
ԿԽՄԿ-ն Վայոց Ձորի ԲԿ-ին օգնում է մեծացնել կարողությունները
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հայաստանյան պատվիրակության ֆինանսավորմամբ արեւային էլեկտրակայան է կառուցվել Վայոց Ձորի բժշկական կենտրոնի համար: Այն գործարկվել է մոտ երեք ամիս առաջ: Արեւային էլեկտրակայանը 140 կՎտ հզորություն ունի եւ ամառվա ընթացքում գրեթե ամբողջությամբ բավարարել է ԲԿ-ի հոսանքի օրական պահանջարկը:
Բժշկական կենտրոնի տնօրեն Խորեն Նազարյանն ասում է, որ իրենց էներգետիկ ծախսերը մեծ են, սակայն արեւային կայանից ստացված հոսանքը 97-98 %-ով բավարարում է պահանջարկը:
Նազարյանը նկատում է, որ եթե 250 կՎտ հզորությամբ արեւային էլեկտրակայան ունենան, ապա կարելի է նույնիսկ գազ չօգտագործել: Շենքը մեծ է՝ 4000 քմ տարածքով, ինչը հնարավորություն է տալիս տանիքին ավելի շատ արեւային վահանակներ տեղադրել:
Վայոց Ձորի ԲԿ-ն սկսել է աշխատել 2024 թ. մարտի 15-ից: Այն կառուցվել է Համաշխարհային բանկի եւ ՀՀ կառավարության միջոցներով:
Նախկինում, ըստ տնօրեն Նազարյանի, Եղեգնաձորն ու Վայքն ունեին առանձին ստացիոնար ծառայություններ, այնինչ հիմա դրանք միավորվել են Վայոց Ձորի ԲԿ-ում, իսկ նշված քաղաքներում շարունակում են գործել ամբուլատոր բժշկական ծառայությունները:
Կենտրոնի ղեկավարի դիտարկմամբ՝ իրենց կառույցը հագեցվածությամբ, թերեւս, չի զիջում Երեւանի ԲԿ-ներին: Մեկնարկից մինչ օրս բուժհաստատությունը սպասարկել է շուրջ 2500 բուժառուի, կատարել բազմապրոֆիլ վիրահատություններ, ինչպիսիք մինչ այդ Վայոց Ձորի մարզում չէին կատարվում:
«Ծավալները փորձում ենք մեծացնել եւ բուժառին ավելի հասանելի դարձնել բուժօգնությունը, որպեսզի դեպի մայրաքաղաք հոսքը պակասի, այսինքն՝ մեր մարզի բուժառուները, ինչպես նաեւ շրջակա մարզերից, օգտվեն մեր հիվանդանոցից»,- նշում է Խորեն Նազարյանը:
Հավելում է, որ ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակությունն անհրաժեշտության դեպքում իրենց օգնում է դեղորայքով, բժշկական պարագաներով: Միջազգային կազմակերպությունը նաեւ երկու անգամ դասընթաց է կազմակերպել բուժանձնակազմի համար աղետների դեպքում առաջին անհետաձգելի բուժօգնության թեմայով:
Բացի դրանից՝ մասնաշենքերից մեկի նկուղային հարկում ԿԽՄԿ-ի միջոցներով կառուցվում են երկու վիրահատարան, վերակենդանացման եւ ինտենսիվ թերապիայի ու անհետաձգելի բուժօգնության բաժանմունքներ:
Մեկնաբանել