HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փամբակի ավագանին Քարաբերդի ոսկու հանքավայրի ուսումնասիրությանը նախնական համաձայնություն է տվել. Վանաձորը կարող է փոշու մեջ կորչել

Փամբակի ավագանին այսօր արտահերթ նիստ է անցկացրել և նախնական համաձայնություն տվել Քարաբերդի ոսկու հանքավայրի արևմտյան և արևելյան տեղամասերում օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրություն կատարելու «Զով-Գուժ» ՍՊԸ-ի նախնական հայտին: Ավագանին այդ որոշումը կայացրել է 6 կողմ, 4 դեմ և 3 ձեռնպահ ձայներով:

Սա նախնական համաձայնությունն է, սակայն ընկերությունը դեռևս պետք է շրջակա միջավայրի փորձաքննության գնահատման ներկայացնի իր նախագիծը և ստանա դրական կամ բացասական եզրակացություն:

Օգոստոսի 15-ին Փամբակ համայնքի Քարաբերդ բնակավայրում հանրային լսում էր անցկացվել, որը բավականին թեժ և լարված էր անցել: Ակտիվ քաղաքացիներն ու բնապահպանական ոլորտի ՀԿ ներկայացուցիչները նույնպես ներկա էին լսմանը և դեմ կարծիքներ էին արտահայտում, սակայն Փամբակ համայնքի ղեկավար Սուրեն Կոստանդյանն ընդհատեց քննարկումը` համարելով այն կայացած: Իսկ հանրային լսման արձանագրությունն ընթերցելիս տպավորություն ես ստանում, որ հանքի ուսումնասիրությանն ու նույնիսկ հետագա շահագործմանը գյուղացիները կողմ են, նույնիսկ՝ ուրախ:

Շրջակա միջավայրի նախկին փոխնախարար, անտառագետ Այսեր Ղազարյանը տարածական վերլուծություն է իրականացրել Քարաբերդի ոսկու հանքավայրի գործող, ինչպես նաև հայցվող տարածքի վերաբերյալ և պարզել, որ ներկայացված տվյալները չեն համապատասխանում իրականությանը:  Բացի Քարաբերդից, Վանաձորը և հարակից գյուղերը ևս ակնհայտորեն ազդեցություն են կրում և կրելու Քարաբերդի հանքավայրի շահագործումից:

Նա ուսումնասիրել է «Ասսաթ» ՍՊԸ-ի արդեն իսկ շահագործած կենտրոնական տեղամասի պաշտոնական տվյալները, իսկ հայցվող տարածքները դրա արևմտյան և արևելյան մասերն են` 126 և 102 հա տարածք, համեմատել ներկայացված կոորդինատների հետ, հաշվարկել քամու ուղղությունը և փոշու ազդեցությունը՝ հարակից տարածքների վրա: Այդպիսով պարզվում է, որ Քարաբերդի հանքավայրը Վանաձորից ոչ թե 4,5 կմ է հեռու, այլ շուրջ 2,6 կմ: Խոշոր մասնիկներով փոշին քամու միջին արագությամբ 5 կմ նստեցում կարող է ապահովել, իսկ դա նշանակում է, որ մինչև Վանաձոր քաղաքի կենտրոնական հատվածն ամբողջությամբ փոշու ազդեցության տակ է լինելու:

Այսեր Ղազարյանը ցույց է տալիս, թե ինչպես է «Ասսաթ» ՍՊԸ-ն հատել Եղեգնուտի անտառտնտեսության պատկանող 0.3-0.4 հա անտառը, ինչը նախատեսված չէր ՇՄԱԳ նախագծում, ինչի մասին որևէ տեղ արձանագրված չէ: Ավելին, ՇՄԱԳ նախագծում այլ տարածքի կոորդինատներ է ներկայացվել, ինչ չի համապատասխանում հանքարդյունաբերական գործունեության բուն տարածքի հետ: Բացի դրանից, անտառկառավարման նոր քարտեզը գծվել է կատարված անտառահատման և փոփոխության հիման վրա, ինչը նշանակում է, որ դրանով իսկ քողարկվել է անտառի ոչնչացման փաստը:

Հայցվող նոր տեղամասերի կոորդինատներում ևս կան մեծ շերտով համընկնումներ անտառային տարածքների հետ, որոնք արդյունահանման պարագայում նույն ճակատագրին են արժանանալու, ինչ «Ասսաթ» ՍՊԸ-ի դեպքում:  

«Շրջակա միջավայրի նախարարությունը ոչ միայն որևէ կերպ չի ստուգում, չի անդրադառնում իրենց ներկայացրած փաստաթղթերին, որոնցով ՇՄԱԳ դրական եզրակացություն են ստանում տվյալ կազմակերպության` «Ասսաթ» ՍՊԸ-ի մասով, այլ նաև բացասական ազդեցությունից հետո, կտրված անտառով հանդերձ, իրենց անտառկառավարման պլաններով այդ փոփոխությունը գրանցում են և որևէ ձև դրան չեն անդրադառնում»,- նշում է անտառագետը:

Հիշեցնենք` 2024թ․ հունվարին գրանցված «Զով-Գուժ» ընկերության հիմնադիրը Վարդան Վահեի Խաչատրյանն է։ Վերջինս եղբոր՝ Արտակ Խաչատրյանի և գործընկերոջ` Արա Ավետիսյանի հետ իրականացնում են մի շարք բիզնես նախագծեր, որոնցից հանտի է Կոտայքի մարզի Եղվարդ համայնքի Զովունի բնակավայրում «Զովեր» թաղամասի կառուցապատումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter