկ գործարքներ կատարել։

Մեր դիտարկմանը՝ հատկապես այն պարագայում, որ չեն կարող կանխիկով  խոշոր չափերի գործարք կատարել, ապա արդյոք այս հանգամանքը էլ ավելի չի մեծացնում ռիսկերը, նա ասաց. «Դա կարող է ռիսկային թվալ, բայց մյուս կողմից էլ հայտարարատուները և նույնիսկ քաղաքացիները այլ պատճառաբանություններ են բերում, որ, օրինակ, իրենք չեն վստահում բանկերին։ Բանկերը գումարը անկանխիկ պահելու, հաշիվները սպասարկելու համար իրենցից միջնորդավճարներ են գանձում և այլն։ Այսինքն՝ տարբեր պատճառաբանություններ են ներկայացնում, որ իրենք նպատակահարմար չեն գտնում իրենց սեփականությունը անկանխիկ եղանակով պահելու»։

Գլխավոր նկարը ստեղծվել է արհեստական բանականության միջոցով

Մեկնաբանություններ (1)

Գեվորգ
Գլխավոր նկարը շատ դիպուկ է bravo Արմեն Նազարյանին և Գրիշա Բալասանյանին շնոհակալություն հարգանքներով Գեվորգ Գեվորգյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter