
Անքննելի են համայնքների ղեկավարների գործերը
«Լավագույն աշխատանքը թափանցիկությունն է, հաշվետվողականությունը և հանրության մասնակցությունը»,- սա իմ համոզմունքն է, և հինգ տարի առաջ այս կարգախոսով սկսեցինք մեր աշխատանքը տեղական ինքնակառավարման ոլորտում: Տեսականորեն մեզ հաջողվեց Կառավարության քաղաքականության մաս դարձնել այն. Կառավարությունը «Հայաստանի հանրապետության մարզերի զարգացման ծրագրերի կազմման ու իրականացման հայեցակարգ» մշակեց, որում գերակա խնդիր հռչակեց տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների արդյունավետության և ներդաշնակության, թափանցիկության ու հաշվետվողականության բարձրացումը: Մշակվեց Հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2008-12թթ. միջոցառումների ծրագիր, որով նույնպես կարևորվեցին ՏԻՄ-երի գործունեության թափանցիկությունն ու հրապարակայնությունը:
Հինգ տարվա համառ աշխատանքի արդյունքում մեզ և ՏԻՄ ոլորտում գործունեություն ծավալող մեր գործընկերներին հաջողվեց համայնքներում ներդնել թափանցիկությունն ու հրապարակայնությունն ապահովող տեխնիկական և ժամանակակից տեխնոլոգիական միջոցները: Քաղաքային, նաև գյուղական խոշոր համայնքների մի փոքր մասը կամավոր կամ պարտադրված ստեղծեց պաշտոնական կայքեր, վերափոխվեցին մարզպետարանների կայքերը, տեղեկատվական ցուցատախտակներ տեղադրվեցին:
Մեզ չհաջողվեց ամենագլխավորը՝ համայնքների ղեկավարների մտածելակերպը փոխել, և այդ ամենը, չնչին բացառություններով, ընդամենը գույքային նշանակություն ունեցավ: Մեզ չհաջողվեց ՏԻՄ ոլորտը ղեկավարողներին ընկալելի դարձնել, որ տեղական իշխանության ընդունած որոշումների հրապարակումը «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքով սահմանված պարտադիր պահանջ է, ոչ թե ցանկություն: Նույն օրենքն է պարտավորեցնում Կառավարությանը, Ազգային ժողովին, դատական իշխանությանը հրապարակել ընդունված օրենքները, որոշումները, իրավական ակտերը: Եվ ինչ կստացվի, եթե նրանք նույնպես չկատարեն օրենքի պահանջը:
Տարածքային կառավարման նախարարությունը GTZ կազմակերպության բավականին ծանրակշիռ ֆինանսական աջակցությամբ մեծաթիվ համայնքներում տեղեկատվական կառավարման համակարգ ներդրեց: Խելամիտ համայնքապետներն այն կիրառելի դարձրին ոչ միայն իրենց աշխատանքը հեշտացնելու՝ աշխատակազմի գործունեությունը տեսադաշտում պահելու, այլև համայնքի բնակչությանը ներկայանալու առումով՝ միաժամանակ դրանք վերածելով վեբ կայքերի: Ոմանց «չգոհացրեց» կայքերի կառուցվածքը, և նրանք պատվիրեցին իրենց ճաշակին ու մտածելակերպին վայել կայքեր, որտեղ, բնականաբար, տեղական ինքնակառավարումը ներկայացված չէ: Նպատակը մեկն էր՝ ապահովել ատրիբուտներն՝ առանց բովանդակության (Չարենցավան, Հրազդան, Գավառ, Նոյեմբերյան, Իջևան և այլն): Եղան նաև համայնքապետներ, որոնք նախարարության տրամադրած համակարգչից ջնջեցին տեղեկատվական կառավարման ծրագիրը ու այն փոխարինեցին խաղերով (Գառնիի համայնքապետարան):
Վերջին ամիսներին աշխատանքներ էինք իրականացնում մի շարք համայնքների հետ՝ ցանկանալով, թափանցիկությունն ու հրապարակայնությունն ապահովելուց բացի, վերջապես ընկալելի դարձնել ավագանու դերակատարությունը ու նրա ընդունած որոշումների կարևորությունը համայնքի կյանքում: Թվում էր, թե մեր աշխատանքով հասանք ինչ-որ բանի, որոշ համայնքներում ստեղծվեցին նոր կայքեր կամ ակտիվացրին դրանց գործունեությունը: Սակայն կարճ ժամանակ անց ցավալիորեն արձանագրեցինք, որ դա աշխատաոճ չդարձավ համայնքների ղեկավարների համար:
Խաբեության միամիտ տարբերակներով, մանկան մտածելակերպով պարտավորություններից խուսանավելու վարքագիծը, որ որդեգրել են համայնքների ղեկավարները և որոշ մարզպետներ, ոչ այլ ինչ է, քան քաղաքակրթությունը մերժելու դրսևորում:
Վանաձորի քաղաքապետարանն, օրինակ, նոր կայք ստեղծեց, որն իր կառուցվածքով համապատասխանում է ՏԻՄ օրենսդրությամբ սահմանված պահանջներին, սակայն հապաղում է ամենակարևոր տեղեկատվությունը՝ ավագանու որոշումները հրապարակել: Կայքում տեղադրված են 2012թ. փետրվարի 3-ին տեղի ունեցած ավագանու նիստի որոշումները: Օրենքով սահմանված է, որ ավագանու նիստերը պետք է տեղի ունենան երկու ամիսը մեկ անգամ, ասինքն՝ մինչ օրս պետք է առնվազն երեք հերթական նիստ հրավիրված լիներ: Այդպես էլ եղել է. Լոռու մարզպետարանի կայքում տեղադրված են Վանաձոր քաղաքի ավագանու վեջին 4 նիստերի որոշումները: Հինգերորդը տեղի է ունեցել օգոստոսի 14-ին, որի մասին քաղաքապետարանի կայքի նորություններ բաժնում տեղեկատվություն է տեղադրված:
Աշխատանքների իրականցման ընթացքում Կոտայքի մարզի Եղվարդի քաղաքապետարանը նոր կայք ստեղծեց, և այն միակն է ներկայում մարզի քաղաքային կայքերից, որում հրապարակվում են ավագանու որոշումները: Հրազդանի քաղաքապետն այդ հարցի լուծումը տվեց՝ տեղեկատվական կառավարման կայքին հղում անելով, սակայն մի քանի շաբաթից, երբ ավարտվեցին քաղաքապետի ընտրությունները, լինքն այլևս ակտիվացված չէր: Մեր դիտողությանը ամիսներ առաջ պատասխանեցին, թե տեխնիկական խնդիր կա: «Տեխնիկական խնդիրը» վերացնելու ցանկություն այլևս չունեն, շտապելու հարկ չկա. մինչև Հրազդանի քաղաքապետի հաջորդ ընտրությունները դեռ չորս տարի կա: Իսկ մինչ այդ գտել են ելքը. կայքի նորություններ բաժնում տեղեկատվություն է հրապարակվում ավագանու հերթական նիստի մասին, որն ավարտվում է շատ բազմանշանակ մի արտահայտությամբ. «... և ավարտվեց հերթական ավագանու նիստը»:
Չարենցավանի քաղաքապետարանը նույնպես չմերժեց օրենսդրության շրջանակներում գործելու մեր առաջարկը. քաղաքապետարանի կայքում անգործության մատնված «Պաշտոնական» կոչվող բաժնում խառնափնթոր լցրին համայնքի ղեկավարի ու ավագանու կայացրած որոշումները: Այս քաղաքապետարանում թերևս ամեն օր գրության ու դիտողության էին սպասում, որը դադարեցվելու հետ միասին կայքից անհետացավ ամբողջը: Աբովյանի քաղաքապետի մոտեցումը թերևս ավելի ազնիվ էր. նա ոչինչ չխոստացավ և կարևորություն էլ չի տալիս մի կայքի ձևական գոյությանը, որը կիրառելու անհրաժեշտությունը չի տեսնում:
Սակայն, ի տարբերություն Լոռու մարզպետարանի կայքէջի, որը հնարավորություն է տալիս ծանոթանալու համայնքների ղեկավարների և ավագանու որոշումներին, լրացնելով համայնքների բացթողումը, Կոտայքի մարզպետարանի կայքը, ինչպես մարզպետ Կովալենկո Շահգալդյանն էր մի գրությամբ պատասխանել, «շարունակական վերազինման» փուլն այդպես էլ չի հաղթահարում: Սա ամենաթափանցիկի համարում ունեցող մարզպետարանն է, որտեղ փորձարկվում են նորարարական տեխնոլոգիաները, որտեղ «մամուլի սենյակը» հոգևոր ծեսով են բացում:
Համայնքապետներն ի՞նչ են այդքան խնամքով թաքցնում բնակչությունից, որի քվեն են ակնկալում հենց այս պահին, ինչո՞ւ չեն ուզում ընկալել, որ բնակչությանը ոչ թե պետք է տեղեկացնել ավագանու նիստը կայանալու մասին, այլ պետք է հրապարակել ընդունած որոշումները: Որոշումները հրապարակման պահից են համարվում ուժի մեջ մտած, և բնակիչը, անհրաժեշտության դեպքում, գործ կունենա պաշտոնական փաստաթղթի հետ: Արդյոք սա տեղական իշխանության մենաշնորհում չէ՞ մեկ անհատի ձեռքում, որն իր պատկերացումներով, իր շահերով է պայմանավորում համայնք ղեկավարելը և ոչ թե ոլորտը կարգավորող օրենքներով:
Բնակչությանը իրազեկելու համար օրենսդրությունը բազմաթիվ միջոցներ է նախատեսել. գյուղական համայնքների համար դրանք ամենից առաջ տեղեկատվական ցուցատախտակներն են, ապա համայնքի պաշտոնական և մարզպետարանի էլեկտրոնային կայքերը, վերջապես ավագանու նիստերը, որոնց մասնակցելու իրավունք ունեն համայնքի բնակիչները, լրատվամիջոցները: Քաղաքային համայնքներից շատերն ունեն լրատվության պատասխանատուներ, մարզպետարանները՝ արդի տեխնիկայով հագեցած մի ամբողջ բաժին, անգամ հեռուստաընկերություններ: Սակայն բոլոր միջոցները, անգամ պետական ռեսուրսը ծառայեցվում են համայնքի ղեկավարի շոուն կազմակերպելուն. դրամական օգնություն տրամադրեց, այցելեց դպրոց կամ մանկապարտեզ, պարգևատրեց այսինչին, կամ պարգևատրեցին իրեն:
Քաղաքակրթությունն այդպես էլ մուտք չգործեց համայնքներ
Պարզվում է, որ համայնքապետներն ավագանու որոշումները միայն բնակիչներից չէ, որ թաքցնում են: Շիրակի մարզպետարանն, օրինակ, Գոգհովիտ գյուղում այս տարի վարչական հսկողություն է իրականացրել և ակտում արձանագրել. «Համայնքի ղեկավարը խախտել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34 հոդվածով սահմանված կարգը և համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների կողմից 2009-11թթ.-ին ընդունված նորմատիվ բնույթի ոչ բոլոր իրավական ակտերն է պետական իրավական փորձաքննության համար ուղարկել ՀՀ արդարադատության նախարարություն»:
Այնուամենայնիվ, ի՞նչ է լինելու այն ակտերի հետ, որոնք կիրառության մեջ են դրվում՝ առանց նախարարության եզրակացությունն ստանալու ու հրապարակելու: Արդարադատության նախարարության իրավական ակտերի փորձաքննության գործակալության սահմանադրական և վարչական իրավունքի բնագավառի իրավական ակտերի փորձաքննության բաժնի պետ Ահարոն Խաչատրյանն ասում է, որ տվյալ դեպքում այդ որոշումներն օրինական ուժ չունեն: Այսինքն՝ երկու տարի Գոգհովիտի համայնքապետը կիրառել է որոշումներ, որոնք իրավական ուժ չունեն, քանի որ պետական իրավական փորձաքննություն չեն անցել և չեն հրապարակվել:
Բացի դրանից՝ հնարավոր է, որ այդ որոշումներն օրենքին հակասող ակտեր են եղել, քիչ չեն նման որոշումները, որոնք նախարարությունը վերադարձնում է փոփոխելու, օրենքին համապատասխանեցնելու ու կրկին հաստատման ներկայացնելու համար: «Խնդիր կա այստեղ: Եթե դրանց օրինականությունը վիճարկվի, դատարանն անվավեր կճանաչի»,- ասում է բաժնի պետը:
Ա. Խաչատրյանը կարծում է, որ նորմատիվ ակտերը պաշտոնական տեղեկագրում հրապարակելը ոչինչ չի տալիս համայնքի բնակչին՝ բացի նրանից, որ որոշումն օրինական ուժ է ստանում: Նրա կարծիքով՝ այդ խնդիրն էլ է լուծված, «դրանք այսպես թե այնպես համայնքի սահմանված վայրերում հրապարակվում են»: Բաժնի պետի լավատեսությանը չենք կարող համամիտ լինել. համայնքներում ցուցատախտակներին ամենից շատ կարող ես հանդիպել վարկային կազմակերպությունների հայտարություններին և կուսակցություններին անդամագրվելու կոչերին, բայց ոչ ավագանու որոշումներին: Մի բան, որի մասին համայնքի բնակիչը չպետք է իմանա, հենց ավագանու ընդունած որոշումն է:
Ամիսներ առաջ «Հետքի» թղթակիցը պարզել էր, որ Լոռու մարզի Լորուտ գյուղի համայնքապետարանը փաստաթղթերով խոշոր դրամական օգնություն էր հատկացրել համայնքի մի քանի բնակչի, որի նպատակը հարկահավաքության ցուցանիշն ապահովելն էր: Համայնքապետին հարցրել էր, թե գյուղացիները տեղյա՞կ են հատկացրած օգնություններից, նա, ի պատասխան, խնդրել էր գյուղացիներին չհայտնել տրամադրված գումարների մասին:
Քանի որ մեր երկրում արդեն համակերպվել են այն մտքի հետ, որ համայնքի ղեկավարի գրագետ լինելը համայնք ղեկավարելու պարտադիր պայման չէ, և նորմատիվ որոշումները չեն ուղարկվում ԱՆ փորձաքննության՝ այն պատճառով, որ համայնքապետարաններում չեն տարբերակում անհատական որոշումները նորմատիվից, նաև մեր միջամտությամբ արդարադատության նախարարությունը մեթոդական ուղեցույց պատրաստեց համայնքապետների համար: Ինչպես նախարարությունում են ասում, ձևն արդեն սահմանված է, և այն լրացնելու համար իրավաբան պետք չէ լինել:
Ընդամենը 8 անուն նորմատիվ իրավական ակտ է թվարկված, բայց անգամ այս դեպքում համայնքապետարաններում «շփոթ» է առաջանում. անհատական ակտերն ուղարկում են արդարադատության նախարարություն, նորմատիվները` ոչ: Նախարարությունում անհասկանալի են համարում, թե ինչու այդ դեպքում անհատական ակտերը չեն ուղարկում հերթական համարով: «Գալիս է 23-ը, հետո 46-ը, բա մյուսներն ինչո՞ւ չեն ուղարկում»,- հարցնում է բաժնի պետը: Ա. Խաչատրյանն արդեն համոզվել է՝ եթե համայնքի ղեկավարը չցանկանա նորմատիվ որոշումներն ուղարկել փորձաքննության, միևնույնն է, ձևը կգտնի: «Անհատական որոշման տակ կանցկացնեն, կպատճառաբանեն, թե չեն իմացել, որ նորմատիվ ակտ է, այդ պատճառով չեն ուղարկել, և միանգամից կկիրառեն ընդունման պահից»,- ասում է նա:
Տեխնոլոգիաների ոլորտում առաջընթացն անկասելի է, ծրագրային նորամուծություններ են արվում նաև համայնքային ոլորտում: Վերջին թարմ օրինակը www.kargibereq.am կայքն է, որի խնդիրը համայնքային բնակչությանը համայնքի կառավարմանը մասնակից դարձնելը, խնդիրներին արձագանքող բնակիչներ ունենալն է: Բայց քանի՞ համայնք է ծրագիրը ներդրել իր կայքում...
Երկու տարի առաջ Դիլիջանի քաղաքապետը տեղեկատվական կառավարման համակարգը ներկայացնելիս ասում էր, որ այն արդեն անփոխարինելի է իր համար. աշխատասենյակում նստած կառավարում է աշխատակազմի գործունեությունը և ցանկացած վայրից կարող է հետևել քաղաքապետարանի աշխատանքներին: Հրազդանի քաղաքապետի աշխատասեղանին նույնպես համակարգիչ կար դրված. նա էլ վերահսկում էր միջանցքի և ընդունարանի ելումուտը: Ցավալին այն է, որ համայնքների ղեկավարների մեջ այս տեսակն է գերակշռողը:
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել