
Այսօր՝ Հայաստան-Իռլանդիա. վիճակագրությունը մրցակցի օգտին է, բայց Երեւանում վերջին անգամ մերոնք են հաղթել
Այսօր՝ 20:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կմեկնարկի աշխարհի 2026 թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան-Իռլանդիա հանդիպումը:
Հիշեցնենք, որ թիմերն ընդգրկված են եվրոպական գոտու ընտրական F խմբում, որտեղ նրանց մրցակիցներն են նաեւ Պորտուգալիան եւ Հունգարիան: Առաջին տուրում Երեւանում Հայաստանին 5-0 հաշվով հաղթելուց հետո պորտուգալացիներն ունեն 3 միավոր, Իռլանդիան եւ Հունգարիան, որոնք Դուբլինում 2-2 խաղացին, վաստակել են 1-ական միավոր, իսկ Հայաստանը 0 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը:
ՀՖՖ-ն հրապարակել է հավաքականի հայտացուցակն այսօրվա խաղի համար:
Հայաստան-Իռլանդիա հանդիպումն սպասարկելու է վրացական մրցավարական բրիգադը՝ Գոգա Կիկաչեիշվիլու գլխավորությամբ:
Այս պահին ՖԻՖԱ-ի վարկանիշային դասակարգման ցուցակում Հայաստանը 105-րդն է, իսկ Իռլանդիան՝ 60-րդը:
Հիշեցնենք, որ մինչ այս թիմերը 4 անգամ հանդիպել են պաշտոնական մրցավեճերում:
«Եվրո-2012»-ի ընտրական փուլում՝ 2010 թ. սեպտեմբերի 3-ին, մերոնք Երեւանում պարտվեցին 0-1: Պատասխան խաղը կայացավ Դուբլինում 2011-ի հոկտեմբերի 11-ին: Իսպանացի տխրահռչակ մրցավար Իտուրալդե Գոնսալեսի «թեթեւ ձեռքով» կարմիր քարտ ստացավ մեր դարպասապահ Ռոման Բերեզովսկին, ինչն ազդեց հանդիպման ելքի վրա: Իռլանդացիները հաղթեցին 2-1: Մերոնցից գոլը խփեց Հենրիխ Մխիթարյանը: Ազգերի լիգայի 2022-2023 թթ. խաղարկության ժամանակ էլ, երբ մեր թիմը հանդես էր գալիս B լիգայում, 2022-ի հունիսի 4-ին Երեւանում հաղթեցինք իռլանդացիներին 1-0 հաշվով, գոլը խփեց Էդուարդ Սպերցյանը: Նույն տարվա սեպտեմբերի 27-ին Դուբլինում իռլանդացիներն առավելության հասան 3-2 հաշվով: Մերոնցից աչքի ընկան Արտակ Դաշյանն ու Էդուարդ Սպերցյանը: Ընդ որում՝ մրցավարը խաղադաշտից հեռացրեց Հովհաննես Համբարձումյանին ու Արտակ Դաշյանին, եւ մերոնք այդ խաղն ավարտեցին 9 հոգով:
Այսպիսով՝ հավաքականների հայ-իռլանդական դիմակայությունում կայացել է 4 խաղ, Հայաստանը հաղթել է 1-ում եւ պարտվել 3-ում: Մերոնք խփել են 4 գոլ, բաց թողել 6-ը:
Այսօր՝ Երեւանի ժամանակով 22:45-ին, Բուդապեշտում կմեկնարկի Հունգարիա-Պորտուգալիա մրցավեճը:
Լուսանկարը՝ ՀՖՖ-ի
Մեկնաբանել