HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Ղազարյան

Սամվել Կարապետյանի նախաձեռնած «Մեր ձևով» շարժման մեկնարկը տրված է

Այսօր՝ օգոստոսի 29-ին, տեղի ունեցավ «Մեր ձևով» կամավորական շարժման շնորհանդեսը։ Շարժման հիմնադիրներից Նարեկ Կարապետյանը նշեց, որ սա ապաքաղաքական շարժում է, սակայն դրա հիման վրա առաջիկայում ստեղծվելու է կուսակցություն։

«Ինչ է նշանակում կամավորական շարժում, և ինչու ենք մենք դրա, այլ ոչ թե կուսակցության մեկնարկի մասին հայտարարում։ Կամավորական շարժումը այն հարմար ձևաչափն է, որը թույլ կտա, առանց բաժանելու մեր հասարակությանը, համախմբել մարդկանց լավ, մեծ ու բարի գործեր անելու համար»,- ասաց Կարապետյանը։

Նա նաև նշեց, որ շարժման մասնակիցները կարող են լինել տարբեր մասնագիտությունների և հայացքների տեր մարդիկ։

Շարժման շրջանակներում կգործեն հինգ խմբեր, որոնք ծրագրեր կմշակեն տարբեր ոլորտների զարգացման համար։ Առաջին խումբը կզբաղվի տնտեսական, երկրորդը՝ ժողովրդագրական, երրորդը՝ արտաքին քաղաքականության մոդելների մշակմամբ։ Չորրորդ խումբը բացահայտելու է երիտասարդ տաղանդներին, իսկ հինգերորդը զբաղվելու է Հայ առաքելական եկեղեցու և ազգային արժեքների պահպանմամբ։

Այս շարժումը ստեղծվել է գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ։

Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանը ձերբակալվել էր հունիսի 17-ի երեկոյան։ Ձերբակալման առիթ էր դարձել նույն օրը «News.am»-ին տված հարցազրույցում արտահայտած մտքերը։

Կարապետյանն իր աջակցությունն էր հայտնել Մայր Աթոռին և քննադատել իշխանությունների կողմից եկեղեցու և բարձրաստիճան եկեղեցականների թիրախավորումը։

«Փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել ա հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա: Քանի որ ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցություն: Եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու էդ ամեն ինչին»,- ասել էր Կարապետյանը։

Ձերբակալվելուց ավելի քան երկու շաբաթ անց ԱԱԾ մեկուսարանից հղած ուղերձում Կարապետյանն ասել էր, որ եկել է սկզբունքորեն նոր քաղաքական ուժի շուրջ միավորվելու ժամանակը։

«Մեր ձևով» շարժման շնորհանդեսից հետո Նարեկ Կարապետյանը պատասխանեց լրագրողների հարցերին։ Լրագրողի այն հարցին, թե ինչպես է Սամվել Կարապետյանը ղեկավարելու ապագայում ստեղծվելիք կուսակցությունը՝ հաշվի առնելով նրա երկքաղաքացի լինելու հանգամանքը, Կարապետյանն ասաց, որ Սամվել Կարապետյանը լինելու է կուսակցության գաղափարական առաջնորդը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter