HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարոտելով տունն ու ամուսնու գերեզմանը

2020 թվականի սեպտեմբերի 27-ին, վաղ առավոտյան Անուշ Գրիգորյանը խաղողաքաղի էր գնացել: Ժամը 8֊ին իմացավ, որ պատերազմ է սկսվել։ Ամուսինը՝ Արմեն Գրիգորյանը, որ Պաշտպանության բանակում պայմանագրային ծառայող էր, դիրքերում էր։ 

Ժամը 10-ին Անուշը տեղեկացավ, որ «ՈՒՐԱԼ»-ը (զինվորական բեռնատար մեքենա), որի մեջ իր ամուսինն էր, ադրբեջանական արկի հարվածից պայթել է։ Մեքենան զինամթերք էր տանում դիրքեր: 

«Սկզբում ասացին՝ Արմենը վիրավոր ա, ասեցի՝ դե ոչինչ, կարևորը ողջ լինի, բայց մտածում էի՝ եթե մեքենան պայթել է, ու արդեն հայտնի է, որ մեքենայում եղածներից մեկը զոհվել է, ո՞նց կարող է ինքը ողջ մնացած լինի, մի ամբողջ օր մեզ խաբեցին, հաջորդ օրն ասացին, որ Արմենն էլ է զոհվել»,-պատմում է Անուշը։ 
Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 29-ին հուղարկավորվել է հայրենի գյուղի՝ Կարմիր Շուկայի գերեզմանատանը։

Պատերազմի ավարտից հետո, երբ վերադարձել են Արցախ, Անուշը սկսել է աշխատել Կարմիր Շուկայի դպրոցում՝ որպես հավաքարար։
Մինչև 2023-ի սեպտեմբեր Անուշը 4 երեխաների և սկեսուրի հետ ապրել է Կարմիր Շուկայում։  2023-ի սեպտեմբերի 27-ին ընտանիքը նորից լքել է Արցախը: 
Տնից միայն Արմենի լուսանկարներն ու ընտանեկան ալբոմն են վերցրել։ 

«Ամենաշատը տունն եմ կարոտում, Արմենին եմ կարոտում։ Հանգիստն (խմբ. - գերեզման) եմ կարոտում, Արմենին եմ կարոտում։ Օր ա լինում՝ նստում եմ լաց լինում, էրեխեքովս եմ ուրախանում, փորձում եմ իրենցով ապրել»,- ասում է նա։

Անուշ Գրիգորյանի աչքերը պայծառանում են, դեմքին ժպիտ է հայտնվում Արմենի մասին խոսելիս, հիշում է ծանոթությունը՝ պատահական են հանդիպել, Անուշն Արմենին ջուր է տվել, առաջին իսկ հանդիպմանը սիրահարվել է։ «Շատ սիրուն ու գրավիչ աչքեր ուներ, աղջկաս՝ Էռնայի ու փոքր տղայիս՝ Նիկոլայի աչքերն իր աչքերի նման են»,-պատմում է նա։

Մեկ տարի շփվելուց հետո՝ 2008֊ի ապրիլի 18-ին Արմենը Անուշին «փախցրել է»։
«Իմ համաձայնությամբ, Սարուշենից հետը եկա Կարմիր Շուկա, սկզբում մերոնք խռովել էին, եկան հետևիցս, չգնացի, հետո հաշտվեցինք»,- ասում է Անուշը։
 
2023-ին Արցախի հայերի տեղահանությունից հետո ընտանիքը վարձով ապրում է Արարատի մարզի Ռանչպար գյուղում։ Անուշի սկեսուրը գյուղի խանութում է աշխատում։ Անուշը՝ Ռանչպարի դպրոցում, որպես հավաքարար։ Երեխաները դպրոց ու քոլեջ են հաճախում։ Անուշն անընդհատ հիշում է ամուսնու գերեզմանը, որ մնացել է Արցախում: Չի համակերպվում այն մտքին, որ Արցախ չեն վերադառնալու։

«Չեմ ուզում մտածեմ էդպես, չեմ ուզում պատկերացնեմ, դեռ մտածում եմ, որ հետ ենք գնալու, դեռ ուզում եմ պատկերացնել, որ գնալու ենք»,-ասում է նա։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter