HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրաչ Բայադյան

Լուսանցագրություն. քննադատական ազգայնականություն

Ըստ ամենայնի` ընդհանուր համաձայնություն կա առ այն, որ ազգայնականությունը որպես գաղափարաբանություն սկիզբ է առել եւ ձեւավորվել Եվրոպայում 18-19-րդ դարերում, ապա նմանակվել եւ տեղայնացվել ուրիշ ժողովուրդների կողմից: Բայց հարցի ուրիշ կողմերի հետ կապված մեկնաբանություններում առկա է մեծ բազմազանություն: Արդյո՞ք ազգերը նոր են, ամբողջովին արդիության ծնունդ` արդյունք մտավորական վերնախավի որոշակի նախագծի, թե՞ դրանք պետք է դիտել որպես բնական, օրգանական գոյացություններ, որոնց արմատները հասնում են վաղնջական ժամանանակները: Ոչ արեւմտյան ազգայնականությունները ընդամենը բացասական հակազդեցություննե՞ր են, որ ծնում են «արեւմտյան» քաղաքական վարքի նմանակում եւ արեւմտյանի նկատմամբ սեփական մշակույթի ստորադասության անհաղթահարելի գիտակցություն, թե՞ պարզապես կան տարբեր ազգայնականություններ, եւ կարեւորը «ազգայնական ուղերձի բովանդակությունն է եւ տոնը» (Էնթոնի Սմիթ):

Ըստ Է. Սմիթի` ոչ արեւմտյան ժողովուրդների մոտ ազգայնականությունը մտավորականների կողմից ստեղծված դոկտրին չէ միայն, որի միջուկը փառապանծ էթնիկական անցյալի եւ նույնքան խոստումնալից ապագայի վերաբերյալ առասպելն է, ինչպես պնդում է Էլի Կեդուրին: Այստեղ ազգային մտավորականները փորձում են վերահայտնագործել եւ վավերական դարձնել ժողովրդի գոյություն ունեցող հավաքական առասպելները, խորհրդանիշները, արժեքները, հիշողություններն ու ավանդույթները եւ զետեղել այդ «հին-նոր» ազգը, որ ձգտում են վերստեղծել, էվոլյուցիոն էթնիկական շրջանակի մեջ: Ազգայնական ուղերձը, առաջին հերթին հասցեագրված լինելով վերնախավի երեւակայությանը, էլ ավելի մեծ չափով ուղղված է զանգվածների բարոյական կամքին, հույզերին եւ ընդհանուր հիշողությանը:

Այդուհանդերձ, ինչ որ ցանկանում եմ ընդգծել, ազգայնականության անշփոթելի ժամանակակից կերպարանքն է, որ սերտորեն կապված է արդիության, արդի դարաշրջանի եւ մասնավորապես` դրա ստվերոտ կողմերից մեկի` գաղութատիրության փորձառության հետ: Հայաստանում ամեն ինչ լավ է, եթե խոսքը ազգային բովանդակության մասին է, բայց գրեթե անտեսվում է կամ չի նկատվում արդիության կազմավորիչ նշանակությունը, ասենք, քաղաքական արդիության, արդի հաստատությունների (ինստիտուտների) միջոցով կառավարվող ազգ-պետության առաջացումը: Իհարկե, այնքանով, ինչքանով արդիական էր սոցիալիզմի կառուցման խորհրդային նախագիծը, որի սոցիալիստական հետքը այդքան խորն էր խորհրդահայ (եւ ետխորհրդահայ) ազգայնականության վրա:

Ազգայնականության նմանօրինակ «էթնիկականացումն» ունի դրական եւ բացասական կողմեր: Կասկածից վեր է, որ ազգայնականությունը բացառիկ դեր է խաղացել իմպերիալիզմի եւ գաղութատիրության դեմ ժողովուրդների պայքարում, հանրության միավորման եւ մշակութային ինքնության հաստատման գործում եւ այլն: Էդուարդ Սայիդը, Պարթա Չաթերջին եւ ուրիշներ, որոնք քննադատում են ոչ միայն ազգի եւ ազգայնականության արեւմտյան տեսությունների եվրոպակենտրոնությունը, այեւ ոչ արեւմտյան ազգայնականությունների ձախողումները, նկատում են, որ անկախության շրջանում ազգայնականությունը դրսեւորում է անկարողություն` կանխելու կամ հաղթահարելու տնտեսական անհավասարութուներն ու սոցիալական անարդարությունը, ազգայնական վերնախավի կողմից նորանկախ պետության իշխանության գրավումը եւ այլն: Բնիկության էսենցիալացումը եւ ինքնության ֆետիշացումը շարունակվում են նոր ուժով եւ նոր ձեւերով` մտնելով կրթության համակարգ, որտեղ ազգային ինքնության իդեալականացումը ընդունում է ծայրահեղ ձեւեր. այն անսխալական է եւ ենթակա չէ վերապահումների: Ազգայնականությունը վերածվում է ազգայինի պաշտամունքի, ստանում կրոնականության շեշտված երանգներ, իսկ դրա քննադատությունը` աններելի ոտնձգություն, եթե ոչ` դավաճանություն:

Այս պայմաններում այլեւս բավարար չեն էթնիկական յուրահատկության մասին պնդումը, ազգային համերաշխության կոչը եւ մնացած ողջ հռետորությունը. պահանջվում են քննադատական կարողություններ, ոչ թե ինքնաբավ ազգայնական ուղղափառություն կամ «ցեղակրոն»-ություն, այլ միանգամայն աշխարհիկ քննադատություն եւ այս իմաստով հասկացված` աշխարհիկ մտավորականներ:

Այս գրության վերնագիրը` «քննադատական ազգայնականություն», վերցված է Սայիդից: Նա նույն համատեքստում օգտագործում է «ազգայնականության ապագաղութացում» արտահայտությունը: Այս մասին նա գրում է` մեկնաբանելով Ֆրանց Ֆանոնի այն պնդումը, թե անկախությունը խիստ անբավարար է եւ վերաճում է հասարակության վերագաղութացման արտաքին ուժերի եւ բնիկ վերնախավի կողմից, եթե դրան չի հաջորդում ազատագրումը, քանի դեռ ազգային գիտակցությունը ինչ-որ կերպ չի փոխակերպվել սոցիալական գիտակցության:

Ետխորհրդային համատեքստում ապագաղութացման եւ մասնավորապես այն մասին, որ ռուսահպատակությունը եւ սոցիալիստական արդիությունը կազմում են խորհրդահայ ազգայնականության միջուկը, բազմիցս գրել եմ, վերջին անգամ` «Ետխորհրդային դառնալու ճանապարհին» հոդվածում: Համոզված եմ, որ Հայաստանում սոցիալական գիտակցության ձեւավորման գլխավոր խոչընդոտներից մեկը սոցիալական շատ հարաբերությունների ձեւավորման եւ կառավարման մեջ խորապես ներգրավված եւ երբեք չխնդրականացված, քննադատական անդրադարձից խուսափած ազգայնական պոպուլիզմը:

Վերադառնալով մտավորականության հարցին` մեջբերեմ Ֆանոնի մտքի եւս մեկ մեկնաբանություն. «Ֆանոնի համար «ազատագրության» մարդիկ, որոնք նախաձեռնում են հեղափոխական մշակութային փոխանակության արդյունավետ անկայունությունը, իրենք հիբրիդային ինքնության կրողներն են: Նրանք կառուցում են իրենց մշակույթը ազգային տեքստից` թարգմանված տեղեկատվական տեխնոլոգիայի, լեզվի եւ հագուստի արդի արեւմտյան ձեւերի, փոխակերպում գաղութային ժառանգության իմաստը ապագայի ազատ մարդկանց ազատագրության նշանների» (Հոմի Բհաբհա):

Նկատենք, որ ազգայնական մտայնության կողմից կուռքերի վերածված եւ «բուն հայկականության» վանդակը քշված` արդիության դարաշրջանի «մեր մեծերից» յուրաքանչյուրը. Նալբանդյան, Աբովյան, Կոմիտաս, Թամանյան, Սարյան… ըստ էության եղել է իր ժամանակի արմատական մտավորականի հիբրիդային ինքնության (եվրոպական/հայկական) կրողը, առաջնորդվել մշակույթի փոխակերպման («ոչ միայն լինելու, այլեւ դառնալու») կենարար հրամայականով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter