«Ես ուզում եմ պապայիս տեսնեմ: Հեռադիտակով որ մոտեցնեմ, կտեսնեմ՝ ինչ է անում». անհետ կորածների հարազատների ծանր սպասումը
Մոնթեն հաճախ վերցնում է հեռադիտակն ու նայում հեռուն: Այնտեղ փնտրում է հորը: «Ես ուզում եմ պապայիս տեսնեմ: Հեռադիտակով որ մոտեցնեմ, կտեսնեմ՝ ինչ է անում, ու ինքը ինձ կժպտա, ձեռքով կանի»,- մորն ասում է Մոնթեն: Նա 1,5 տարեկան էր, երբ 2020-ին հայրը գնաց պատերազմ: Մինչ օրս ընտանիքը նրանից լուր չունի:
Օգոստոսի 29-ին Մոնթեն մոր եւ հորաքրոջ հետ Եղեգնաձորից Գորիս էր եկել: Գորիսի Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնի ճեմասրահը մարդաշատ էր: Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակը անհետ կորած անձանց նվիրված լուսանկարչական ցուցահանդես էր կազմակերպել անհետ կորածների միջազգային օրվան՝ օգոստոսի 30-ին ընդառաջ:
Ցուցահանդեսը կրում է «Բացակա, բայց ոչ մոռացված» խորագիրը եւ Հայաստանում ԿԽՄԿ գրասենյակի «Սատարում» ծրագրի մի մաս է: Երրորդ տարին է, ինչ մարդասիրական այս կառույցը նման ցուցահանդես է կազմակերպում: «Ցուցահանդեսն առաջին անգամ կազմակերպվել է 2023 թ. Արմավիրում քաղաքում ապրող ընտանիքների մտահղացմամբ, 2024 թ՝ Վանաձորում: Իսկ այս տարի այն տեղափոխվել է Գորիս՝ Սյունիքի եւ Վայոց Ձորի մարզերում բնակվող եւ հակամարտության 2020-2023 թթ. սրացումներից ի վեր անհետ կորած անձանց ընտանիքների վերապրած խորը, զգացմունքային պահերը ցուցադրելու նպատակով»,- ասվում է ցուցահանդեսի ծանուցման մեջ:
Անհետ կորած 17 անձանց պատմությունները ցավի ու ծանր սպասումի մասին են: Դրանք, կարծես, անտեսանելի էլեկտրական հոսանքի պես հաղորդվում են դիտողներին: Յուրաքանչյուր լուսանկարի կողքին անձնական պատմություն է: Մի լուսանկարում երեխաներն են հոր սիրելի բահով փխրեցնում հողը, մյուսում որդին է նստել նարդու սեղանի մոտ՝ խաղաքարերը շարել է եւ նայում է դատարկ աթոռին, իսկ աթոռի հենակին հոր պիջակն է կախված:
Օգոստոսի 30-ը անհետ կորած անձանց միջազգային օրն է: Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավար Դաֆնե Մարեն ասում է, որ անհետ կորած անձանց հիմնահարցը գլոբալ է, սահմաններ չի ճանաչում, քանի դեռ հարյուր հազարավոր մարդիկ համարվում են անհետ կորած:
«Այս օրը մեզ հիշեցնում է կորստի եւ բացակայության ցավի մասին: Այս օրը մեզ հիշեցնում է, որ մարդկային տառապանքները շարունակվում են նույնիսկ զենքերը վայր դնելուց շատ երկար ժամանակ անց: Ընտանիքի համար, որն ապրում է անորոշության մեջ, ում հարազատը համարվում է անհետ կորած, անհետ կորած անձանց օրն ամեն օր է, քանի որ ամեն օր հոր բացակայությունը, որդու դատարկ աթոռը, ամուսնու անհայտ ճակատագիրն առաջացնում են նույն հարցը՝ որտե՞ղ է իմ հարազատը, արդյոք մոտ է, թե ոչ: Այս հարցերն առաջանում են ամեն օր, ոչ միայն օգոստոսի 30-ին: Ցավոք, հարցերը կարող են մնալ անպատասխան, երբեմն շատ երկար»,- նշում է Դ. Մարեն:
Ըստ նրա՝ անհետ կորած անձանց ընտանիքներն ունեն կենսական անհրաժեշտություն, կարիք իմանալու, թե ինչ է տեղի ունեցել իրենց հարազատի հետ, իսկ քանի դեռ չեն ստացել պատասխան, նրանց կյանքն ու սիրտը մասամբ սառած է մնում: «Ընտանիքները նաեւ իրավունք ունենք իմանալու, իմանալու իրավունքը մարդկային արժանապատվության անբաժանելի մասն է, այն ամրագրված է միջազգային մարդասիրական իրավունքով»,- նկատում է ԿՊՄԿ հայաստանյան պատվիրակության ղեկավարը:
Ցուցահանդեսի նպատակներից մեկը, ըստ Մարեի, հասարակության լայն շերտերի շրջանում իրազեկվածության մակարդակը բարձրացնելն է. այդպիսիք են տեղական իշխանությունները, քաղաքացիական հասարակությունը, կազմակերպություններ, համայնքի բնակիչները:
Ծանր սպասում
Սրահում մեղմ երաժշտություն է հնչում, մարդիկ հերթով մոտենում են, նայում, աչքերը մաքրում: Մի տեսակ ծանր լռություն է: Ու թվում է՝ Մոնթեն այն որսացել է: Ինքն էլ է լուռ: Ինչքան էլ փորձում եմ խոսեցնել, միեւնույնն է՝ 6-ամյա տղայի ժպիտը չեմ կարողանում շարժել:
Մայրը՝ Նաիրուհի Բայաթյանը, որդու ձեռքից բռնած, նայում է Մոնթեի նկարին: Ամուսինը՝ Արարատ Սաքանյանը, պայմանագրային զինծառայող էր: 44-օրյա պատերազմի առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ին, Խաչիկ գյուղի դիրքեր էին տարել: Հոկտեմբերի 15-ին նրանց տեղափոխել էին Ջրական: Կինը վերջին անգամ ամուսնու հետ խոսել է 2020 թ. հոտեմբերի 17-ին:
Արարատը՝ 1980 թ. ծնված, դիպուկահար էր: Նրան, ըստ կնոջ, 5 հոգու հետ ուղարկել էին գործողության: 5 զինակից ընկերները վերադարձել են՝ բացի Արարատից: «Իրենք ոչ մի հստակ բան չեն ասում: Մեկ ասում են, որ վիրավոր էր, մեկ ասում են, որ զոհվել է, տարբեր բաներ են պատմում, բայց մենք չեն հավատում, հույսներս չենք կորցնում, որ ինքը օրերից մի օր դռնից ներս կմտնի: Մինչեւ վերջ սպասելու ենք»,- ասում է Նաիրուհին:
Լուսանկարներից մեկում Արարատի դուստրն է՝ 15-ամյա Արփինեն: Նա պատուհանից նայում է եւ սպասում հորը՝ հուսալով, որ մի օր դռնից ներս է մտնելու: Մայրն ասում է՝ Արփինեն ամեն բան հասկանում է, փորձում է քիչ հարցեր տալ, որ թե՛ ինքը չնեղվի, թե՛ մայրը, իսկ Մոնթեն ամեն օր է հարցեր տալիս: «Օր չկա, որ Մոնթեն չգնա, չկանգնի հոր հուշանկյան դիմաց ու չսկսի խոսել»,- ասում է Նաիրուհին: Սեպտեմբերին Մոնթեն կճահախի առաջին դասարան:
Լուսանկարներից մեկում Մոնթեի հորաքույրն է՝ Մարիա Սաքանյանը: Նա էլ սպասում է իր հորը՝ Սերյոժա Սաքանյանին: Այսպիսին է նրա ցավը. «Մենք Հայաստանից մեկնել էինք Ղարաբաղ որպես վերաբնակիչ, եւ այնտեղ ընտանիքի 10 անդամով՝ 8 երեխա եւ ծնողներս, բնակվում էինք փոքր բաղնիքներում: Լույս չունեինք, պապաս ճրագ էր պատրաստում բամբակից ու ձեթից մի տարայի մեջ, սակայն դա էլ դժվարությամբ էինք անում, քանի որ խանութներ չկային, եւ ստիպված էինք հայթայթել ձեթը, պարտքով վերցնել: Սա, իհարկե, կարճատեւ լուծում էր, քանի որ այդ լամպերը երկարատեւ լույսով չէին ապահովում, ընդամենը մի 15-20 րոպե լույս էինք ունենում մինչ քնելը: Օրեր են եղել՝ սոված ենք քնել, բայց ես դրանց երանի եմ տալիս... Երանի լինեինք այդ ճրագի ներքո, այդ փոքրիկ սենյակում, բայց լինեինք բոլորս միասին»:
Հայրը՝ 1954 թ. ծնված Սերյոժա Սաքանյանը, մնաց Իշխանաձորի իր տանը: 2020 թ. հոկտեմբերի 17-ին ընտանիքի բոլոր անդամները, բացի տղամարդկանցից, որոնք դիրքերում էին, դուրս են եկել Արցախից: Հայրը հրաժարվել էր միանալ մյուսներին, ասել էր, որ որդուն է սպասելու՝ Արարատը կգա, եւ միասին դուրս կգան գյուղից: Հոր հետ վերջին անգամ խոսել են հոկտեմբերի 20-ին: Մինչեւ հիմա նրանից որեւէ տեղեկություն չունեն:
Դեպի անհոգ օրեր տանող արահետը
Արմինե Գրիգորյանը կանգնում է իր լուսանկարի դիմաց, ապա մաքրում աչքերը: Նա անհետ կորած Արթուր Գրիգորյանի մայրն է: Լուսանկարում դեպի Գլաձորի մատուռ տանող մի արահետ է, որով որդու հետ հաճախ բարձրանում էին: Անհոգ օրերի ջերմ հիշողությունները ավելի մեծ ցավ են պատճառում: Դրանք արահետի ակոսների մեջ են մնացել:
Արթուրը զույգ եղբայրներից կրտսերն էր, ավագը Արամն է: 2020 թ. սեպտեմբերի 27-ին Արթուրը Երեւանում էր, աշխատում էր շինարարության մեջ: Նույն օրը կամավորագրվել էր եւ երբ հասել էր Արցախ, զանգել էր տնեցիներին, տեղեկացրել այս մասին: Արթուրի երկու եղբայրները եւս զինվորագրվել էին. կրտսերը՝ Արմանը, Իշխանաձորում էր, Արամը՝ Ջրականում: Արմանը դիմածնոտային վիրավորում էր ստացել, ու վիրահատություններից հետո խորը սպի է մնացել նրա դեմքին:
Տիկին Արմինեն պատմում է, որ Արթուրի հետ վերջին անգամ խոսել է հոկտեմբերի 5-ին: «Ասել էր՝ մամ, կսպասես, գալու եմ,- սա ասելիս մոր ձայնն ավելի երերուն է դառնում, արցունքներն արագ մաքրում է,- անհամբեր սպասում եմ որդուս»:
Արամն ասում է՝ մտածում են, որ եղբայրը գերեվարվել է: «Ես զգում եմ, որ ողջ է»,- ասում է նա:
Արամը մտահոգ է Բաքվում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի փակմամբ: Հեռախոսով միացնում է դրա մասին պատմող մի ռեպորտաժ, ապա նշում, որ գրասենյակի փակումը հուսահատության է բերելու անհետ կորած անձանց հարազատներին ու գուցե նաեւ կտրուկ գործողությունների պատճառ դառնա: «Էսպես գոնե մի քիչ սփոփանք ենք ունենում»,- Բաքվում միջազգային մարդասիրական գրասենյակի մասին ասում է Արամը:
Դավթի ծառը. «Բերքը կլինի, երբ որդիս գա»
Լուսանկարներից մեկում պատկերված է մանդարինի ծառ: Այն կորիզից աճեցրել էր Դավիթը: Մայրը՝ Ռոզա Հայրապետյանը, ասում է, որ որդին միշտ ջրում էր, խնամում, իսկ հիմա ինքն է անում: Դավիթ Գաբրիելյանը պայմանագրային զինծառայող էր: Զինծառայության մեջ էր 10 տարի: 2020 թ. հոկտեմբերի 8-ին Սիսիանի ջոկատի հետ գնացել էր Ֆիզուլի: 2020 թ. հոկտեմբերի 12-ից ընտանիքը լուր չունի նրանից: Դավիթը երկու դուստր ունի: Կրտսերը 8 ամսական էր, երբ պատերազմն սկսվեց: «Ինքն ինձ խոստացել ա, որ գալու է»,- ասում է տիկին Ռոզան:
Մանդարինի ծառը դեռ բերք չի տվել: Մայրն ասում է՝ բերքը կլինի, երբ որդին գա: «Իր ծառն էլ ա անհանգիստ իր համար: Զգում եմ դա, տեսնում՝ տերեւներն անընդհատ թափվում են, հետո նորից աճում»,- ասում է մայրը:
Բռնի անհետացում՝ Արցախ վերադարձի ճանապարհին
Բենիկ Ավթանդիլյանը Արցախի Մարտունու շրջանի Գիշի գյուղից է: Լուսանկարում նստած է պապի կապույտ բեռնատար մեքենայի ղեկին: Գիշիում այդ մեքենայով էին հունձից հետո խոտը տեղափոխում:
Բենիկի պապն ու տատը՝ Բենիկ եւ Ելիզավետա Ավթանդիլյանները, 2020 թ. նոյեմբերի 11-ին՝ հրադադարից հետո, Երեւանից վերադառնում էին Արցախ: «Ճանապարհին թուրքերը բռնել են, մենք գիտենք, որ Լիսագորի ճանապարհին են բռնել: Տաքսով էին, վարորդին էլ էին տարել, բայց 2020 թ. նոյեմբերի 21-ին ազատ էին արձակել վարորդին»,- նշում է թոռը:
Մինչեւ հիմա Ավթանդիլյանների ընտանիքը որեւէ լուր չունի հարազատներից:
Հայաստանում 1990-ականներից մինչ օրս անհետ կորած է համարվում շուրջ 1000 հոգի
Ըստ Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունու՝ իրենց մոտ գրանցված ընտանիքների հայտերի համաձայն՝ Հայաստանում 1990-ականների, ինչպես նաեւ 2020-2023 թթ. պատերազմների հետեւանքով անհետ կորածների թիվը շուրջ 1000 հոգի է:
Սա ներառում է նաեւ Արցախում ԿԽՄԿ գրասենյակի հավաքագրած տվյալները: Շուրջ 700 հոգի անհետ կորել է 1990-ականներին, մոտ 300-ը՝ 2020-2023 թթ.:
ՀԳ. Գորիսում «Բացակա, բայց չմոռացված» խորագրով ցուցահանդեսը կփակվի օգոստոսի 31-ին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել