HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Ղազարյան

Պետհամարանիշերի գնման մրցույթում հաղթել է նախկինում կոռուպցիոն սկանդալում հայտնված գործարարի ընկերությունը 

2025-ի օգոստոսի 18-ին ՆԳՆ-ն նոր պայմանագիր է կնքել պետհամարանիշերի գնման համար․ հաղթողը նույն ընկերությունն է, որի սեփականատերը կոռուպցիոն գործարքի մեջ ներգրավված գործարար Արթուր Կոնրադն է։

Ներքին գործերի նախարարությունը պետհամարանիշեր ձեռք բերելու նպատակով պայմանագիր է կնքել «Մոտուս Փրոդաքշն էնդ թրեյդ» ՍՊԸ-ի հետ։ Պայմանագրի արժեքը 534 մլն դրամ է։

Նախորդ տարի ևս ՆԳՆ պետհամարանիշերի պատրաստումը վստահել էր «Մոտուս Փրոդաքշն էնդ թրեյդ» ՍՊԸ-ին։ 2024-ին նախարարությունը ընկերությանը վճարել էր 441 մլն  950 հազար դրամ։

«Մոտուս Փրոդաքշն էնդ թրեյդ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2024 թվականին։ Ընկերության միակ սեփականատերը Դուբայում գրանցված «Մոտուս Կապիտալ» («Motus Capital Free Zone Company) ազատ գոտու ընկերությունն է։ 

«Մոտուս Կապիտալի» սեփականատերերը հինգն են՝ Արթուր Կոնրադը, Ֆիլիպ Կոնրադը, Լյուդմիլա Կոնրադը, Սիմոն Լենտինը և Յուրգեն Ցիլլինը: Արթուր Կոնրադին պատկանում է ընկերության 60%-ը, իսկ մյուներին` 10-ական տոկոս։ 

2023 թվականի ապրիլից Հակակոռուպցիոն քրեական դատարանում քննվող մի գործով մեղադրյալներրից մեկը Արթուր Տոնոյանն է՝ Ճանապարհային ոստիկանության պետի նախկին տեղակալը։

Համաձայն մեղադրական եզրակացության՝ Տոնոյանը համագործակցել է «Բիլլ Սթոուն» ՍՊԸ-ի ղեկավարների հետ և նպաստել, որ ՃՈ-ի կազմակերպած մրցույթներում հաղթի հենց «Բիլլ սթոունը»։  

«Բիլլ Սթոուն» ՍՊԸ-ն պատկանում է Արթուր Կոնրադին։ Տնօրենը Տիգրան Օրդանյանն է։

Ինչպես է ոչ բարեխիղճ գործելակերպով աչքի ընկած գործարարներին պատկանող ընկերությունը հաղթել ՆԳՆ-ի մրցույթում։ Այս հարցն ուղղել ենք Ներքին գործերի նախարարությանը։

Ներքին գործերի նախարարությունից ուղարկել են երկու էջանոց պատասխան «Գնումների մասին» օրենքի մեջբերումներով և վերջում հավելել, որ «Մոտուս Փրոդաքշն էնդ թրեյդ» ՍՊԸ-ն մրցույթին մասնակցության հայտ ներկայացնելու օրվա դրությամբ ընդգրկված չի եղել մրցույթին մասնակցելու իրավունք չունեցող ընկերությունների ցանկում և նրա մասնակցությունը համապատասխանել է «Գնումների մասին» օրենքով սահմանված չափանիշներին։ 

Լուսանկարը՝ էկրանակադր «Լուրեր» ծրագրի տեսանյութից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter