
Փաշինյանին ուղեկցող մեքենայի վարորդը հղի Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատապարտվեց 1,5 տարվա ազատազրկման
Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղեկցող մեքենայի վարորդ Արամ Նավասարդյանը հղի Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելու գործով դատապարտվեց ազատազրկման՝ 1 տարի 6 ամիս ժամկետով։ Նույն ժամկետով էլ նա զրկվեց ավտոմոբիլ կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից։ Պատժին հաշվակցվեց Արամ Նավասարդյանի արգելանքի տակ գտնված ժամանակահատվածը, և վերջնական պատիժ նշանակվեց 1 տարի 5 ամիս 26 օրը։
Դատարանի որոշմամբ՝ Արամ Նավասարդյանից հօգուտ տուժող կողմի՝ Սոնա Մնացականյանի հոր, կբռնագանձվի 4 մլն դրամ՝ որպես հանցագործությամբ պատճառված վնասի հատուցում։ Վարորդ Արամ Նավասարդյանից պետբյուջեի էլ կբռնագանձվի 834 հազար դրամ՝ որպես քրեական վարույթի շրջանակում կատարված փորձաքննությունների հետ կապված դատական ծախս։ Դատավճիռն այսօր՝ օգոստոսի 18-ին, հրապարակեց Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանը։
Մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը, Արամ Նավասարդյանի նկատմամբ կիրառված «բացակայելու արգելք» խափանման միջոցը դատարանը թողեց անփոփոխ։
Նշենք, որ գործով տուժող կողմը՝ Սոնա Մնացականյանի հայրը և նրա ներկայացուցիչ Րաֆֆի Ասլանյանը միջնորդել էին դատարանին վարորդին ազատազրկել 4 տարի ժամկետով։ Իսկ մեղադրող կողմը միջնորդել էր ազատազրկել 2 տարի 6 ամիս ժամկետով։
Դատավճռից դժգոհ են թե՛ տուժող կողմը՝ Սոնա Մնացականյանի հայրը, թե՛ վարորդի պաշտպանները։ Նրանք հայտնել են, որ բողոքարկելու են դատարանի որոշումը։ Սոնա Մնացականյանի հայրն ակնկալում էր առավել խիստ պատիժ` 4 տարվա ազատազրկում, իսկ վարորդի պաշտպան Ռուբեն Բալոյանը կարծում է, որ Արամ Նավասարդյանն անմեղ է։
Հուլիսի 30-ին գրել էինք, որ Փաշինյանին ուղեկցող մեքենայի վարորդը մեղավոր էր ճանաչվել հղի Սոնա Մնացականյանի վրաերթի գործով։ Նրա նկատմամբ պատիժը որոշվեց լրացուցիչ դատալսումների արդյունքներով։
Արամ Նավասարդյանը մեղավոր է ճանաչվել նախկին Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) և 244-րդ հոդվածի 1-ին մասով (Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը)։ Սակայն, հաշվի առնելով, որ ՃՏՊ վայրը թողնելու վերաբերյալ հոդվածը նոր Քրեական օրենսգրքով ապաքրեականացվել է, այդ հոդվածով պատիժ չի նշանակել դատարանը։ Իսկ 242-րդ հոդվածի 2-րդ մասը նախատեսում էր ազատազրկում՝ մինչև 5 տարի ժամկետով։
Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել 2022-ի ապրիլի 26-ին: Սոնա Մնացականյանը 31 շաբաթվա հղիություն ուներ, վրաերթից հետո նա հիվանդանոց էր տեղափոխվել մահացած վիճակում։
Գործի քննությունը ձգվել է շուրջ 3 տարի, ամբաստանյալի աթոռին էր մեքենայի վարորդը՝ Արամ Նավասարդյանը։ Պաշտպանական կողմը չի ընդունում մեղադրանքը, վարորդի պաշտպան Ռուբեն Բալոյանը պնդում է, որ Արամ Նավասարդյանն անմեղ է: Փոխարենը մեղադրում է Սոնա Մնացականյանին, որը, ըստ Բալոյանի, «իրավախախտ վարքագիծ է դրսևորել և հետքայլ է կատարել, ինչը դարձել է վրաերթի պատճառ»: Բալոյանը նաև վարկածներ էր առաջ քաշում՝ նշելով, որ գուցե Սոնա Մնացականյանը իր քաղաքական դիրքորոշումներից ելնելով է որոշել չզիջել վարչապետի ավտոշարասյանը։ Այս վարկածը տուժող կողմի ներկայացուցիչ Րաֆֆի Ասլանյանը համարում է անհեթեթ՝ նշելով, որ տուժող անձին փորձում է ինքնասպանություն վերագրել։ Բալոյանը համաձայն չէ նաև փորձագիտական եզրակացությունների հետ` դրանք որակելով «սուտ»:
Իսկ մեղադրող և տուժող կողմերը կարծում են, որ այս գործով փորձագիտական եզրակացությունները ճշգրիտ են, համարվում են հիմնական ապացույցներ և հիմնավորում են Արամ Նավասարդյանի մեղավորությունը:
Կողմերի դիրքորոշումներին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ ստորև`
Գլխավոր լուսանկարում՝ ՃՈ ավտոմեքենայի վարորդ Արամ Նավասարդյանը և Սոնա Մնացականյանը
Մեկնաբանել