HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեպտեմբերի 3-ին Բաքվում փակվելու է Կարմիր խաչի գրասենյակը. մեկնաբանում է ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության ղեկավարը

Սեպտեմբերի 3-ից Բաքվում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակը կդադարեցնի գործունեությունը, սակայն ԿԽՄԿ-ն չի դադարեցնի շփումը Ադրբեջանի իշխանությունների հետ:

Այս մասին օգոստոսի 29-ին Գորիսում կազմակերպված եւ անհետ կորածներին նվիրված լուսանկարչական ցուցահանդեսի ժամանակ լրագրողներին ասել է Դաֆնե Մարեն՝ Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարը:

«Մենք շարունակելու ենք փորձեր անել եւ առաջարկել մեր չեզոք միջնորդի դերը մի շարք հարցերում: Բնականաբար, այստեղ շատ կարեւոր հարցերից է անհետ կորածների խնդիրը: Սա հաշվի առնելով՝ առաջիկայում ուզում ենք որպես չեզոք միջնորդ ընդգրկվելու հնարավորություն ունենալ»,- նշում է Դ. Մարեն:

Ըստ նրա՝ կարեւոր է հանգամանքը, որ վերջին տասնամյակների ընթացքում իրենց կատարած աշխատանքը չի մոռացվել, եւ իրենք շարունակելու են համագործակցել Ադրբեջանի իշխանությունների հետ անհետ կորածների հարցի շուրջ՝ փոխանցելով նրանց մասին տեղեկությունները:

«Բոլորդ հետեւել եք խաղաղության համաձայնագրի զարգացումներին, բնականաբար, տեսել եք՝ այդտեղ նշված է, որ կլինի որոշակի մեխանիզմ, որը կգործարկվի միջազգային կազմակերպությունների ներգրավվածությամբ՝ անհետ կորածների ճակատագրերի պարզաբանման համար: Այս առումով տեսնում ենք հնարավորություն նաեւ մեր դերն առաջարկելու եւ հետագա աշխատանքներում որոշակի աջակցություն ցուցաբերելու նպատակով»,- ասում է ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության ղեկավարը:

«Հետքի» դիտարկմանը, որ անհետ կորածների հարազատները Բաքվում ԿԽՄԿ գրասենյակի փակմամբ նրանց մասին հնարավոր տեղեկություններ ստանալու ճգնաժամ են տեսնում, Դաֆնե Մարեն պատասխանել է, որ Կարմիր խաչի կարեւորագույն նպատակներից է առավելագույնս բաց եւ թափանցիկ լինել անհետ կորածների ընտանիքների հետ: Ըստ նրա՝ հարազատների վախերը հասկանալի են, մյուս կողմից՝ իրենք անհետ կորածների մասին ցանկացած նոր տեղեկություն անմիջապես փոխանցում են ընտանիքներին: Բանախոսի փոխանցմամբ՝ թափանցիկության բաղադրիչով կառուցված այս հարաբերությունները շարունակական են լինելու Հայաստանում:

Հարցին, թե արդյոք Բաքվում հայ գերիներին այցերը շարունակելու հնարավորություն դիտարկվում է, միջազգային մարդասիրական կառույցի ներկայացուցիչը պատասխանում է, որ Ադրբեջանի իշխանությունների հետ քննարկումները դեռեւս շարունակում են: Ըստ նրա՝ քննարկել են բոլոր հնարավոր տարբերակները, սակայն հաջողություն չեն ունեցել: «Այս պահի դրությամբ չենք կարողանում մուտք գործել եւ շարունակել մեր աշխատանքը: Սակայն չենք դադարեցնելու ջանքերն ու փորձերն այդ ուղղությամբ»,- ասում է տիկին Մարեն:

Անդրադառնալով հայ գերիների պահման պահմանների ու առողջական վիճակի մասին «Հետքի» հարցին՝ Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարն ասում է. «Մինչեւ հունիս մենք տեսակցել ենք բոլոր պահվող անձանց, որոնց անունները հաստատվել են Ադրբեջանի իշխանությունների կողմից: Բնականաբար, գնահատել ենք նրանց պահման պայմաններն ու առողջական վիճակը: Եթե կարիք է եղել լրացուցիչ մասնագետի ներգրավվածության, ապա համապատասխան բժշկի հետ միասին ենք այցելել: Ինչ վերաբերում է պահման պայմաններին, նրանց հանդեպ վերաբերմունքին, առողջությանը եւ այլն, այդ հարցերը շարունակաբար քննարկել ենք մեր հաջորդ տեսակցությունների ժամանակ, սակայն դրանք հանրային մակարդակով քննարկելու հարցեր չեն: Դրանք երկխոսության միջոցով քննարկում ենք այն իշխանությունների հետ, որոնք պատասխանատու են այդ հարցում»:

Մեկնաբանելով Ադրբեջանի իշխանությունների պահանջով Բաքվում ԿԽՄԿ գրասենյակի գործունեության դադարեցումը՝ Դ. Մարեն ընդգծում է, որ Ադրբեջանի հետ շփումները շարունակվելու են ԿԽՄԿ գլխամասի մակարդակով, այսինքն՝ դրանք չեն դադարեցվելու:

«Մենք վստահ ենք եւ լիահույս, որ այն խնդիրները, որոնցով զբաղվել ենք, մեր կարեւորությունն ու նշանակությունը իշխանությունները ճանաչում են: Իրավասու չեմ պատասխանել, թե ինչու են Ադրբեջանի իշխանությունները որոշում կայացրել փակել գրասենյակը Բաքվում: Գուցե դա այն հարցն է, որ նրանք պետք է պարզաբանեն, բայց մեր աշխատանքը շարունակելու ենք: Ցանկացած հնարավորություն կփորձենք օգտագործել՝ առաջարկելով մեր փորձը, կարողություններն ու այն ամենը, ինչ ներդրել ենք այս տարիներին»,- ասում է ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության ղեկավարը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter