
Սթրես, բարձր ճնշում, շաքարային դիաբետ, հանկարծամահություն․ բռնագաղթից երկու տարի անց արցախցիների վիճակն ավելի տագնապային է դարձել
Ամիսներ առաջ Մասիս քաղաքի դպրոցներից մեկում շչակների ձայնից երեխաներ էին վատացել: Շտապօգնությունը նրանց տեղափոխել էր հիվանդանոց: Մասիսի բժշկական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Մանուկյանն անհանգստացել էր, երբ միանգամից 4 երեխայի կենտրոն էին բերել։ Ասում է՝ շտապեցի դպրոց, որպեսզի հասկանամ, թե ինչ է պատահել: Պարզվել էր, որ երեխաները շչակների ձայնից վախեցել էին, ուշաթափվել: Դպրոցի տնօրենը, հոգեբանն ու ԲԿ-ի տնօրենի պաշտոնակատարը զրուցել էին երեխաների հետ, հոգեբանական աջակցություն ցուցաբերել:
«Նմանատիպ երեխաներին մենք ուղեգրում ենք այլ կլինիկաներ: Երեխաների մոտ սթրեսային վիճակ էր՝ դող, անհանգստություն, ինչպես պատերազմի ժամանակ։ Հիմա, կարծես, սթրեսները կրկնվել էին»,- ասում է Արթուր Մանուկյանը:
Նմանատիպ դեպքեր եղել են նաեւ Մասիսի Խաչփար ու Հայանիստ գյուղերում. երեխաները շչակների ձայնից վատացել էին, քանի որ նախապես չէին իրազեկվել: Այս մասին մեզ պատմում է Մասիսի սոցիալական աջակցության կենտրոնի համակարգող Զառա Պետրոսյանը՝ ավելացնելով, որ պատերազմից հետո վախը դեռ մնացել է:
Արարատի մարզում Մասիսն ամենաշատ արցախցիներին է ընդունել
2023 թ. սեպտեմբերին, Արցախից բռնի տեղահանումից հետո 17 հազար արցախցիններ վերաբնակվել են Մասիս խոշորացված համայնքում: Այս մասին «Հետքի» հարցմանն ի պատասխան հայտնել է Մասիսի համայնքապետարանը՝ նշելով, որ առաջին իսկ օրվանից իրենք համագործակցել են տարբեր միջազգային եւ տեղական կառույցների հետ, ցուցաբերել լայնամասշտաբ աջակցություն:
«Բնակիչներն ապահովվել են կացարաններով, սնունդով, հագուստով, դեղորայքով, անկողնային եւ կենցաղային պարագաներով, ինչպես նաեւ մշտապես տրամադրվում է հոգեբանական եւ իրավաբանական աջակցություն»,- ասվում է «Հետքին» ուղարկված գրավոր պատասխանում:
Համայնքապետարանը նաեւ ներկայացրել է 16 կետից բաղկացած աջակցության ցանկը (ավելի ուշ մեկ կետ ավելացրել են բանավոր), որ ստացել են Արցախից բռնագաղթած անձինք: Մեզ հետաքրքրում էին արցախցիների առողջությանն ուղղված ծրագրերը, ինչպիսիք ցանկում երկուսն էին՝ ուղղված հոգեկան առողջությանը։
Մնացած աջակցությունը հիմնականում եղել է սննդի, կենցաղային տեխնիկայի, անկողնային եւ հիգենիայի պարագաների տեսքով։ Նաև բիզնես դասընթացներ են իրականացվել։ «ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամն ու «Վարդանանց ասպետներ» ՀԿ-ն կազմակերպել են բիզնես ծրագրերի դասընթացներ, որոնց արդյունքում 43 ընտանիք հնարավորություն է ունեցել 3000 դոլարի դրամաշնորհ ստանալ ու սկսել իր բիզնեսը»,- հայտնում է համայնքապետարանը:
Ծրագրերից մեկով Մասիսի համայնքապետարանի, ՄԱԶԾ-ի, ԱՄՆ ՄԶԳ-ի եւ ՅՈւՆԻՍԵՖ-ի համատեղ ջանքերով Մասիս քաղաքում երկու սոցիալական կացարան է հիմնվել, որտեղ շուրջ 25 ընտանիք երկարաժամկետ բնակվելու հնարավորություն ունի:
Հոգեբանական աջակցությունը պատահական չէր ընտրվել
Արցախցների հոգեկան առողջությանն ուղղված ծրագրերից մեկը Մասիսում իրականացրել է «Աշխարհի բժիշկներ» ֆրանսիական ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչությունը: Ասոցիացիան հիմնադրվել է 1980 թ. Ֆրանսիայում, այն առողջապահական եւ մարդու իրավունքների հարցերով զբաղվող միջազգային կազմակերպություն է, իսկ Հայաստանում 2018-ից գործունեություն է ծավալում առողջապահական միջամտությունների, հոգեկան առողջության եւ հոգեսոցիալական աջակցության ու արտակարգ իրավիճակների արձագանքման ուղղությամբ:
Կազմակերպությունն աջակցության ծրագիր է սկսել արցախահայության բռնագաղթի ժամանակ՝ 2023-ի սեպտեմբերին, Գորիսում: Սկզբում տեղահանվածների ընդունման գրասենյակ էին բացել՝ ընդգրկելով բժիշկներ, հոգեբաններ ու սոցիալական աշխատողներ։ Իրականացնում էին սոցիալ-հոգեբանական աջակցություն եւ խորհրդատվություն։
Ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչության համակարգող Փաթրիսիա Խորշիտեանը «Հետքի» հետ զրույցում նշում է, որ մարդկանց խորհրդատվություն էր տրամադրվում տեղում, ապա ուղղորդում էին համապատասխան բժշկական հաստատություններ: Առաջնահերթ համագործակցում էին Գորիսի բժշկական կենտրոնի հետ: Խորշիտեանը նկատում է՝ ստեղծված իրավիճակում շատերը դեռ չգիտեին, թե դեղորայքի կամ բուժծառայությունների համար որտեղ պիտի դիմեն, հետեւաբար խորհրդատվությամբ կամ ուղղորդումներով աջակցելն այդ փուլում հրատապ էր:
2024 թ. հունվարին ծրագիրն ընդլայնվել է, աջակցության կենտրոններ են բացվել նաեւ Երեւանում, Աշտարակում ու Մասիսում, իրականացվել է սոցիալ-հոգեբանական աջակցություն: Կենտրոններում ընդգրկել են բժիշկներ, հոգեբաններ, համայնքային մոբիլիզատորներ ու սոցաշխատողներ: Այս կենտրոններն աշխատել են մինչեւ 2025 թ. մարտ ամիսը: Ծառայություններից կարող էին օգտվել թե՛ արցախցիները, թե՛ տեղացիները: Նախ կատարվել է վիճակի գնահատում, ապա փորձ է արվել լուծել այցելուի առողջական խնդիրները, անհրաժեշտության դեպքում՝ ուղղորդել բժշկական հաստատություններ: Կենտրոնի աշխատակիցները նաեւ տնայցեր էին կազմակերպում, քանի որ շահառուներ կային, որոնք չէին կարող ներկայանալ կենտրոն: Փ. Խորշիտեանը նկատում է՝ սոցիալական խնդիրները երբեմն ընտանեկան միջավայրից կարող են բխել։
Հարցին, թե ինչու էր կազմակերպությունը որոշել հոգեբանական, այլ ոչ թե սոցիալական կամ առողջապահական ծրագիր իրականացնել, մեր զրուցակիցը նկատում է. «Նախ՝ կարիքների գնահատում արեցինք եւ հասկացանք, որ առաջինն անհրաժեշտ է հոգեբանական աջակցություն, քանի որ շատ կազմակերպություններ սոցիալական ծառայություններ էին տրամադրում, բայց մեկը պետք է լիներ, որ օգներ, թե այդ ցանցի մեջ ուր գնա, ինչպես գնա: Նաեւ այն հանգամանքը կար, որ հոգեբանական ծառայություններն անվճար չէին: Իսկ այդ մարդիկ, որ երկար ժամանակ շրջափակման մեջ էին գտնվել, բռնագաղթի էին ենթարկվել, սթրեսային իրավիճակներում էին, նրանց հոգեբանական աջակցություն էր պետք»: Նաև նշեց, որ պատերազմից երկու տարի է անցել, բայց մարդիկ դեռ հոգեբանական աջակցության կարիք ունեն, եւ այդ ուղղությամբ հետեւողական աշխատանք պետք է տանել:
Հաջորդ ծրագրով անվճար հոգեբանական աջակցության ծառայություն են հիմնելու ԲԿ-ում
Մասիսի աջակցության կենտրոնի շահառուների 98%–ն Արցախից տեղահանվածներ են եղել: Նրանք գլխավորապես ունեցել են հոգեսոմատիկ խնդիրներ՝ սթրեսի հետեւանքով ֆիզիկական ցավեր էին ունենում:
Մասիսի կենտրոնում սոցիալ-հոգեբանական աջակցություն է տրամադրվել 1315 հոգու: Նրանցից 1278-ը բռնի տեղահանված էր Արցախից: Ընդ որում՝ աջակցություն ստացածներից 673-ը տղամարդ է եղել, 642-ը՝ կին:
Փաթրիսիա Խորշիտեանն ասում է՝ սկզբից մտածում էին դեղորայք բաժանել կամ ֆինանսական օգնություն տրամադրել, բայց քանի որ պետությունը դա անում էր, ֆրանսիական ասոցիացիան բացը տեսավ հոգեբանական ծառայությունների մատուցման սեգմենտում: «Հետքի» զրուցակիցը նշում է, որ ԲԿ-ներում հոգեբանական աջակցության ծրագիր չկա, հոգեբույժներ կան, որոնք աշխատում են խիստ սահմանափակ աշխատանքային ժամանակով, եւ նրանց ծառայություններից օգտվելը վճարովի է։
Ըստ նրա՝ սա է նաեւ պատճառը, որ կազմակերպությունն իր հաջորդ ծրագրի շեշտադրումն անելու է ԲԿ-ների վրա: Մտադիր են պիլոտային (փորձնական) ծրագիր սկսել Մասիսի ԲԿ-ում։ Ցանկանում են անվճար հոգեբանական աջացկության ծառայություն հիմնել՝ ընդգրկելով հոգեբույժ եւ սոցաշխատող։ Այցելուները տեղում կարող են ստանալ հոգեբանական աջակցություն։ Մեկամյա ծրագիրը մեկնարկելու է սեպտեմբերից։ Փ. Խորշիտեանն ավելացնում է, որ կազմակերպչական հարցերի շուրջ դեռ քննարկումների մեջ են Առողջապահության նախարարության հետ:
Իսկ թե ինչու է ընտրվել Մասիսի ԲԿ-ն, մեր զրուցակիցն ասում է, որ երկու պատճառ կար՝ այդտեղ ունեին աջակցության կենտրոն, երկրորդ՝ ակտիվ համագործակցություն է ձեւավորվել Մասիսի ԲԿ-ի ու համայնքապետարանի հետ:
Արցախի բռնագաղթից հետո Մասիսում սոցիալ-հոգեբանական կենտրոն է հիմնվել
Բռնագաղթած արցախցիների հոգեկան առողջությանն ուղղված երկրորդ ծրագիրը 2023-ի աշնանը սկսել է Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան, որը Մասիսում սոցիալ-հոգեբանական կենտրոն է հիմնել «Հ. Հովնանյան» ընտանեկան հիմնադրամի, ՅՈւՆԻԵՍՖ-ի եւ Մասիսի համայնքապետարանի մասնակցությամբ (այժմ կոչվում է Սոցիալական աջակցության կենտրոն)։ Կենտրոնը հնարավորություն է տալիս ստանալ հոգեբանական անվճար աջակցություն։ «Հ. Հովնանյան» հիմնադրամը մեկ տարուց ավելի ֆինանսական աջակցություն է տրամադրել կենտրոնին, իսկ այժմ այն հովանավորում են ՅՈւՆԻՍԵՖ-ն ու ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը (UNECHR)։
Կենտրոնի համակարգողը Արցախի Մարտունի քաղաքից Զառա Պետրոսյանն է։ Մինչեւ բռնագաղթը նա Արցախի Մարտունի քաղաքում գործող սոցիալ-հոգեբանական կենտրոնի համակարգողն էր։ Զառան պատմում է, որ Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանը վերապատրաստել էր իրենց 6-ամսյա դասընթացների շրջանակներում, ինչից հետո՝ 2020-ին, ինքն սկսել էր սոցաշխատանքը Արցախում։ Բռնագաղթից հետո Միրա Անտոնյանը Զ. Պետրոսյանին ու գործընկերներին հրավիրել է աշխատանքի։
Մասիսում գործող կենտրոնն ունի 4 սոցաշխատող, մեկ լոգոպեդ ու հոգեբան։ Այս փոքր կազմով նրանք սպասարկում են Մասիս քաղաքն ու խոշորացված համայնքում ներառված 9 գյուղերը։ Երկու տարվա ընթացքում աշխատել են մոտ 970 ընտանիքի հետ, որոնցից ավելի քան 500-ը, ըստ մեր զրուցակցի, խնդիրներ ունեն։
Պատերազմի հետեւանքով խանգարվել է երեխաների խոսքը, քունը
Մասիսի սոցիալ-հոգեբանական կենտրոնի լոգոպեդին այցելում է 22 երեխա։ Նրանք հիմնականում խոսքի խանգարում ունեն։ Զառա Պետրոսյանն ասում է՝ դեպքեր կան, որ երեխայի խոսքը խանգարվել է պատերազմի հետեւանքով։ «Շահառու ունենք, որի երեխաները պատերազմից հետո չեն կարողանում քնել։ Մշտապես շտապօգնություն են կանչում։ Ահավոր վիճակ է՝ երեխաները կակազում են, ուշաթափվում։ Լոգոպեդի եւ հոգեբանի աշխատանքից հետո հասկացանք, որ այդ միջամտությունը շատ կարեւոր է»,- նկատում է կենտրոնի համակարգողը։
Մեծահասակները շփման կարիք ունեն, տարեցներն իրենց մեկուսացված են զգում։ Զառան պատմում է, որ տատիկների խումբ ունեն, նրանք կենտրոն են այցելում միմյանց հետ շփվելու համար։ Կենտրոնում կազմակերպում են ազգային ուտեստների օրեր, միասին կինո ու թատրոն են հաճախում։ Այդպես փորձում են սերտացնել արցախցիների ու տեղացիների կապը։
Զառա Պետրոսյանը նշում է, որ աշխատելու սկզբնական շրջանում մտածում էին, թե աշխատանքի ընթացքում խնդիրները կլուծվեն, բայց հակառակն է՝ դրանք շատացել են, տագնապայնությունը՝ բաձրացել։ Ընտանիքներ կան, որտեղ ամուսինները վատ հոգեվիճակում են՝ ամուսնալուծությունների շեմին։
«Շահառու ունենք, որին սոցաշխատողը 24 ժամ հսկում է։ Ցնցումներ է ունենում, հալյուցինացիաներ։ Նա 8 տարեկան երեխա ունի։ Խնդիրները պատերազմից հետո են առաջ եկել, ամուսինն էլ լքել է ընտանիքը»,- նկատում է «Հետքի» զրուցակիցը։
Եղել են նաեւ ծանր ու արտառոց դեպքեր։ Օրինակ, սոցաշխատողը մինչեւ կեսգիշեր խոսել է շահառուի հետ, որպեսզի ծայրահեղ քայլի չդիմի, մինչեւ հարեւանը կարողացել է շտապօգնություն կանչել։
Կենտրոնի հիմնադրումից մինչ օրս շահառու ընտանիքներում գրանցվել է 35 մահվան դեպք՝ 35–70 տարիքային հատվածում։ Մահվան պատճառները տարբեր են եղել՝ սրտամկանի կաթված, ուղեղի կաթված, միանգամից հայտնաբերված չարորակ ուռուցք։ Եղել է նաեւ ինքնասպանության դեպք։
«Այս պահին վիճակն ավելի տագնապային է, քան բռնագաղթից հետո էր»,- ասում է կենտրոնի համակարգողը, որի բնորոշմամբ՝ եթե իրենց աշխատանքը չլինի, շահառուները կվերադառնան նախկին վիճակին։ Իսկ աշխատանքն օր ու ժամ չի հարցնում։ Աշխատում են սովորականից ավելի երկար։ Օր է լինում, երբ Զառան առաջարկում է աշխատակիցներին տանը մնալ, քանի որ նախորդ օրը երկար էին աշխատել, բայց գործընկերները հրաժարվում են։ Զառան ասում է, որը այս աշխատանքը նաեւ իրենց է ուժեղացնում։
Ի՞նչ առողջական խնդիրներով են արցախցիները դիմում Մասիսի ԲԿ
2023 թ. սեպտեմբերից մինչեւ 2025 թ. օգոստոսի 25–ը ավելի քան 3 000 արցախցի է հաշվառվել Մասիսի պոլիկլինիկայում՝ չհաշված գյուղական ամբուլատորիաների հաշվառումները։ Այս մասին «Հետքին» հայտնել է Մասիսի ԲԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Մանուկյանը։ Նախկինում նա զինվորական բժիշկ է եղել, 6 տարի ծառայել է Արցախում՝ Ներքին Հոռաթաղ, Սրխավենդ, «Եղնիկներ», որպես բուժծառայության պետ:
Մանուկյանի դիտարկմամբ՝ արցախցիները բոլոր արտոնություններից օգտվում են, ինչպես Մասիսի կամ Արարատի մարզի բնակիչները, այդ թվում՝ ստացիոնար ծառայություններից, պետպատվերով տրամադրվող դեղորայքից, ինչպես նաեւ իրենց հասանելի արտոնություններից: «Օրինակ, մեզ մոտ կարող է բնակիչ լինել, որի վիրահատությունը պետպատվերով չլինի, քանի որ կարգ չունի, բայց իրենց հասնում է՝ որպես Արցախից տեղահանված»,- նկատում է տնօրենի պաշտոնակատարը:
Արցախցիները դիմում են ԲԿ հիմնականում արյան ճնշման, շաքարային դիաբետի, սեզոնային վիրուսների հարցերով: Եթե ստացիոնար բուժման կարիք է լինում, հոսպիտալացվում են, կարգավիճակից ելնելով էլ՝ համապատասխան բուժօգնություն են ստանում պետպատվերի շրջանակներում:
«Արյան ճնշման խնդիրներով այցելուներն են շատ, քանի որ մարդիկ այնտեղ սթրես են տարել, հարազատ են կորցրել, բայց կա, որ ընտանիքով գալիս են, ու նրանցից մեկն է լինում մեզ մոտ հաշվառված։ Ասում եմ՝ ամեն մեկդ տարբեր տեղեր չգնա, եկեք բոլորով այստեղ հաշվառվեք, որպեսզի ամբողջ ծածկույթը կարողանանք ապահովել։ Գյուղում հաշվառվում, են, հետո այստեղ գալու համար առանձին ուղեգիր են բերում, բայց երբ ընտանիքով հաշվառվում են այստեղ, ուղեգրերի կարիք չի լինում»,- ասում է Արթուր Մանուկյանը։
Բռնագաղթից մինչեւ 2025 թ. հունիս ամիսը Մասիսի ԲԿ-ում 111 արցախցի է վիրահատվել, 91 հոգի էլ պետպատվերով բուժում է ստացել: Նույն ընթացքում արցախցիների շրջանում գրանցվել է 16 ծննաբերություն Մասիսի ԲԿ-ում: Դիտարկմանը, որ այս թիվը բավականին փոքր է Մասիս համայնքում ապրող արցախցիների թվի համեմատ, Ա. Մանուկյանը պատասխանում է, որ արցախցիները հաճախ նախընտրում են այցելել հենց արցախցի բժիշկների: Ու չնայած Մասիսի ԲԿ-ում կանանց կոնսուլտացիաների առումով հսկվողների մեծ թիվ ունեն, ծննաբերության համար նրանք հիմնականում այցելում են այն բժիշկներին, որոնց մոտ նախկինում ծննդաբերել են:
Մասիսի ԲԿ-ի բուժական մասում աշխատում է նաեւ 15 արցախցի՝ թե՛ բժիշկներ, թե՛ բուժքույրեր:
Ի՞նչ պետք է անի պետությունը
Մասիսի ԲԿ-ի տնօրենի պաշտոնակատարն ասում է, որ պետությանը հատուկ առաջարկ չունի, քանի որ այն ծածկույթը, որ այս պահին ապահովում են, շատ մեծ աջակցություն է: Հավելում է, որ ներկայում ինչքան աշխատանք կատարեն, դրա դիմաց վարձատրվում են, մինչդեռ նախկինում ԲԿ-ին հատկացնում էին ինչ-որ ծավալի գումար, որից ավել աշխատանք չէին կարող կատարել: Ներկայումս ԲԿ-ի խնդիրը շենքային պայմաններն են: Երբ այս հարցը լուծվի ու նոր մասնաշենք տեղափոխվեն՝ ծառայություններն էլ կշատանան:
Զառա Պետրոսյանն իր հերթին նկատում է, որ Մասիսի սոցիալական աջակցության կենտրոնն աշխատանքի է ընդունել 3 սոցիալական սպասարկողի։ Զառայի խոսքով՝ ավելի շատ բնակավայրեր կընդգրկեն, սակայն միեւնույնն է՝ գյուղերում մասնագետների կարիք կա՝ բուժաշտաողների, սոցիալական աշխատողների և հոգեբանների։ Առաջնահերթ է մարդկանց իրազեկվածության մակարդակի բարձրացումը։
«Արցախցիներն այս պահին մտածում են՝ անձնագիր վերցնե՞ն, թե՞ ոչ։ Մենք չենք ստիպում, որ անձնագիր վերցնեն, բայց այս պահին այստեղ են ապրում, եւ մենք նրանց սովորեցնում ենք ապրել։ Օրինակ, ես անձնագիր եմ վերցրել, ապրում եմ ՀՀ-ում եւ ուզում եմ կարգավորել իմ կյանքը։ Իրենք ասում են՝ մենք գնալու ենք Արցախ: Կգնաս, բայց էս պահին էստեղ ես, պիտի մտածես, որ չթուլանաս, պիտի աշխատես։ Ես այդ եմ սովորեցնում իրենց»,– ասում է Զ. Պետրոսյանը։
«Աշխարհի բժիշկներ» ֆրանսիական ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչության համակարգող Փաթրիսիա Խորշիտեանն էլ դրական է գնահատում բռնագաղթից հետո իրենց իրականացրած սոցիալ-հոգեբանական աջակցության ծրագիրը Մասիսում: Ըստ նրա՝ այն ցույց է տվել, որ հոգեբանական աջակցության կարիքը մեծ է: «Մենք ուզում ենք համագործակցել Առողջապահության նախարարության հետ, որպեսզի մեր փորձառությունն էլ օգտակար դարձնեն հայաստանյան առողջապահական համակարգի համար»,- ասում է մեր զրուցակիցը:
Մասիսի համայնքապետարանից «Հետքին» հայտնել են, որ նշված կազմակերպություններից բացի, Մասիսում ապաստանած արցախցիներին մեծապես աջակցել են թե՛ համայնքի բնակիչները, թե՛ համայնքում գործող տնտեսվարողները, գործարարները, նաեւ արտերկրում բնակվող մասիսցիները: Համայնքապետարանից փոխանցում են, որ արցախցիները մշտապես գտնվում են իրենց ուշադրության կենտրոնում: Այս պահին նրանց համար առաջնահերթը բնակարանային ապահովումն է ու աշխատանքը:
Լուսանկարները՝ Մարինե Մարտիրոսյանի, Նարեկ Ալեքսանյանի, Գայանե Հովսեփյանի
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ ընթացող «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» (www.juremonia.am) ծրագրի ենթադրամաշնորհի շրջանակներում։
Մեկնաբանել