HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ստեփանավանի ԲԿ-ի նախկին բժիշկները ահազանգում են կեղծ հիվանդների, հովանավորչության մասին, տնօրենը հերքում է

«Հետք»-ին են դիմել Ստեփանավանի բժշկական կենտրոնի նախկին բժիշկները՝ պատմելով, որ ներկայիս տնօրեն Անուշ Իսպիրյանը կեղծ բուժառուների է գրանցում և պետությունից գումար ստանում՝ իրականում բուժում չստացած մարդկանց համար։ Բացի այդ, ըստ բժիշկների՝ տնօրենը ստիպում է աշխատակիցներին վարկեր վերցնել իր համար, ապա աշխատակիցներին պարգևավճարներ է տալիս և հորդորում այդ գումարներով մարել վարկերը։

Նախկին աշխատակիցների խոսքով՝ հիվանդանոցում վախի մթնոլորտ է, քանի որ Անուշ Իսպիրյանի հայրը պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի մտերիմն է, և նրա անունն է անընդհատ շահարկում։

Մեզ դիմած բոլոր բժիշկները ցանկացել են մնալ անանուն, քանի որ վախենում են, որ կհետապնդվեն Անուշ Իսպիրյանի և նրա հարազատների կողմից։

«Հետք»-ը ստացած տեղեկությունները ճշտելու նպատակով զրուցել է հիվանդանոցի նախկին և ներկա աշխատակիցների հետ, հարցումներ ուղարկել բժշկական կենտրոնի տնօրեն Անուշ Իսպիրյանին, Առողջապահության նախարարություն և Սուրեն Պապիկյանին։

Նյութում կարդացեք՝
  • «Կեղծ հիվանդներ, աշխատակիցների անուններով ձևակերպված վարկեր». ի՞նչ են պատմում հիվանդանոցի նախկին և ներկա բժիշկները
  • Ի՞նչ կապ կա Անուշ Իսպիրյանի և Սուրեն Պապիկյանի միջև
  • Անուշ Իսպիրյանը աբսուրդ է որակում իրեն վերագրվող արարքները
  • Առողջապահության նախարարությունը դիմել է Հակակոռուպցիոն կոմիտե
  • «Ստեփանավանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի 100% պետական բաժնետոմսերը մրցույթով կհանձնեն հավատարմագրային կառավարման
  • Հիվանդանոցի կուտակած պարտքերի վերաբերյալ դատական գործեր

Անուշ Իսպիրյանը Ստեփանավանի ԲԿ-ի տնօրենի պաշտոնը զբաղեցնում է 2021թ. մայիսի 31-ից։ Նա նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ցուցակով Ստեփանավան համայնքի ավագանու անդամ է։

Տնօրենի պաշտոնը ստանձնելուց հետո մի շարք բժիշկների հետ Անուշ Իսպիրյանի հարաբերությունները լարվել են։

«Հետք»-ը զրուցել է նախկին բժիշկների հետ։

Մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի նախկին բժիշկներից մեկը մեզ պատմել է, որ իր հետ հարաբերությունները լարվեցին այն ժամանակ, երբ Անուշ Իսպիրյանն իրեն առաջարկեց գործարքի մեջ մտնել, իսկ ինքը հրաժարվեց։

Ըստ բժշկի՝ տնօրենը թե՛ իր բաժանմունքի, թե՛ մյուս բաժանմունքների աշխատակիցներին առաջարկել է պետպատվերի շահառու հանդիսացող ծանոթ-բարեկամ ունենալու դեպքում նրանց որպես «բուժառու» բերել և գրանցել։

Բժշկի խոսքով՝ նման առաջարկը մերժելուց հետո տնօրենի համար ոչ ցանկալի անձ է դարձել։ Նրա հավաստմամբ՝ բաժանմունքի 3 բժիշկների համար տնօրեն Անուշ Իսպիրյանն այնպիսի պայմաններ է ստեղծել, որ նրանք դուրս գան աշխատանքից։

Մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի նախկին բժիշկը պնդում է՝ տնօրենը մարդկանց անուններ է գրել, որոնք իրականում հիվանդ չեն եղել, և եթե, օրինակ, հիվանդանոցում եղել է իրական 20 հիվանդ, 50 անուն է գրվել։ Բժշկի խոսքով՝ հիվանդանոցի բոլոր աշխատակիցները գիտեն այս ամենի մասին։

«Հետք»-ին դիմած Ստեփանավանի ԲԿ-ի նախկին մեկ այլ աշխատակից էլ հայտնեց, որ Անուշ Իսպիրյանը նաև աշխատակիցներին ստիպել է իր անձնական կարիքների համար վարկ վերցնել։ Որպես օրինակ, բժիշկը նշում է ԲԿ-ի մի քանի աշխատակիցների անուններ, որոնց թվում կան վարչական բաժնի աշխատակիցներ։

Ըստ նախկին աշխատակցի՝ Իսպիրյանը վարկեր վերցրած անձանց պետական միջոցներից հատկացնում է պարգևավճարներ, հավելավճարներ և հորդորում այդ գումարներով մասամբ մարել վարկը։

«Իրենից գոհ են միայն իր հովանավորյալ մի քանի բժիշկներ, մնացածի հետ վարվում է կամայականորեն և կոպիտ»,- ասում է նա։

Անձնավորած վատ վերաբերմունքի հետևանքով է սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել նախկին բժիշկներից մեկը, որը ևս մեզ հետ զրույցում հաստատում է հիվանդանոցում տիրող անառողջ մթնոլորտի մասին։ «Ես չթողեցի, որ իմ արժանապատվությունն ինքը տրորի։ Ստացվում է՝ ով էլ թույլ չտվեց, չի աշխատում»,- նշեց բժիշկը։

Ըստ նրա՝ Անուշ Իսպիրյանն աշխատակիցների շրջանում ունեցել է «ֆավորիտներ»։ «Իր ֆավորիտների մեջ չէի մտնում, որովհետև ամեն օր չեմ կարա ասեմ` քո օծանելիքի հոտն ամենաընտիրն է։ Նա բժիշկների հետևից հեգնանքով էր խոսում, ռեպլիկներ թողնում, բամբասում։ 4 լավ փորձառու բժիշկ լքեց ծննդատունը, ու ինքը, շատ իրան գովելով, ասեց՝ լավ չիստկա եմ արել»,- պատմում է բժիշկը։

«Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Անուշ Իսպիրյանն իր հարազատների հետ միասին որպես պատասխանող ներգրավված է 4 դատական գործում, որոնցից 2-ի մասով կա բավարարված դատական ակտ։ 4 գործով էլ բանկերը և բանկային կազմակերպությունները գումարի բռնագանձման պահանջ են ներկայացրել։ Գործերից մեկով բանկի հայցադիմումը վերադարձվել է, մյուսի դեպքում՝ վարկային կազմակերպությունը հրաժարվել է հայցից։ Իսկ «Արեգակ Ունիվերսալ վարկային կազմակերպություն» ՓԲԸ-ի հայցը 2022 թվականին բավարարվել է, դատարանը որոշել է Անուշ Իսպիրյանից և գործով պատասխանող ներգրավված նրա հարազատներից բռնագանձել 860 հազար 566 դրամ՝ ներառյալ տույժ-տուգանքները։ Իսկ մյուս գործով դատարանը 2022թ․-ին բավարարել է «Ակբա Բանկ» ԲԲԸ-ի հայցադիմումը՝ ընդդեմ Անուշ Իսպիրյանի և իր հարազատների՝ նրանցից բռնագանձելով 1 մլն 30 հազար 146 դրամ՝ ներառյալ տույժ-տուգանքները։ Նշված գումարների մեջ ներառված չէ դատական ծախսը, ինչպես նաև մինչև պարտավորության փաստացի կատարումը շարունակվել են հաշվարկվել տույժ-տուգանքները, ուստի հնարավոր է բռնագանձման ենթակա վերջնական գումարը ավելի շատ է եղել, քան ներկայացվածը։

Իսպիրյանի ներկայացրած հայտարարագրի համաձայն՝ 2023-ին, համատեղ սեփականությամբ, հիփոթեքով բնակարան է ձեռք բերել Երևանում։ Մեր տեղեկություններով՝ բնակարանը «Դեֆանս հաուզինգ» բնակելի թաղամասում է։

Հիվանդանոցի ներկայիս աշխատակիցը «փիլիսոփայորեն» է մոտենում իր ժամերը կրճատելուն

Ստեփանավանի ԲԿ-ի ներկայիս բժիշկներից մեկը (իր ցանկությամբ չենք հրապարակում անուն-ազգանունը) «փիլիսոփայորեն» է մոտենում իր աշխատաժամերը՝ տնօրեն Անուշ Իսպիրյանի կողմից կրճատելուն։

«Իր մոտիկ շրջապատից նորավարտ մարդ ընդունեց, որ իրեն առաջ տանի, ոչինչ, ես փիլիսոփայորեն եմ մոտենում, որովհետև երիտասարդ կադր ա, պիտի առաջ գնա։ Փիլիսոփայորեն եմ մոտենում, ոչ մի բան հավերժ չէ, ամեն ինչ հարաբերական ա, կփոխվի»,- նշում է նա։

Մեր հարցին՝ այդ դեպքում չի՞ ստացվում, որ Իսպիրյանն իր ծանոթներին է առաջ տանում, բժիշկը պատասխանեց. «Հա ոչինչ, դե հմի ինչ անեմ, կարևորն էն ա, որ մարդը չի կորում, ինքն իր ճանապարհը գտնում ա, ես տարբեր տեղեր եմ գնում, աշխատում, ես իրանից չեմ նեղանում։ Չեմ ուզում ոչ մեկի մասին վատ բան խոսամ, ինքը վատությունա անում, ես էլ գնում եմ ուրիշ տեղ եմ աշխատում, էդ ինձ շատ լավ եղավ»։

Հարցին, թե ինչպիսի՞ մթնոլորտ է հիվանդանոցում, նա ասաց, որ բոլորը տնօրենի հետ լավ են, բոլորն իրեն ենթարկվում են՝ վարչական անձնակազմը, ընդունարանը, բժիշկները։

«Ես հիվանդանոցում քիչ եմ լինում, իրեն չեմ տեսնում, շփում չունեմ։ Իր գործերի մասին ընդհանրապես տեղյակ չեմ, ես իրան մոտ չեմ կանգնած, իր շրջապատից չեմ, չգիտեմ՝ ինչեր է անում։ Ինքը ինձ չի հանել, դրա համար ես իրա մասին վատ բան չեմ կարա ասեմ»,- ասաց աշխատակիցը։

Սուրեն Պապիկյանին 30-օրյա ժամկետ էր անհրաժեշտ՝ պատասխանելու՝ ճանաչում է արդյոք Անուշ Իսպիրյանին

Նախկին բժիշկները, որոնց հետ զրուցել ենք, պատմում են, որ Անուշ Իսպիրյանի հայրը մտերիմ հարաբերություններ ունի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ։ Ըստ բժիշկների՝ Անուշ Իսպիրյանն այս հանգամանքն օգտագործում է և շահարկում է Պապիկյանի անունը՝ վախեցնելով աշխատակիցներին չբարձրաձայնել իր գործողությունների մասին կամ սպառնալով աշխատանքից ազատել։

Անուշ Իսպիրյանը հերքեց այս հանգամանքը՝ հայտնելով, որ անձամբ չի ճանաչում Սուրեն Պապիկյանին։ «Մեր քաղաքացին է, ոչ մի այլ հարաբերություն։ Ստեփանավանը փոքր քաղաք է, մեկը մյուսին ճանաչում են․ դա էլ է աբսուրդի ժանրից»,- նշեց Անուշ Իսպիրյանը։

Ճանաչում է արդյոք Սուրեն Պապիկյանը Անուշ Իսպիրյանին և նրա ընտանիքին, հարցրել էինք նաև Պաշտպանության նախարարությանը։ Սակայն, նախարարությունը հարցին պատասխանելու համար խնդրեց օրենքով սահմանված լրացուցիչ 30-օրյա ժամկետ։

Պապիկյանին հարցրել էինք՝ եթե հաստատում է փաստը, որ ծանոթ է Անուշ Իսպիրյանի ընտանիքին, ապա տեղյա՞կ է, որ Անուշ Իսպիրյանը շահարկում է իր անունը աշխատավայրում՝ նշելով, որ իր «հովանավորն է»։

Միայն 30 օր անց ստացանք հարցման պատասխանը, որտեղ ասվում էր, որ նշված հարցադրումները պաշտպանության նախարարի գործունեության և գործառույթների հետ որևէ առնչություն չունեն։ «Հավելենք նաև, որ պաշտպանության նախարարը որևէ անձի գործունեություն չի հովանավորում»,- ասված էր պատասխանում։

Նշենք, որ Անուշ Իսպիրյանի եղբայրը՝ Սերգեյ Մարգարյանը, ֆեյսբուքյան իր էջում պարբերաբար կիսվում է Սուրեն Պապիկյանի աշխատանքային գործունեությանը վերաբերող գրառումներով։ Վերջերս էլ Սերգեյ Մարգարյանը ղեկավար է նշանակվել Ստեփանավանի անտառտնտեսությունում, և մեր տեղեկություններով՝ աշխատանքի է ընդունել Անուշ Իսպիրյանի ամուսնուն՝ Միսակ Բաբայանին։

Անուշ Իսպիրյանը աբսուրդ է որակում իրեն վերագրվող արարքները

«Ստեփանավանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Անուշ Իսպիրյանից մեկնաբանություն ստանալու նպատակով գրավոր հարցում էինք ուղարկել, որտեղ կետ առ կետ անդրադարձել էինք բժիշկների՝ մեզ հայտնած տեղեկություններին՝ խնդրելով դրանք մեկնաբանել։

Անուշ Իսպիրյանի ստորագրությամբ ստացանք հարցման պատասխանը, որտեղ միայն նշված էր, որ բոլոր 6 կետերում նշված հանգամանքները չեն համապատասխանում իրականությանը։

Զանգահարեցինք բժշկական կենտրոն՝ նշելով, որ հարցման պատասխանը թերի է և ընդհանրական։ Մեզ հետ զրույցում հիվանդանոցի ադմինիստրատոր ներկայացող Նունեն ասաց, որ նշված բոլոր հանգամանքները չեն համապաստասխանում իրականությանը, դրա համար էլ միանգամից բոլոր կետերի վերաբերյալ են այդպես պատասխանել։

Հարցինք՝ արդյոք հիվանդանոցի պարտքերի վերաբերյալ կե՞տն էլ չի համապատասխանում իրականությանը։ «Հիմա ո՞ր մի հիմնարկը պարտք չունի»,- պատասխանեց Նունեն։

Մենք նշեցինք, որ այդ դեպքում հակասող պատասխան են տալիս, քանի որ գրավոր պատասխանում հերքվել է պարտքեր ունենալու հանգամանքը, իսկ հիմա բանավոր դա հաստատվում է։ Դրանից հետո Նունեն խոստացավ խոսել տնօրենի հետ և նոր պատասխան ուղարկել՝ միայն պարտքերին առնչվող կետի մասով։

Խոստացված պատասխանն այդպես էլ չստացանք։ Եվս մեկ անգամ զանգահարեցինք հիվանդանոցի աշխատակցին, վերջինս ասաց, որ արդեն պատասխանել են և մեզ ոչինչ չեն խոստացել։ Րոպեներ անց զանգ ստացանք, Նունեն ասաց, որ շուտով տնօրեն Անուշ Իսպիրյանը մեզ կզանգահարի։

Անուշ Իսպիրյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում մի քանի անգամ շեշտեցինք, որ այս թեմայով հոդված ենք պատրաստում, ինչին ի պատասխան՝ Իսպիրյանը հարցրեց. «Էդ հրապարակումը պարտադի՞ր ա լինելու»։ Ասացինք՝ այո, հոդվածը հրապարակվելու է, այդ իսկ պատճառով կարևոր է լսել նաև իր տեսակետը և խնդրեցինք մեկնաբանել մեր հարցման մեջ նշված կետերը։ Հեռախոսազրույցի ընթացքում Իսպիրյանը աբսուրդ որակեց այն պնդումները, որ ինքն առաջարկել է բժիշկներին գործարքի մեջ մտնել՝ նշելով․ «Տնօրենն իրեն նման բան թույլ չի տա, և ոչ մի բժիշկ նման գործարքի մեջ չի մտնի։ Ի՞նչ կեղծ հիվանդ, ի՞նչ բան, նման բան չի կարող լինել»։ Անդրադառնալով այն հանգամանքին, որ աշխատողների անունովվարկեր է վերցրել՝ ԲԿ-ի տնօրենն ասաց․ «Ես ի՞նչ գործ ունեմ աշխատողի վարկի հետ, ո՞նց կարող ա տնօրենն աշխատակցին տենց բան խնդրի»։

Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձանք նաև աշխատանքից ազատված բժիշկներին։ Իսպիրյանը նշեց, որ իր՝ տնօրեն աշխատելու ժամանակահատվածում ընդամենը երկու բժշկի է ազատել աշխատանքից Աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով, մնացածն իրենց կամքով են ազատվել։ Թե ինչն է եղել պատճառը, նա այդպես էլ չնշեց։

Անուշ Իսպիրյանը խոստացավ գրավոր նոր պատասխան ուղարկել, որը հաջորդ օրը ստացանք, սակայն այդ պատասխանում կրկին առանձին անդրադարձ չէր կատարվել հիվանդներ գրանցելուն, աշխատողների անուններով ձևակերպված վարկերին, բժիշկներին անհիմն աշխատանքից ազատելուն, Սուրեն Պապիկյանի անունը շահարկելուն։

Առողջապահության նախարարությունը ենթադրյալ հանցանքի հատկանիշներով դիմել է Հակակոռուպցիոն կոմիտե. նախաձեռնվել է քրեական վարույթ

Գրավոր հարցմամբ դիմել էինք Առողջապահության նախարարություն՝ ներկայացնելով բոլոր այն հանգամանքները, որոնք Ստեփանավանի ԲԿ-ի նախկին աշխատակիցները հայտնել էին մեզ։ Առողջապահության նախարարությանը հարցրել էինք՝ տեղյա՞կ են արդյոք հիվանդանոցում տիրող մթնոլորտից և Անուշ Իսպիրյանի գործողություններից։ Երբևէ բողոք ստացե՞լ են հիվանդանոցի աշխատողներից։ Այս բժշկական կենտրոնում ստուգումներ անցկացվե՞լ են։

Նախարարությունից հայտնել են, որ «Ստեփանավանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի բաժնետոմսերի կառավարման լիազորությունները իրենց են վերապահվել 2025թ. ապրիլի 15-ից: Առողջապահության նախարարության քաղաքացիների բողոքների և դիմումների արագ արձագանքման բաժնում հիվանդանոցի աշխատողներից բողոքներ չեն գրանցվել:

Առողջապահության նախարարությունից նաև հայտնել են, որ նշված հանգամանքները պարունակում են ենթադրյալ հանցագործության մասին տեղեկություն, և «Հետք»-ի գրությունը նախարարության գրության հետ համատեղ ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե՝ սահմանված կարգով ընթացք տալու նպատակով։

Հակակոռուպցիոն կոմիտեից մեզ հայտնեցին, որ բժշկական կենտրոնում ենթադրյալ չարաշահումների հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որը նախաքննության փուլում է։ Այս պահին գործով դեռևս մեղադրյալ չկա։

Բժշկական կենտրոնը 80 մլն 212 հազ. դրամի պարտավորություններ (պարտք) ունի

Բժշկական կենտրոնի իրավունքները նախատեսվում է հավատարմագրային կառավարման հանձնել։ Դրա մասին հայտարարության տեքստում նշված է, որ 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ ընկերության պարտավորությունները (պարտքը) 80 մլն 212 հազ. դրամ են: Առողջապահության նախարարությունը չի տրամադրել մեզ պարտքերի բացվածքը՝ նշելով՝ «մի շարք կազմակերպությունների մասով այն կարող է առևտրային գաղտնիք հանդիսանալ»։

«Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից տեղեկացանք, որ գումարի բռնագանձման պահանջով «Ստեփանավանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի դեմ 14 հայց կա, որոնցից 11-ը դատարանը բավարարել է։ Ըստ բժշկական կենտրոնի տնօրեն Անուշ Իսպիրյանի՝ այդ պարտքերը կուտակվել են կորոնավիրուսի ժամանակ։ Բոլոր բավարարված և ուժի մեջ մտած դատական ակտերով բռնագանձման ենթակա գումարները միասին26 մլն 768 հազար 250 դրամ են՝ ներառյալ տույժ-տուգանքները և դատական ծախսը։ Նշենք նաև, որ մինչև պարտավորության փաստացի կատարումը շարունակվում են հաշվարկվել տույժ-տուգանքները, ուստի հնարավոր է բռագանձման ենթակա վերջնական գումարը ավելի շատ է, քան ներկայացվածը։

Թեև մեր հարցման պատասխանում ԲԿ-ի տնօրեն Անուշ Իսպիրյանը նշել է, որ բժշկական կենտրոնը մինչև իր տնօրեն նշանակվելն է ունեցել պարտքեր, դատական գործերն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ իր ղեկավարության ընթացքում են կուտակվել շատ պարտքեր, իսկ նախկին որոշ պարտավորություններ էլ չեն կատարվել իր տնօրեն նշանակվելուց հետո ևս։ Որոշ դատական գործերով էլ նշված չեն պարտքի գոյացման ժամկետները։

Բժշկական կենտրոնին դատի են տվել դեղորայք, բժշկական սարքավորումներ մատակարարող ընկերություններ։ Գազի մատակարարման դիմաց չվճարելու համար դատարան է դիմել նաև «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն՝ պահանջելով բռնագանձել մոտ 1մլն 859 հազար դրամ՝ ներառյալ տույժ-տուգանքները։

Անուշ Իսպիրյանի տնօրեն եղած ժամանակահատվածում կուտակված խոշոր պարտքերից է, օրինակ, «Գիսանե» ՍՊԸ-ի մատուցած ծառայությունների համար չվճարած գումարը։ Դատական գործում չի նշվում, թե ինչ ծառայությունների մասին է խոսքը, սակայն երևում է, որ պարտքը սկսել է գոյանալ 2021 թվականի օգոստոսից մինչև 2024-ի օգոստոս ամիսը։ Ընդհանուր պարտքի գումարը մոտ 3 մլն 681 հազար դրամ է՝ ներառյալ տույժ-տուգանքները։

Ստեփանավանի ԲԿ-ն 25 տարով հավատարմագրային կառավարման կհանձնվի

Առողջապահության նախարարության «Ստեփանավանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի պետության 100% սեփականությունը հանդիսացող 14 656 հատ հասարակ անվանական բաժնետոմսերով հավաստված իրավունքները (մեկ բաժնետոմսի անվանական արժեքը 10 000 դրամ է) առաջարկվում է հավատարմագրային կառավարման հանձնել 25 տարի ժամկետով։

Հավատարմագրային կառավարչին են փոխանցվելու բաժնետիրական ընկերության տնօրենների խորհրդի իրավասությունները, սակայն կառավարիչն իրավունք չի ունենա, առանց Պետական գույքի կառավարման կոմիտեի համաձայնության, օտարել կամ գրավ դնել ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող անշարժ և շարժական գույքը:

Ընկերության բաժնետոմսերը հավատարմագրային կառավարման հանձնելու նպատակը, ըստ ներկայացված հայտարարության, բժշկական կենտրոնի շենքային կառույցների վիճակի վերանորոգումը և վերազինումն են, բուժօգնության առաջնային (ամբուլատոր-պոլիկլինիկական) օղակի դերի բարձրացումը, ծառայությունների ընդլայնման և բուժանձնակազմի վերապատրաստման շնորհիվ, բնակչությանը ցուցաբերվող բուժօգնության մակարդակի բարձրացումը` որակի և մատչելիության առումով, բուժհաստատությունների տեխնիկական հագեցվածությունը, ֆունկցիոնալ, լաբորատոր-ախտորոշիչ և հարակից ծառայությունների հզորացումը, մարդկային ռեսուրսների պլանավորումը, շարունակական մասնագիտական զարգացման և կատարելագործման ապահովումը, ինչպես նաև բժշկական օգնության և սպասարկման վճարովի ծառայությունների ծավալների մեծացումը և բժշկական անձնակազմի աշխատավարձի բարձրացումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter