
Բաքվի դատարանում հրապարակվել են Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի և Արայիկ Հարությունյանի նախաքննական ցուցմունքները
Օգոստոսի 28-ին շարունակվել է Բաքվում ապօրինի պահվող Արցախի ռազմա-քաղաքական ղեկավարների գործով դատավարությունը՝ նախագահությամբ Բաքվի ռազմական դատարանի դատավոր Զեյնալ Աղաևի։
Դատավարությանը ներկա են լինում միայն ադրբեջանական պետական եւ իշխանությունների կողմից վերահսկվող լրատվամիջոցները։ Հնարավոր չէ այլ աղբյուրներից ճշտել դատվող հայերին վերագրվող հայտարարությունները:
Ադրբեջանի «Ազերթաջ» պետական լրատվական գործակալությունը գրում է, որ դատական նիստի ընթացքում հրապարակվել են Արցախի Հանրապետության երկրորդ, երրորդ և չորրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի և Արայիկ Հարությունյանի նախաքննական ցուցմունքները և նրանց վերաբորող այլ փաստաթղթեր։
Նախաքննական ցուցմունքում Արկադի Ղուկասյանը հայտարարել է, որ որպես Արցախի Հանրապետության նախագահ, ինքը լիազորություն է ունեցել որոշումներ կայացնելու ցանկացած պաշտոնական նշանակումների վերաբերյալ։ Միակ բացառությունը եղել է պաշտպանության նախարարի պաշտոնը, դրա նշանակումը կամ պաշտոնից ազատումը տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ նախագահի հետ համաձայնեցումից հետո։
Ըստ ադրբեջանական լրատվականի, Ա. Ղուկասյանը նախաքննական ցուցմունքում նշել է, որ զենք-զինամթերք Արցախ մատակարարվել է բացառապես ՀՀ պաշտպանության նախարարության կողմից։ Նա նշել է, որ Արցախի պաշտպանության նախարարությունը գործել է որպես ՀՀ պաշտպանության նախարարության անբաժանելի մաս։
Հրապարակվել է նաև Արայիկ Հարությանի նախաքննական ցուցմունքը։ Ըստ դրա՝ Արայիկ Հարությունյանը իբրև թե ասել է, որ Արցախյան առաջին պատերազմի և հետագա ժամանակահատվածում Հայաստանից զինված ուժեր են տեղափոխվել և տեղակայվել Արցախում: «Ապրիլյան մարտերի ժամանակ Ադրբեջանի զինված ուժերի դեմ կռվել են Հայաստանի ենթակայության տակ գտնվող և նրա կողմից ֆինանսավորվող ռազմական կազմավորումներ: Ինչպես նախկինում, զենք-զինամթերքի, ռազմական տեխնիկայի և մարդկային ուժի տեսքով աջակցությունը տրամադրվել է Հայաստանի կողմից»,- մեջբերել է ադրբեջանական լրատվական գործակալությունը։
Ա. Հարությունյանը նշել է նաև, որ 2020 թվականին՝ 44-օրյա պատերազմի ժամանակ, այցելել է զորանոցներ և դիրքեր՝ զինվորների մարտական ոգին բարձրացնելու համար, սակայն բոլոր ռազմական հրամաններն ու հրահանգները եկել են Հայաստանի Պաշտպանության նախարարությունից և Գլխավոր շտաբի պետից: Արայիկ Հարությունյանն իր նախաքննական ցուցմունքում իբրև նշել է, թե այն ժամանակ Գլխավոր շտաբի պետը Օնիկ Գասպարյանն է եղել, և հենց նա էլ տվել է բոլոր հրամաններն ու հրահանգները 44-օրյա պատերազմի ընթացքում։
Ցուցմունքում նշվել է, որ «Տոչկա-Ու», «Սմերչ», «Սկադ» հրթիռային համակարգերը չեն եղել Արցախի պաշտպանության բանակի ռազմական զինանոցի մաս: Նա իբրև նշել է, թե 44-օրյա պատերազմի ընթացքում Հայաստանից մատակարարվել և Ասկերանում տեղակայվել են երկու «Սմերչ» հրթիռային համակարգեր։
Ադրբեջանական լրատվական գործակալությունը նշում է․ «տեսնելով, որ այլևս ազդեցություն չունի ընթացող գործընթացների վրա, նա հրաժարական է տվել 2023 թվականի օգոստոսի 31-ին՝ հրաժարվելով նախագահությունից:
Նիստը շարունակվել է Արայիկ Հարությունյանի կողմից մամուլում և սոցիալական ցանցերում հրապարակված տեղեկատվության և հայտարարությունների հրապարակմամբ, ինչպես նաև ներկայացվել են լուսանկարներ:
Հրապարակվել է նաև Բակո Սահակյանի նախաքննության ընթացքում տված ցուցմունքը։ Համաձայն դրա՝ 1988 թվականից նա հայտնի էր որպես ազատագրական շարժման ակտիվիստներից մեկը, 1990 թվականին միացել է ինքնապաշտպանության ուժերին, 1992-1993 թվականներին զբաղեցրել է Արցախի ինքնապաշտպանության ուժերի կոմիտեի պետի տեղակալի պաշտոնը, 1993-1995 թվականներին՝ Արցախի պաշտպանության բանակի լոգիստիկայի շտաբի պետ, 1995-1996 թվականներին՝ Արցախի պաշտպանության բանակի արտաքին հարաբերությունների գծով հրամանատարի տեղակալ, 1996-1997 թվականներին՝ 10-րդ լեռնահրաձգային դիվիզիայի հրամանատարի տեղակալ, 1997-1999 թվականներին՝ ՀՀ ՆԳ և Ազգային անվտանգության նախարարի օգնական, 1999-2001 թվականներին՝ Արցախի ներքին գործերի նախարար, իսկ 2001-2007 թվականներին՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն։ 2007-ից 2020 թվականներին նա Արցախի Հանրապետության նախագահն է եղել, զբաղեցրել է նաև պետնախարարի պաշտոնը։
Իր ցուցմունքում, ըստ ադրբեջանական լրատվականի, Բակո Սահակյանը նշել է նաև, որ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ բոլոր ռազմական գործողությունները ղեկավարել են ինքնապաշտպանության ուժերի կոմիտեի նախագահը, իսկ ավելի ուշ՝ Արցախի պաշտպանության բանակի նախագահ Սերժ Սարգսյանը, ինչպես նաև Վազգեն Սարգսյանն ու Վազգեն Մանուկյանը, որոնք Հայաստանի պաշտպանության նախարարներն էին։ Իսկ ընդհանուր ղեկավարումն իրականացրել են Պաշտպանության պետական կոմիտեի նախագահ Ռոբերտ Քոչարյանը և այն ժամանակվա ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա այսօր՝ օգոստոսի 29-ին։
Նշենք, որ այս քրեական գործով մեղադրյալները 15-ն են` Արցախի Հանրապետության երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, Արցախի չորրորդ նախագահ Արայիկ Հարությունյանը, Արցախի երրորդ նախագահ Բակո Սահակյանը, Արցախի ԱԺ վերջին նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը և ևս 8 գերիներ՝ Գարիկ Մարտիրոսյան, Մելիքսեթ Փաշայան, Դավիթ Ալավերդյան, Գուրգեն Ստեփանյան, Լևոն Բալայան, Մադաթ Բաբայան, Վասիլի Բեգլարյան, Էրիկ Ղազարյան։
15 հայ գերիներին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի Քրեական օրենսգրքի հետևյալ հոդվածներով՝ 100 (ծրագրում, նախապատրաստում, ագրեսիվ պատերազմի սանձազերծում կամ վարում), 102 (հարձակում միջազգային պաշտպանություն վայելող անձանց և կազմակերպությունների վրա), 103 (ցեղասպանություն), 105 (բնակչության ոչնչացում), 106 (ստրկատիրություն), 107 (բնակչության տեղահանում կամ բռնի տեղահանում), 109 (հետապնդում), 110 (անձանց հարկադիր անհետացում), 112 (ազատազրկում, որը հակասում է միջազգային իրավունքին), 113 ( խոշտանգումներ), 114 (վարձկանություն), 115 (պատերազմի օրենքների և սովորույթների խախտում), 116 (միջազգային մարդասիրական իրավունքի խախտում զինված հակամարտությունների ժամանակ), 118 (պատերազմական կողոպուտ), 120 (դիտավորյալ սպանություն), 192 (ապօրինի բիզնես), 214 (ահաբեկչություն), 214-1 (ահաբեկչության ֆինանսավորում), 218 (հանցավոր համայնքի կազմակերպում (հանցավոր կազմակերպություն)), 228 (ապօրինի կերպով զենք, դրանց համար բաղադրամասեր, զինամթերք, պայթուցիկ նյութեր և պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, տեղափոխելը, վաճառելը, պահելը, փոխադրելը կամ կրելը), 270-1 (վտանգավոր գործողություններ՝ ավիացիոն անվտանգությանը), 277 (պետական կամ հասարակական գործչի դեմ մահափորձ), 278 (իշխանության բռնությամբ զավթում կամ իշխանության բռնի պահպանում, պետության սահմանադրական կարգի բռնի փոփոխություն), 279 (զինված կազմավորումների կամ խմբերի ստեղծում) և այլ հոդվածներով:
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործն էլ քննվում է առանձին վարույթով:
Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները ապօրինի ազատազրկված են Բաքվում 2023 թվականի սեպտեմբերից։ Արցախի ամբողջական օկուպացիայից հետո Ադրբեջանի ուժայինները ձերբակալեցին և Բաքու տեղափոխեցին Արցախի նախկին և ներկա ռազմաքաղաքական ղեկավարության 8 ներկայացուցիչների։
Գլխավոր լուսանկարը՝ Ադրբեջանի «Ազերթաջ» պետական լրատվական գործակալության
Մեկնաբանել