HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

Անվերջանալի սպասում. օգոստոսի 30-ը անհետ կորածների օրն է

Լուիզա Ավդալյանի որդին՝ Արման Հովհաննիսյանը, արդեն հինգ տարի անհետ կորած է։ Հարազատները 2020 թվականի հոկտեմբերի 11-ից մինչ օրս նրանից ոչ մի լուր չունեն։

ԴՆԹ համընկնում չի եղել, Արմանի գտնվելու վայրից իր անձնական իրերից որևէ բան չի գտնվել։ 2020-ի պատերազմի օրերին  նա եղել է  Ջրականում (Ջաբրայիլ)։ Ռազմաճակատ էր գնացել կամավոր։ 28 տարեկան էր։

«Վերջին անգամ հոկտեմբերի 11-ին եմ խոսել իր հետ, դրանից հետո այլևս ոչ մի տեղեկություն չունեմ։ Ոչ մի պատասխան չունեն, ոչ մի լուր չկա իրենից ընդհանրապես»,֊ ասում է Լուիզա Ավդալյանը։

Նրա խոսքով՝ Քննչական կոմիտեից հայտնել են, որ իր զինակից ընկերներին հարցաքննել են, «Բոլորն ասում են, որ Արմանը ողջ է»:

«Ոչ ոք իրեն մահացած չի տեսել։ Էդ ենք ուզում պարզել, բայց չգիտեմ՝ ոնց։ Հինգ տարի ոչ մի տեղեկություն չկա։ Կարելի է չբացառել, որ գերի ընկած լինի։ Ես ավելի շատ վստահ եմ, որ ինքը ողջ է, ես էլ եմ դա զգում որպես մայր»,֊պատմում է նա։

Արման Հովհաննիսյանը պարտադիր զինվորական ծառայությունն անց է կացրել Արցախում, վարորդ էր։ 44-օրյա պատերազմին էլ որպես վարորդ էր գնացել։

Այսօր՝ օգոստոսի 30-ին անհետ կորածների միջազգային օրը միջոցառում էր կազմակերպվել 2020 թվականի արցախյան պատերազմի ընթացքում անհետ կորած զինվորների հիշատակին։

Միջոցառմանը ներկա էր նաև ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։ Նա «Հետքի» հետ զրույցում նշեց, որ թեման մշտապես իրենց ուշադրության կենտրոնում է:

«Մենք մշտապես կապի մեջ ենք անհետ կորած զինծառայողների ծնողների հետ։ Այս հարցը մեր մշտական ուշադրության կենտրոնում է։ Գրեթե բոլոր քննարկումներին, որոնք տեղի են ունեցել հատկապես Ազգային ժողովում, ես ներկա եմ եղել և պետք է ցավով արձանագրեմ, որ, օրինակ, Քննչական կոմիտեի ղեկավարը, այլ պաշտոնյաներ ուղղակի անտեղյակ են հիմնական քրեական գործերից։ Քննչական կոմիտեի ղեկավարը  պետք է ամբողջ ծավալով այս գործերին ծանոթ լիներ, որովհետև սա սովորական գործ չի։ Երբ հարցը վերաբերում է ինչ֊որ պաշտոնյայի, հատկապես նախկին իշխանությունների հետ առնչվող մարդկանց քրեական գործերին, ծայրից ծայր, ամբողջությամբ տիրապետում են, բայց սա մեր պետության և արժանապատվության համար մեկ գործն է, և իրենք պետք է ամբողջ ծավալով տեղյակ լինեն, բայց պետք է ցավով արձանագրեմ, որ իրենք ոչ միայն տեղյակ չեն, այլև չեն տեսնում հետաքրքրվածությունը այս գործերին տեղեկանալու և էս գործերը առաջ տանելու, ուղղակի էդ պատրաստակամությունը չկա»,֊ասաց պատգամավորը։

Գրիգորյանը քննադատեց նաև պետական մարմինների անգործությունը։ «Պետության ուղիղ պարտավորությունն է իր յուրաքանչյուր քաղաքացու ճակատագրով հետաքրքրված լինել։ Նշեց, որ հայ զինծառայողները գնացել են առաջնագիծ, այդ թվում նաև այս իշխանությունների հորդորով, մեր երկիրը պաշտպանելու։ 

«Եթե նրանց ուղարկել են պատերազմ, ապա հետո պետք է նաև պատասխանատվություն ստանձնեն նրանց ճակատագրի համար»,- ընդգծեց նա։

Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ անտարբերությունը տարածվում է նաև Ազգային անվտանգության ծառայության վրա։ ԱԱԾ ղեկավարը, ով պատասխանատու է անհետ կորածների հարցով զբաղվող հանձնաժողովի համար, ծնողների հետ հանդիպելու հետաքրքրություն չի ցուցաբերում։

Միջոցառմանը ներկա էին նաև միջազգային  և տեղական իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներ։ 

Միջոցառման բացման խոսքն ասաց անհետ կորած զինծառայող Առնոլդ Հովսեփյանի հայրը՝ Սամվել Հովսեփյանը։ Նա նշեց, որ որդին ավելի քան մեկ տարի համարվել է անհետ կորած։

«Ես ինքս այն մարդն եմ, որը ճաշակել է անհետ կորածի ծնող լինելու դառնությունը։ Որդիս 1 տարի 2 ամիս համարվում էր անհետ կորած։ Այսօր նա արդեն Եռաբլուրում է, բայց ես իմ պարտքն եմ համարում լինել այն մարդկանց կողքին, ովքեր դեռ սպասում են։ Ես գիտեմ՝ ինչ է նշանակում այդ սպասումը»,-ասաց Հովսեփյանը։

Սամվել Հովսեփյանը կոչ արեց և՛ հասարակությանը և՛ իշխանություններին չանտեսել այս խնդիրը:
«Ես այս ամբիոնից կոչ եմ անում մեր հասարակությանը, պետությանն ու իշխանություններին, հասարակական կազմակերպություններին, անհատներին, բոլորին։ Անհաղորդ մի՛ եղեք այս խնդրին։ Սա ցավոտ խնդիր է»,-նշեց նա։

 Տեղի ունեցավ նաև պանելային քննարկում֊հարցազրույց Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի հետ։

«Անորոշության մեջ մարդուն պահելը նույնպես հանցագործություն է, որովհետև տառապանք է պատճառում մարդուն և հասնում է խոշտանգման,֊նշեց Թաթոյանը։

Նրա խոսքով՝ խնդիրը վաղուց դուրս է միայն անհետ կորածների ընտանիքների շրջանակից, այն պետական խնդիր է։ Թաթոյանի խոսքով, պատկան մարմինները պարտավոր են գործել հետևողականորեն, իրականացնել արդյունավետ քննություններ և մեղավորներին բերել պատասխանատվության։ Երբ խոսքը վերաբերում է նախկին պաշտոնյաների գործերին, քննիչները մանրամասն տիրապետում են նյութերին։ Իսկ երբ հարցը զինվորների կյանքին է վերաբերում, հաճախ պաշտոնյաները նույնիսկ տեղյակ չեն։

Թաթոյանը հիշեցրեց նաև միջազգային պարտավորությունների մասին․ «Ժնևյան կոնվենցիաները, ՄԱԿ-ի հռչակագրերը, Եվրոպական դատարանի իրավական ակտերը՝ բոլորը պահանջում են, որ պետությունները չդադարեն պարզել անհետ կորածների ճակատագիրը։ Սակայն, Ադրբեջանը համակարգված ձևով խուսափում է այդ պարտավորություններից։ Նրանք փորձում են մեկուսացնել այս հարցը միջազգային հանրության աչքից՝ փակելով Կարմիր խաչի գրասենյակները, արհամարհելով ՄԱԿ-ի աշխատանքային խմբերի հարցումները։ Սա ամենևին չի նշանակում, որ մենք պետք է դադարենք օգտվել այդ մեխանիզմներից։ Ճիշտ հակառակը՝ դրանք հսկայական նշանակություն ունեն ապագա դատական գործընթացների համար»,-նշեց Արման Թաթոյանը։

Անդրադառնալով վերջերս հրապարակված Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագրի նախագծին՝ նախկին ՄԻՊ-ը մտահոգություն հայտնեց․ «Տեքստում ամրագրված է, որ անհետ կորածների հարցերը պետք է լուծվեն երկկողմանի ձևաչափում՝ հարկ եղած դեպքում միջազգային կառույցների ներգրավմամբ։ Սա վտանգավոր է, որովհետև իրականում միջազգային վերահսկողությունը դուրս է մղվում գործընթացից։ Եթե հարցը մնում է միայն երկկողմ քննարկումների դաշտում, ապա Ադրբեջանի անպատժելիությունը միայն խորանալու է»։

Թաթոյանի համոզմամբ՝ որևէ պայմանագիր չի կարող արժեզրկել միջազգային մեխանիզմների դերը, Ադրբեջանը պետք է վավերացնի ՄԱԿ-ի կոնվենցիան անհետ կորածների վերաբերյալ և ենթարկվի միջազգային վերահսկողության։ Առանց միջազգային կառույցների պարտադիր ներգրավման, ըստ Թաթոյանի, անհետ կորածների ճակատագիրը պարզելն ավելի է բարդանալու։

Միջոցառման ընթացքում ելույթ ունեցան անհետ կորածների ծնողներ, որոնք իրենց 5 տարի շարունակվող որոնումների մասին էին պատմում։ 

Անհետ կորածի ծնող Նինա Ավետիսյանը պատմեց, որ որդին կամավոր է գնացել ռազմաճակատ, հոկտեմբերի կեսերն էր, երբ զանգել ու ծնողներին ասել է, որ պատերազմ է գնում, ծնողները փորձել են կանգնեցնել նրան, վերջինս ընդդիմացել է, ասել, որ չգնալ չի կարող, իր ընկերներն են այնտեղ։

«Հասկանում էի, որ իսկական տղամարդ եմ դաստիարակել։ Հիմա տարիների ընթացքում հասկանում եմ, որ այդ ամենն ուղղակի այն կեղծ խոսքերի պատճառով էր, թե հաղթելու ենք, արդեն հաղթում ենք, կհաղթենք։ Անցնում է որոշ ժամանակ, մենք զանգում ենք, զանգում ենք, զանգում, իսկ մեր տղան չի պատասխանում, մտածում ենք երևի զբաղված է, չխանգարենք, չէ՞ որ հայրենիքի  առաջ պարտքն է կատարում։ Ժամանակ է անցնում զանգ չկա, մենք խուճապի մեջ ենք, չգիտենք՝ ուր գնալ, դիմում ենք պաշտպանության նախարարություն, վերցնում են մեր տվյալները, խոստանում զանգել, անցել է արդեն 5 տարի, ոչ ոք այդպես էլ չի զանգահարել»,-ասում է Նինա Ավետւսյանը:

2021 թվականին ադրբեջանական տելեգրամյան ալիքներից մեկում տեղադրված տեսանյութում Նինա Ավետիսյանն իր որդուն է տեսել։  Օրեր անց Նինա Ավետիսյանը զանգ է ստացել,  որ ԴՆԹ համընկնում է եղել, կանչել են դիահերձարան՝ դիակի ճանաչման, Նինա Ավետիսյանն ասում է՝ իր որդու մարմինը չէր։ 3 օր շարունակ ամեն օր ամուսինները դիահերձարան են գնացել, տարբեր մարմիններ տեսել, բայց նրանցից ոչ մեկը իրենց որդունը չի եղել։ Առաջարկել են անել կրկնակի փորձաքննություն, կամ նմուշն ուղարկել արտերկիր։

«Այդ ժամանակ ես ցույց եմ տալիս ադրբեջանական ալիքից գտած տեսանյութը, որում իմ որդին է, ասում են՝ կներեք, փորձաքննությունների ժամանակ էլ են սխալներ լինում։ Ես հետո միայն հասկացա, թե  ինչքան սխալներ են լինում։ Ինչ֊որ մեկի ոտքի չափսը չէր համապատասխանում, ինչ֊որ մեկի կծվածքը, ինչ֊որ մեկի մոտ այլ փաստաթղթեր էին, ինչ֊որ մեկի հասակը չէր համապատասխանում, ինչ-որ մեկի մարմնից անհետացել էր նախկինում ունեցած դաջվածքը, ինչ֊որ մեկի մարմնից էլ անհետացած են լինում ի ծնե ունեցած նշանները»,-պատմում է անհետ կորածի մայրը։

2022 թվականին բոլոր բողոքի ցույցերն ու ակցիաները անարդյունք են անցնում, Նինա Ավետիսյանն ու հարյուրից ավելի անհետ կորածների ծնողներ այդպես էլ չեն գտնում իրենց որդիներին։

«2023 թվականին մեզնից շատերն արդեն մտերիմ էին, բախտակիցներիս միավորել էր ցավը, մենք արտասահմանից Հայաստան եկած հյուրերին ակցիաներով էինք դիմավորում, խնդրում, որ ուշադրություն դարձնեն մեզ ու մեր խնդրին, բայց ապարդյուն, զուգահեռ իրականությունում հարսանիքների շարասյուներ էին անցնում, մեզնից շատերն ասում էին՝ դա կարող էր լինել իմ որդու հարսանիքը, ես ինքս էլ էի այդպես մտածում։ 2024֊ին, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության ամբիոնից հայտարերց, թե պատերազմը կարելի էր կանգնեցնել, նա դա իմացել է  2018-ից, բայց այդ ժամանակ ոչ ոք նրան չէր հավատա, մենք հասկացանք, որ այս ամենն ուղղակի իշխանությունը պահելու համար էր, մեր որդիների կյանքի գնով։ Ըստ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, մարդը բարձրագույն արժեք է, և եթե անգամ փոխվի Սահմանադրությունը, այդ կետը չի կարող փոխվել, խնդրում եմ, օգնեք գտնենք այն մարդկանց, որոնք դարձել են անհետ կորած»,-ասում է Նինա Ավետիսյանը։

Պատերազմից անցել է 5 տարի, Նինա Ավետիսյանը դեռ փնտրում է որդուն, փորձաքննություններն ու որոնումները արդյունք չեն տվել։

Պաշտոնական տվյալների համաձայն՝ 2020 թվականի  44-օրյա պատերազմից հետո 194 մարդ համարվում է անհետ կորած, 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախում տեղի ունեցած ռազմական գործողությունների հետևանքով 42 անձ ունի անհետ կորածի կարգավիճակ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter