
Հովհաննես Ավետիսյանը՝ մոնտաժված ձայնագրությունների, Բագրատ Սրբազանի դեմ գործի և իշխանության մանիպուլյացիաների մասին
Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, պետական կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը մամուլի ասուլիս էր հրավիրել՝ խոսելով Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և ևս 17 կալանավորվածների վերաբերյալ քրեական գործի մասին: Ասուլիսին մասնակցում էին նաև փաստաբաններ Հովհաննես Խուդոյանը, Տաթևիկ Սողոյանը, «Սրբազան պայքարի» մասնակից Գառնիկ Դանիելյանը։
Քրեական գործով հրապարակված ձայնագրությունների որոշ դրվագներում Հովհաննես Ավետիսյանը նույնպես մասնակցում է խոսակցություններին։ Այդ ձայնագրություններից հատկապես մեկը, որ Բագրատ Սրբազանի և Հովհաննես Ավետիսյանի միջև զրույցից հատված է, մեծ աղմուկ էր բարձրացրել, քանի որ այն ներկայացվել էր որպես ժողովրդի և իշխանությունների դեմ կազմակերպվող ահաբեկչություն։
Հովհաննես Ավետիսյանը ասուլիսի ժամանակ ևս մեկ անգամ պնդեց, որ երբևէ Բագրատ Սրբազանի հետ չի քննարկել, չի խոսել բռնի գործողությունների իրականացման մասին, առավել ևս՝ տեռորիզմի մասին: «Ձայնագրություններ են տարածվել, որոնք, մեղմ ասած, մանիպուլացված էին։ Այդ ձայնագրությունները կտրտված էին տարբեր տեղերից, տարբեր ժամանակներում տեղի ունեցած զրույցներից, և խոսույթը հարմարեցված էր այնպես, որ առաջին հայացքից անտեղյակ մարդը, որ լսում է, ահաբեկվում է»,- ասաց Հովհաննես Ավետիսյանը։
Նա հիշեցրեց, որ հաջորդիվ, երբ քննչական գործողություններն ավարտվել են, Բագրատ Սրբազանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը հրապարակել է ամբողջական ձայնագրությունը։ «Այդ ձայնագրությունում արդեն երևում է, որ ես և Բագրատ Սրբազանը քննարկում ենք ՀՀ-ն ուժեղացնելու տեսական մոտեցումներ։ Այսինքն՝ տեսական քննարկում է այն մասին, թե ինչ եղանակներով ենք լուծելու Հայաստանի Հանրապետության առաջ ծառացած մարտահրավերները, մասնավորապես, անվտանգային մասով, երբ Հայաստանի ժողովուրդը կվստահի այս պետության կառավարումը մեր պես ազգային ուժերին»,- ասաց Հովհաննես Ավետիսյանը։
Ավետիսյանը մանրամասն ներկայացրեց, թե ձայնագրության մեջ «գյուլլելու» վերաբերյալ խոսակցությունը ում մասին է եղել։ Նրա խոսքով՝ այդ ձայնագրության մեջ խոսվել է ՀՀ-ի պաշտպանունակությունը բարձրացնելու համար տարբեր երկրների մոդելներ ներդնելու մասին։ «Այդ մոդելներն այն մասին են, թե պաշտպանական համակարգում մեխանիզմները ինչպես են աշխատում։ Այդտեղ նաև խոսք է գնում, թե հիմա մարդկանց ոնց ենք բացատրելու, որ սա կարևոր է և իրենց է պետք։ Եվ երբ Սրբազանի կողմից գյուլլելու վերաբերյալ միտքը հնչում է, ակնհայտ է, որ դա վերաբերում է պետության գործառույթին։ Այսինքն՝ այն մարդիկ, որոնք դավաճանական գործողություններ կիրականացնեն, պետությունը կիրառում է առավելագույն պատիժ»,- ասում է Հովհաննես Ավետիսյանը՝ հավելելով, որ ԱՄՆ շատ նահանգներում մահապատիժը դեռ կիրառվում է։
Նա իր վրդովմունքը հայտնեց այն հարցի վերաբերյալ, որ նույնիսկ ամբողջական ձայնագրության հրապարակումից հետո իշխանությանը ծառայող որոշ անձինք շարունակաբար պնդում են, որ տեռորիզմ են ցանկացել պլանավորել։ Հովհաննես Ավետիսյանը խոսեց նաև այն մասին, որ Քննչական կոմիտեն ոչ ամբողջական, այլ մոնտաժված ձայնագրությունները տարածել է նաև անգլերեն լեզվով։ «ՀՀ պետական լեզուն հայերենն է, և քննչական գործողությունները Քննչական կոմիտեն պարտավոր է վարել հայերենով։ Ո՞րն է նպատակը այդ գաղտնալսումները, ընդ որում, կրկնում եմ, մոնտաժված, մանիպուլացված, տարածել անգլերեն լեզվով»,- հարցնում է Հովհաննես Ավետիսյանը։
Իշխանության ներկայացուցիչների, իրավապահների այս գործողություններից հետո Հովհաննես Ավետիսյանը անհրաժեշտ է համարել բաց նամակ ուղղել այն միջազգային կառույցներին, դիվանագիտական ներկայացուցչություններին, որոնց, ըստ նրա, ուղղված է եղել այդ մանիպուլացված ձայնագրության անգլերեն թարգմանությունը։ «Այդ նամակների մեջ ես հայտնում եմ մտահոգություն՝ Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ, մարդու իրավունքների նկատմամբ շարունակաբար իրականացվող ոտնձգությունների վերաբերյալ, ժողովրդական արժեքների նկատմամբ ոտնձգությունների վերաբերյալ՝ խնդրելով նրանց միջամտությունը»,- ասաց Հովհաննես Ավետիսյանը՝ հավելելով, որ այդ միջազգային կառույցների ներկայացուցիչներին հրավիրել է ասուլիսին՝ թեև վստահ է եղել, որ չեն գալու։
Նա հայտնեց, որ ԱՄՆ-ում նախկին դեսպան, ներկայումս ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Լիլիթ Մակունցը ժամանակին ԱՄՆ-ում անցել է խաղաղ, ոչ բռնի հեղափոխություն իրականացնելու վարաբերյալ դասընթաց։ Այնուհետև, գալով Հայաստան, այդ թեմայով պարբերաբար դասընթացներ է վարել, իսկ 2018 թվականի հեղափոխության ժամանակ էլ, Հովհաննես Ավետիսյանի խոսքով, այդ գիտելիքները ներդրել է։ Ավետիսյանն ասում է՝ Բագրատ Սրբազանի և նրա համախոհների հետ ամբողջ զրույցները ծավալվել են խաղաղ, ոչ բռնի հեղաշրջում անելու թեմայի շուրջ և ինքը տեսական գիտելիքներ է փոխանցել նրանց այդ մասին այնպես, ինչպես ժամանակին Լիլիթ Մակունցն է արել։ Հետևաբար Լիլիթ Մակունցը ևս պետք է հետապնդվի։
Փաստաբան Հովվհանես Խուդոյանը խոսեց այն մասին, թե ինչու քրեական հետապնդում չեն իրականացրել Հովհաննես Ավետիսյանի նկատմամբ այն դեպքում, երբ սկանդալային հեռախոսազրույցների կիզակետում հենց Ավետիսյանն է եղել։
Փաստաբանն իր զարմանքն արտահայտեց այն մասին, որ Հովհաննես Ավետիսյանին նույնիսկ որպես վկա չեն հրավիրել հարցաքննելու։ «Պատկերացրեք՝ հեռախոսազանգի ամնենասկանդալային կտորն ա, քննչականն իր ձեռքի տակ տվյալ ունի, որ իբր երկու մարդ խոսում են մարդկանց գնդակահարելու մասին, ու այդ երկխոսության մասնակիցներից մեկին, ով ձերբակալված չի, նույնիսկ հարկ չեն համարում կանչեն, հարցնեն, թե այս ի՞նչ եք խոսում»,- ասում է Հովհաննես Խուդոյանը։ Փաստաբանն ասում է՝ առաջին հայացքից քննչական մարմնի այս գործողությունները տարօրինակ են, սակայն իրականությունն այն է, որ նրանք ևս ունեն այդ ձայնագրությունների օրիգինալ, չմոնտաժված տարբերակները, և գիտեն, որ եթե Հովհաննես Ավետիսյանին կանչեն հարցաքննության, ասելու է, որ այդ խոսակցությունը եղել է խաղաղ անհնազանդության մասին։
Հովհաննես Խուդոյանը ներկայացրեց նաև գործի նյութերից այնպիսի հատվածներ, որոնք ոչ ամբողջությամբ է ներկայացրել քննչական մարմինը՝ չբացահայտելով այդ խոսակցությունների ամբողջական բովանդակությունը։ Նա օրինակ բերեց մի հատված, որտեղ «Սրբազան պայքարի» մասնակիցները խոսում են տուկեր վառելու մասին, սակայն հետո որոշում են չանել դա։ Իսկ քննչական մարմինը գործի նյութերին է կցել և հանրայնացրել միայն խոսակցության առաջին հատվածը։
Մեկ այլ օրինակով խոսակցության մեջ մասնակիցներից մեկն ասում է՝ կարելի է պարեկներին կանգնեցնել, վրաներից գոտի-մոտնիները հանել, ինչին միանգամից պատասխանում են, որ չէ, դա քրեական գործ է, դա պետք չի։ Մեկ այլ օրինակ է ասում փաստաբանը, ըստ որի՝ մասնակիցները գնում են սալյուտներ։ «Ասում է՝ մի հատ կա, որ նռնակի տեսք ունի, բայց ասում է՝ չէ, դա պետք չի, որովհետև ոստիկանները հանկարծ դա կարող է շփոթեն իրական նռնակի հետ»,- պատմում է փաստաբանը։
Նա նշում է՝ պայքարի մասնակիցների կողմից ցանկացած գործողություն որ քննարկվել է, հաջորդիվ հերքվել է հենց իրենց կողմից։ «Բայց, իրենք ունենալով այդ երկու տվյալները, որ քննարկվել և հերքվել են, վերցրել են միայն քննարկածը, մեղադրական եզրակացության մեջ դա են դրել, հանրությանը դա են ներկայացրել։ Միակ բանը, որ Քննչական կոմիտեն և Դատախազությունը այս գործով կարողանում են ապացուցել և դրա դեմ մենք բացարձակ առարկություն չունենք, այն է, որ մարդիկ փորձել են առավել կազմակերպված իրականացնել փողոցային պայքար»,- ասում է Խուդոյանը։
Ասուլիսի ժամանակ Հովհաննես Խուդոյանը և Հովհաննես Ավետիսյանը ներկայացրին նաև պայքարի համախոհներից ձևավորված խմբերից մեկի հետ Հովհաննես Ավետիսյանի զրույցի գաղտնալսման սղագրությունը, որտեղ Հովհաննես Ավետիսյանն ասել է, որ չի կարելի բռնի գործողությունների գնալ, ոստիկանների հետ բախումներ հրահրել, և այդ ամբողջը վերահաստատել է Բագրատ Սրբազանը։
Հովհաննես Խուդոյանն արդյունավետ չի համարում իրենց իսկ գործողությունների մասին հաղորդում ներկայացնելը իրավապահ մարմիններին։ «Երբ ՀՀ-ում գա ազգային իշխանություն, այդ ժամանակ արդեն այս բոլոր հարցերը պետք է քննարկման առարկա դառնան»,- ասաց Հովհաննես Խուդոյանը։
Մեկնաբանել