
Հայաստանում առաջին անգամ սահմանվում է կլիմայական քաղաքականության իրավական և ինստիտուցիոնալ շրջանակ
Շրջակա միջավայրի նախարարությունը հայտնում է, որ օգոստոսի 21-ի նիստում գործադիրը հավանության արժանացրեց «Կլիմայի մասին» օրենքի նախագիծը։
«Այս օրենքով առաջին անգամ սահմանվում է կլիմայական քաղաքականության իրավական և ինստիտուցիոնալ շրջանակը, որը ներառում է պետական, տարածքային և տեղական կառավարման մարմինների լիազորություններն ու պատասխանատվությունը։
Նախագծի ընդունումը կարևոր քայլ է մեր երկրի համար՝ ապահովելու կլիմայի փոփոխության դեմ պայքարի արդյունավետությունը, տեխնոլոգիական արդիականացումը և միջազգային համագործակցության ամրապնդումը։
Օրենքի ընդունմամբ Հայաստանը կունենա՝
-հստակ նպատակներ և գործիքներ՝ ջերմոցային գազերի արտանետումների կրճատման և հարմարվողականության քաղաքականությունների համար,
-ներդրումային նոր հնարավորություններ՝ «երկիր–երկիր» և «բիզնես–բիզնես» մեխանիզմների միջոցով՝ արտանետումների կրճատումը դարձնելով առևտրային ապրանք,
-հնարավորություն ներգրավելու լրացուցիչ ֆինանսական ռեսուրսներ միջազգային գործընկերներից,
-արտահանողների համար նպաստավոր պայմաններ ԵՄ շուկայում՝ հաշվի առնելով 2026-ից կիրառվելիք «ածխածնի սահմանային ճշգրտման մեխանիզմը» (CBAM)»,- նշված է հաղորդագրության մեջ։
Մեկնաբանել