ԲԴԽ նախկին նախագահը՝ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ԲԴԽ նախկին նախագահ Կարեն Անդրեասյանն այսօր' 2025թ. օգոստոսի 30-ին, նշանակվել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ։
Հիշեցնենք, որ մեկ օր առաջ՝ վարչապետի 2025թ. օգոստոսի 29-ի որոշմամբ, Լիպարիտ Դրմեյանն ազատվեց Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի պաշտոնից։
Օգոստոսի 28-ի ճեպազրույցում լրագրողներից մեկի հարցին ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Կառավարությունը չի պատրաստվում կատարել «Հայաստանի էլեկտրական ցանցերի» բռնագրավումն արգելող Ստոկհոլմի արբիտրաժի հրատապ որոշումը, և որ Կառավարությունը հաղթել է արբիտրաժում։
Նա նաև նշեց, որ Կառավարությունում հակառակ դիրքորոշում ունեցող պաշտոնյաները պետք է լքեն գործադիրը։
«Կառավարությունից ով դիրքորոշում հայտնել է, թող դիմում գրի, գնա, բացարձակապես նման դիրքորոշում չի կարող լինել։ Կառավարությունը ես եմ, որևէ մեկը չի կարող իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունենալ, ընդհանրապես, եթե Կառավարությունում մարդիկ կան, որոնք իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունեն, հենց հիմա թող դիմում գրեն ու շենքերից դուրս գան, եթե ոչ, ապա ես ինքս նրանց կհանեմ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք՝ Ստոկհոլմի արբիտրաժային ինստիտուտը Կառավարությունից պահանջել էր հրաժարվել ընկերության ակտիվներն առգրավելուց, չփոխել ՀԷՑ-ի կառավարման մարմինների անդամներին ու կանոնադրությունը: Այս որոշումից հետո վարչապետի աշխատակազմի Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը մեկնաբանել էր, որ միջազգային արբիտրաժի որոշումը պարտադիր է կատարման համար:
Նշենք, որ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը սեփական դիմումի համաձայն ազատվել էր պաշտոնից 2025թ. մարտի 6-ին։ Այդ պաշտոնում նշանակվել էր 2019թ. օգոստոսին։ Ազատվելուց հետո գրասենյակի աշխատանքները ղեկավարում էր Լիպարիտ Դրմեյանը։
Ինչ վերաբերում է Կարեն Անդրեասյանին, ապա մինչ այս պաշտոնը զբաղեցնելը՝ եղել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահը և այդ պաշտոնին հրաժեշտ է տվել 2024թ. նոյեմբերին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի ցուցումով՝ sms հաղորդագրության միջոցով։ Իրավապաշտպանները երկար ժամանակ քննարկում էին, թե վարչապետն ինչպես կարող էր մեկ հաղորդագրությամբ պահանջել պաշտոնից հրաժարվելու դիմում ներկայացնել անկախ մարմնի ղեկավարին։
Կ. Անդրեասյանը 2021-2022թթ. եղել է Արդարադատության նախարար, որից հետո էլ ընտրվել էր ԲԴԽ նախագահ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել