HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

Ինչպես խաբել մարդկանց՝ չկայացած դասընթացի գումար գանձելով եւ աշխատանք խոստանալով

Անի Ավետիսյանը 2023 թվականին երիտասարդական մի ծրագրի շրջանակում ծանոթացավ Մարատ Ղուկասյանի հետ։ Մարատն այդ ժամանակ 19 տարեկան էր։

Նա ասել է, որ «Նոր էջից երիտասարդական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ղեկավարն է և իր կազմակերպության համար մշակութային բաժնի ղեկավար է փնտրում, Անիին աշխատանքային առաջարկ է արել։ 

Անին համաձայնել է, որից հետո նրանք մի քանի անգամ հանդիպել են։

«Մարատն ինձնից պարտքով մի քանի անգամ գումար է ուզել, մերժել եմ, միայն մի անգամ եմ տվել, հետո մի կերպ հետ վերցրել»,-ասում է Անին։

Աշխատանքը քննարկելու համար Անին ու Մարատը հանդիպել են Երևանի տարբեր սրճարաններում։ Երբ Անին հարցրել է, թե ինչու գրասենյակում չեն հանդիպում, Մարատը պատճառաբանել է, թե գրասենյակը գյուղում է, առավել հարմար է որևէ սրճարանում հանդիպել։

«Հանդիպումների ողջ ընթացքում Մարատը ճաշում էր, երբ խնդրում էի, որ գործից խոսենք, ասում էր, որ քաղցած է, պետք է ճաշի, ապա նոր կարողանա քննարկել։ Երբ հաշիվը վճարելու պահը գալիս էր, զանգահարում էր իր ՀԿ-ին կամավորագրված երիտասարդներին և ասում, որ անդամավճարները վճարելուն հաշված րոպեներ են մնացել ու ստիպում էր, որ վճարեն գումարները, այդպիսով փակում սրճարանի հաշիվը: Ինձ սկզբում թվում էր, թե մեկը մյուսի հետ կապ չունի, ուղղակի զուգադիպում է, բայց երբ մի քանի անգամ նույն դեպքը կրկնվեց, հասկացա, թե ինչ է կատարվում»,-պատմում է Անին։

Նրա խոսքով, դեպքեր են եղել, որ տարբեր մարդիկ, իմանալով, որ համագործակցում է Մարատի հետ, զգուշացրել են, որ ուշադիր լինի, քանի որ կարող է հետագայում Մարատի պատճառով տհաճ պատմությունների մեջ հայտնվել։

Անին պատմում է, որ Մարատը պարբերաբար ներգրավում էր նոր մարդկանց, մասնակցում էր երիտասարդական տարբեր ծրագրերի, նոր ծանոթություններ ձեռք բերում և բոլորին առաջարկում ներգրավվել իր ՀԿ-ի աշխատանքներում։ Բոլոր երիտասարդներից Մարատը պարտադիր անդամավճարներ էր պահանջում։ 

«Որոշ ժամանակ անց արդեն հասկացել էի, որ Մարատը ոչ մի լուրջ բանով էլ չի զբաղվում, իսկ մշակութային բլոկն այդպես էլ չի աշխատում, հետ պահանջեցի իմ գումարը, երկարատև բանակցություններից հետո, մի քանի անգամ իրեն դիմելուց հետո, ի վերջո, գումարը հետ փոխանցեց։ Ինձ թվում էր, թե Մարատը դադարեցրել է իր գործունեությունը, բայց հետո իմացա, որ շարունակում է, ավելին՝ նոր նախագծեր ունի»,-պատմում է Անին։

Այս տարի Մարատ Ղուկասյանն ընդլայնել է գործունեությունը, հաշվապահական, մարքեթինգային դասընթացներ է կազմակերպում՝շրջանավարտներին խոստանալով լավ պայմաններով, բարձր աշխատավարձով աշխատանք։ «Հետքի» խմբագրություն դիմած քաղաքացիները, սակայն, այլ բան են պատմում Մարատ Ղուկասյանի և նրա հիմնադրած ընկերության գործունեության մասին։

Մեր մեկ այլ զրուցակից՝ Արմինեն (անունը փոխված է) պատմում է, թե ինչպես է միացել Մարատ Ղուկասյանի նախաձեռնությանը։

«Մոտավորապես չորս ամիս առաջ Մարատը տարբեր կայքերում հայտարարություններ էր տեղադրում, թե իրենց թիմին աշխատակիցներ են պետք։ Ինձ առաջարկել էր զբաղվել ծրագրերի համակարգմամբ՝ սկզբում որպես ծրագրի օգնական, հետո նաև՝ ղեկավար։ Նման առաջարկներ ստացել էին նաև իմ ծանոթներից մի քանիսը։ Ես Գյումրիից եմ, ու Գյումրիից էլի մարդիկ միացել էին»,-պատմում է նա։

Մարատը Արմինեից անդամակցության վճար է պահանջել՝ 15 հազար դրամ, մեկ այլ մասնակցից՝ 10 հազար դրամ։

«Մյուս մասնակիցների աշխատանքի էությունը կայանում էր նրանում, որ պետք է պատրաստեին ինֆոգրաֆիկաներ, յուրաքանչյուրի համար Մարատը խոստացել էր վճարել 2-3 հազար դրամ։ Բայց ոչ այդ գումարները վճարվեցին, ոչ էլ անդամակցության գումարը վերադարձվեց»,-ասում է նա։

Արմինեն մի քանի անգամ փորձել է կապ հաստատել Մարատի հետ, բայց նա զանգերին ու նամակներին չի պատասխանել։ Սկզբում ասել է, թե անդամակցության գումարը չի վերադարձնի, որովհետև «կազմակերպության կանոնադրությամբ այդպես է»։ Հետագայում խոստացել է վերադարձնել, բայց Արմինեն մինչ օրս գումարը չի ստացել։

«Գումարը ես փոխանցել եմ նրա անձնական հաշվեհամարին՝ Մարատ Ղուկասյանի անվան տակ։ Մինչդեռ նա ներկայանում էր որպես Մարատ Ալեքսանյան։ Ոստիկանություն դիմածների մասին էլ եմ լսել, բայց գործը, կարծեմ, ընթացք չի ստացել։ Հետո հասկացա, որ սա նոր բան չէ, նա նաև սերտիֆիկատներ է վաճառել, դասընթացների դիմաց գումար վերցրել, բայց չի կազմակերպել։ Մարդիկ 10-15 հազար դրամ, հաճախ ավելի մեծ գումարներ են վճարել»,-ասում է Արմինեն։

Հիմնական շփումները, Արմինեի խոսքով, եղել են «Տելեգրամ»-ի միջոցով։ Նա հաճախ երկկողմանի ջնջում է նամակագրությունը, որպեսզի ապացույցներ չմնան։ 

Արմինեն ասում է, որ ցանկանում է հանրայնացնել թեման, որպեսզի ուրիշներն էլ չդառնան նրա զոհը։

Լիանա Սարգսյանն աշխատանք փնտրելիս տեսել է Մարատ Ղուկասյանի հայտարարությունը, դիմել, բայց աշխատանքի փոխարեն դասընթացի համար գումար է վճարել, աշխատանք էլ չի գտել։

«Սոցիալական ցանցերում հայտարարություն տեսա՝ գրասենյակային աշխատանքի մասին էր։ Առաջարկը գրավիչ էր, հեռանկարային պայմաններով, լավ աշխատավարձով։ Գրեցի, նրանք էլ անմիջապես արձագանքեցին»,-պատմում է նա։

Դասընթացի համար վճարումից հետո երկար ժամանակ սպասել է: Դասընթաց կազմակերպելու, ապա աշխատանքի տեղավորելու խոստումներն անընդհատ հետաձգվել են: Մարատը մեկ պատճառաբանել է, թե մարզպետարանի հետ կապված խնդիրներ կան, մեկ՝տարածքի հատկացման, մեկ ուրիշ անգամ, թե նոր գրասենյակ են տեղափոխվում։

«Ես միայն իր հետ եմ շփվել։ Մյուսների մասին ոչինչ չգիտեմ։ Չգիտեմ՝ քանի՞ հոգի են, ովքե՞ր են։ Անգամ կասկածում եմ, որ Մարատն իր իսկական անունն է։ Հիմնականում թիրախավորվում են ուսանողներն ու երիտասարդները»,- ասում է Լիանան։

Լիլիթ Առաքելյանն այս տարվա մայիսից է միացել ֆեյսբուքյան խմբին, որտեղ Մարատ Ղուկասյանն աշխատանքի հայտարարություններ էր տարածում։ 

«Մեզ ասում էր, թե 140 000 դրամ աշխատավարձով աշխատանք է առաջարկում, գումարած՝ բոնուսներ։ Աշխատանքն էլ օնլայն էր։ Բայց մի բան կասկածելի էր՝ միայն հաշվապահների համար էր աշխատանքը։ Ո՞նց կարող է մի դրամաշնորհի համար 40-50 հաշվապահ պետք լինի։ Մարատն ասում էր՝ վերապատրաստում են անելու, հետո ձեզ աշխատանք կտանք»,-պատմում է Լիլիթը։

Այդպես էլ ոչ մի դասընթաց չի եղել, ոչ ոք աշխատանքի չի տեղավորվել: 

«Ոմանք վճարել են 15 հազար, մյուսները՝ 20, 25 կամ 30 հազար դրամ։ Ես էլ էի վճարել։ Հետո տարբեր խմբերից աղջիկներ սկսեցին իրար գտնել։ Բոլորս բոյկոտում էինք, փաստորեն ստացվել էր այնպես, որ բոլորիս խաբել էր։ Ֆեյսբուքյան տարբեր խմբերում հայտարարություններ էինք գրում, որ մարդիկ նույնպես չխաբվեն։ Մի քանիսը նույնիսկ նախորդ տարիներին էին խաբվել, այլ նախագծերի շրջանակներում»,- ասում է Լիլիթը։

 Նրա խոսքով, մի անգամ են դասընթացի դիմած մասնակիցները հանդիպել, Մարատը հանդիպում է կազմակերպել, տարածք վարձակալել։ 

«Ասում էր՝ դա իբր դաս է, բայց իրականում ծանոթություն էր։ Նկարեցին բոլորիս, նկարները հավաքում էր, որ հետո ցույց տա, որ հաշվապահների դաս անցկացրել է, բայց դա դաս չէր, հետո հասկացա, որ հետագայում ուրիշներին մոլորեցնելու համար էր արվում այդ ամենը»,-ասում է Լիլիթը։

Մարատ Ղուկասյանը դասընթացի մասնակիցներին տարբեր ժամանակներում խոստացել է պայմանագրեր կնքել, բայց ոչ մի փաստաթուղթ չի ներկայացրել։ 

Լիլիթը պատմում է, որ Մարատը ամեն անգամ հայտարարությունների տեքստերը փոփոխում է, որ մարդիկ չճանաչեն, չիմանան, որ ինքն է, երբեմն նույնիսկ հայտարարությունները ֆեյսբուքյան խմբերում անանուն է տեղադրում։

«Վերջում արդեն անցել է վիրավորանքի։ Ասում է՝ թքած ունեմ ձեր փողերի վրա։ Մի օր ասում է՝ 600 հազար դրամ եմ ծախսել ՀԿ֊ի միջոցներից, ինձ էլ են խաբել, դասընթացավարը խաբել է, չի եկել, մի օր ասում է, թե առաջիկայում բոլոր նախագծերը կիրականացվեն, ասում է, թե ուզում է, որ մեր օգնությամբ լավ կազմակերպություն ստեղծի։ Շատ խառը պատմություններ է հորինում, բայց մի բան է պարզ՝ ինքը խաբում է մարդկանց և դրա հաշվին գումար աշխատում։ Հիմնականում իր թիրախում աղջիկներն են, եթե հայտարարություն է տարածում, տղաներին չի արձագանքում, որպեսզի հետո գլխացավանքի մեջ չընկնի»,-նշում է Լիլիթը։

Նրա խոսքով, թեև Մարատ Ղուկասյանն ասել է, որ գումարները փոխանցվում են կազմակերպության հաշվին, բոլորն իրենց փոխանցումները կատարել են Մարատ Ղուկասյանի անձնական հաշվեհամարին։ Չնայած բոլոր փաստաթղթերում, ընտրողների ռեգիստրում Մարատը գրանցված է Ղուկասյան ազգանվամբ, նա ներկայանում է Ալեքսանյան ազգանունով։ Մարատ Ալեքսանյան անուն ազգանունով է գրանցված նաև սոցիալական ցանցերում։ Ներկայանալիս որպես ազգանուն նշում է Ալեքսանյանը։

Մարատ Ղուկասյանի գործունեությունից տուժածները կարծում են, որ նա հատուկ է այլ ազգանուն ընտրել ներկայանալու համար, որպեսզի իր անձի նույնականացումը դժվար լինի։

«Անգամ եթե ոստկանությունում հաղորդում տանք, կամ դիմենք իրավապահ մարմիններին, բոլորը նրան որպես Մարատ Ալեքսանյան են ճանաչում, այդ անուն ազգանունով են դիմելու, իսկ փաստաթղթերով նա Ղուկասյան է, դիտավորյալ նույնականացնելու խնդիր է ստեղծում»,-ասում է Լիլիթը։

Հոդվածը գրելու ամբողջ ընթացքում մեր խմբագրություն պարբերաբար նոր մարդիկ էին դիմում և նույնանման պատմություններ պատմում Մարատ Ղուկասյանի գործունեության վերաբերյալ։ Մարդիկ վճարել են 15-30 հազար դրամ՝ խոստացված դասընթացների ու աշխատանքի համար, բայց ոչինչ չեն ստացել։

 «Հետքը» պարզաբանման համար դիմել է Մարատ Ղուկասյանին։ Հանդիպման ժամանակ Մարատ Ղուկասյանն ասաց, թե ինքն անձնական պատճառներից ելնելով փոխել է իր ազգանունն ու հիմա Ալեքսանյան է։ Պատճառների մասին չցանկացավ խոսել։

Ասաց, թե իրենից բողոքող մարդիկ իրենք են հրաժարվել իր ծառայություններից։ Սկզբում ասաց, որ 2023-ին հասարակական կազմակերպություն է ստեղծել, բայց այժմ գործունեություն է ծավալում մեկ այլ կազմակերպության՝ «Արֆի» հիմնադրամի անվան տակ։

Բոլոր բողոքները Մարատն անհիմն է որակում, ասում է, որ հիմնադրամն առաջարկում է 10-ից ավելի կրթական ծրագիր, որոնք իրականացվում են հիմնադրամի համաֆինանսավորմամբ։ Այսինքն՝ կրթական ծրագրերը, դասընթացները, որ առաջարկում է Մարատ Ղուկասյանը, համաֆինանսավորում է իր ղեկավարած «Արֆի» հիմնադրամը։ Հիմնադրամի ֆինանսական աղբյուրների մասին Մարատ Ղուկասյանը հստակ ոչինչ չի ասում։

«Արֆի հիմնադրամը էս պահին կազմակերպում է կրթական, սոցիալական, սպորտային ու մշակութային բնույթի նախագծեր։ Դասընթացները տարբեր են՝ մարկետինգի տարբեր ճյուղերի մասով՝ ՍՄՄ, գրաֆիկ դիզայն, շուտով՝ նաև ռիլմեյքինգ։ Առանձին ունենք նաև հաշվապահության դասընթացներ։ Յուրաքանչյուր ճյուղի համար կա 1 խումբ՝ օնլայն կամ գրասենյակային տարբերակով։ Մարդիկ գալիս են մեր գրասենյակ՝ Սայաթ-Նովա 40 կամ Սայաթ-Նովա 17 հասցեներով ու ստանում են ծառայություններ։ Գումարային մասով մեր մոտ տատանումը էսպես է՝ եթե պայմանական 50 հազար դրամ արժի դասընթացը, դրա 40-50 տոկոսը հիմնադրամն է համաֆինանսավորում»,- ասաց նա։

Մեր խմբագրություն դիմած քաղաքացիները նշում էին, որ դասընթացներին գրանցվածները աշխատանք չեն ստացել։ Մարատը վստահեցրեց, որ պայմանավորվածությունները հստակ ամրագրված են եղել։

«Ընդհանուր դիմորդներից ընտրվում են լավագույններն ու անցնում աշխատանքի, ծրագիրը չի ավարտվել, որ իրենք էլ որոշել են, որ աշխատանք չեն ստացել։ Երկու անգամ տեխնիկական խնդիրների պատճառով դասընթացները հետաձգվել են, եղել է, որ կազմակերպել ենք, քիչ մարդիկ են միացել, որոշ դեպքերում մարդիկ չեն մասնակցել դասընթացներին, բայց սպասել են անմիջապես աշխատանքի։ Գուցե Ձեզ հենց նրանք են դիմել, որոնք չեն մասնակցել։ Կան պայմանագրերի նախնական նախագծեր»,-ասաց նա։

Մարատ Ղուկասյանին նաև հարցրինք՝ արդյոք ընկերությունը պայմանագիր կնքում է դասընթացի մասնակցի հետ։ Վերջինս հավաստիացրեց, որ բոլորի հետ կնքվում են ծառայությունների մատուցման պայմանագրեր, և որ դրանց մեջ գումարի վերադարձի մասին որևէ կետ չկա։

«Հետքի» խմբագրություն դիմած երիտասարդներից և ոչ մեկի հետ Մարատ Ղուկասյանը պայմանագիր չէր կնքել, ավելին՝ սկզբում ոչ թե դասընթաց էր առաջարկել, այլ միանգամից աշխատանքի տեղավորման հայտարարություններ տեղադրել։ Մասնակիցները ընթացքում էին իմանում, որ աշխատանքի անցնելու համար պետք է վճարովի դասընթաց անցնեն։ Գումարը վճարում էին, բայց ոչ դասընթացն էր կայանում, ոչ էլ խոստացված աշխատանքին էին անցնում։

Իրավաբանական անձանց պետական ռեգիստրում Մարատ Ղուկասյանի անձնագրային տվյալներով միայն մի կազմակերպություն է գրանցված՝ «Նոր էջից երիտասարդական ասոցիացիա» ՀԿ-ն։ Այն գրանցվել է 2023-ի հոկտեմբերի 17-ին։ Հիմնադիրը Մարատ Ղուկասյանն է։ Այն պնդումը, որ Մարատ Ղուկասյանն ամիսներ առաջ նոր կազմակերպություն է հիմնել, որի անունը «Արֆի» է, իրականությանը չի համապատասխանում։ Համենայն դեպս, այդ մասին ոչ մի տեղեկություն առկա չէ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում։

Մեկնաբանություններ (5)

Լիլիթ
Ցավոք անձամբ առնչվել եմ վերջինիս հետ, նույն սցենարը... դասընթացի և երաշխավորված աշխատանքի խոստում, գումարի ստացում, դասընթացի ու աշխատանքի բացակայություն։Պահանջում եմ գումարի վերադարձ, ասում է մենք դա չենք նախատեսել։Իմ փաստարկներից հետո, հավանաբար հասկանալով իր խոսքերի ոչ իրավական լինելը ասում է 2 օրից գումարը կվերադարձնեմ։ Ես բոլոր հարթակներում սկսում եմ մարդկանց տեղեկացնել մարատի ապօրինի գործունեության մասին, վերջինս շատ արագ զանգահարում է ինձ, փորձելով համոզել դադարեցնել ինֆորմացիայի տարածումը, խոստանալով ետ վերադարձնել գումարս։ Այսպիսով անցել է մեկ ամիս, նա դեռ խոստանում է գումար ետ վերադարձնել, դե ես էլ շարունակում եմ բոլոր հարթակներում ահազանգել վերջինիս մասին։ Վերջին օրերի բարձրացված աղմուկից հետո զանգահարում է ամուսնուս, ասելով որ Լիլիթին ասեք վերջ տա 🤣🤣։Դե ինքն էլ խոստանում է գումար վերադարձնել։ Ամենավատն այն է որ նա երեկ հրապարակում է արել, նշելով որ ինքը շարուակելու է իր "արդար" գործը։Այդ իսկ պատճառով շատ կարևոր է որ վերջինս պատժվի, մյուսների համար էլ դաս կլինի:
X
Ապշում եմ, թե այսքան արածներից հետո ոստիկանությունը դեռ ոնց այս հարցին լուծում չի տվել։ Իր ՀԿ-ն գտել էի շատ հայտնի մի տելեգրամյան ալիքի հայտարարությունների շնորհիվ (չնշեմ որն, քանի որ սկանդալներից հետո ադմինը իրեն շատ վատ էր զգում բոլոր զոհերի առաջ՝ նույնիսկ օրենքներ սահմանեց, որ հրապարակումները տհաճ իրավիճակների չբերեն)։ 16 տարեկան էի։ Սկզբում ամեն ինչ շատ վստահելի էր թվում՝ ՀԿ-ն գրանցված էր, կար ինստագրամյան էջ, ամեն ինչ պատշաճ ներկայացված։ Մարատը առաջարկեց անդամակցության երկու տարբերակ՝ 1 տարով և 1 ամսով։ Հենց նոր մտա ստուգեմ՝ ինչքան էր 1 տարվա անդամակցության գումարը ՀՀ դրամով, բայց տեսա՝ հաղորդագրությունների կեսը երկկողմանի ջնջել է։ Ես էլ, չ ծանոթ չլինելով ՀԿ-ին, ընտրեցի 1 ամսյա տարբերակը։ Գրել էր՝ «տարին փակում ենք, գումարը մինչև 3:30 փոխանցի»։ Դե ես էլ փոխանցեցի։ Իրականում չնչին գումար էր՝ 2000 դրամ, դրա համար շատ չմտահոգվեցի։ Պայմանագիրն էլ կարդացի՝ ամեն ինչ նորմալ էր, ստորագրեցի։ Սկզբից ասել էր, որ staff-ի անդամ եմ, բայց անգամ «քննարկելուց» հետո նորմալ բան չհստակեցրեց։ Հետո երևի մոռացել էր, որ ես 1 ամսվա համար էի վճարել (բարեբախտաբար դրա համար էլ լրացուցիչ գումար չկորզեց)։ ՀԿ-ում երևի մի քանի ամիս մնացի։ Ամբողջ ընթացքում ընդամենը 2 հանդիպում է եղել՝ մեկը ժողով, մյուսը՝ սեմինար։ Ժողովին գնացի, լուռ նստեցի՝ ասեցի նոր եմ այստեղ, երևի դրա համար էլ շատ բան չեմ հասկանում։ Խոսում էին ինչ-որ ֆուտբոլի դաշտից, իր նախարարություն այցերից և այլն։ Երկրորդ հանդիպումը սեմինար էր։ Գնացի, նստեցի, սպասում էի, չնայած կամավորի կարգով էի այնտեղ։ Հետո ես, մեկ այլ անդամ ու Մարատը միասին դուրս եկանք, քանի որ նույն կողմ էինք գնում։ Ճանապարհին տարօրինակ ձևով սկսեց խոսել՝ կարծես բակի ընկերների հետ լիներ։ Հետո ասաց․ «Էն աղջկան նվերը տվեցի (չեմ հիշում՝ ինչ խաղարկում էր հարցին ճիշտ պատասխանելու դիմաց), որովհետև սիրուն էր, բայց ուրիշն ավելի շուտ էր պատասխանել»։ Էդ պահին չհասկացա, ինչ կատարվեց, բայց հետո ասաց, որ քննարկելու բան ունի մյուս անդամի հետ ու որոշեց գնալ սրճարան։ Ասում էր՝ «օֆիսը հեռու ա, սենց-էնենց»։ Ինձ էլ էր համոզում միանալ, բայց էդ պահին իր խոսելաձևը այնքան տհաճ էր, որ ուղղակի փախա։ Դրանից հետո այլևս ոչ մի բանի հետ կապ չունեի, բայց կոնտակտի մեջ էինք։ Մի որոշ ժամանակ անց 5000 դրամ պարտքով է խնդրում իր ընկերներից մեկի համար, ով իբր Erasmus-ի մասնակցի։ Ասացի՝ ակտիվ հետևում եմ ծրագրերին ու գիտեմ, որ վաշը Erasmus չկա Հայաստանում, և Erasmus-ը անվճար է։ Ծրագիրը չուղարկեց, բայց պատճառաբանում էր, որ տրանսպորտի համար է պետք։ Ասացի՝ կփոխանցեմ, երբ ծնողներս գան, որովհետև ես չեմ աշխատում ու հաշվեհամար էլ չունեմ։ Էդ ժամանակ էլ իր խոսելաձևը շատ տհաճ էր։ Քարտի տվյալներն է տալիս, փոխանցում եմ, ինքն էլ ասում է․ «չի նստել, չես ուզում օգնես՝ տենց էլ ասա»։ Ասուրդ։ Ասում եմ՝ ստուգի, որ ճիշտ ես գրել տվյալներդ։ Ասում ա՝ «հա»։ Սկսեց ճնշում գործադրել, որ իջնեմ բանկոմատով փոխանցեմ (ուշ գիշեր էր)։ Հետո էլ ասում է՝ քարտիս վրա համ Ալեքսանյան ա, համ Ղուկասյան։ Արդեն շատ ջղայնացած էի՝ մարդ իր սեփական տվյալները չիմանա՞։ Ամեն դեպքում փոխանցեցի։ Իբր խոստացավ, որ շուտով կվերադարձնի։ Ես էլ պարտքը չէի հիշեցնում՝ մտածելով, որ խոսքի տերը կլինի։ Մեկ գեղդցիկ օր էլ մեր ՀԿ-ի չատում սկանդալ բարձրացավ՝ պարզվեց, որ շատերից գումար է կորզել։ Ես դեռ լավ էի պրծել՝ մեկից 60-80 հազար էր վերցրել։ Չատում խայտառակ ձևով ձայնայիններ էր ուղարկում՝ գոռում, վիրավորում։ Հատկապես ինձ ու մեկ այլ աղջկա էր վիրավորում, որովհետև մենք էինք ակտիվ թեման բարձրաձայնում։ Վիրավորանքներից հետո չատը վերացրեց։ Հաջորդ օրը պարտքը փոխանցեց։ Ասացի՝ հրաժարվում եմ ՀԿ-ի անդամակցությունից։ Զանգեց (համարը չէի գրանցել, պատահաբար պատասխանեցի)։ Երևի 5 րոպե մենակ ինքն էր խոսում, արդեն չեմ էլ հիշում ինչ, բայց ինձ իր հոգեբանն էի զգում՝ անիմաստ բացատրություններ և այլն։ Վերջում ասացի՝ անկազմակերպ վիճակ ա, դրա համար եմ դուրս գալիս (զուտ որ հանգիստ թողներ)։ Մյուս աղջկա գումարը ամիսներ անց էլ դեռ մասամբ էր վերադարձրել։ Իսկ մեկ այլ մարդու հետ կապված մեծ սկանդալներ եղան՝ չհայնրանացնեմ։ Հուսամ սրա դեմը շուտ կառնեն։
Լիլիթ
Ես և հարյուրավոր աղջիկների անունից,ովքեր էս պահին համախմբված պատռում են մարատի դեմքը,շնորհակալություն ենք հայտնում Հետքից,դուք օգնեցիք փրկել շատ-շատերին թե գումարային խափեությունից,և թե շատ աղջիկների սեռական ոտնձգություններից զգուշանալու համար։Ինչ եմ ուզում ասել,նա ամեն օր բոլորի հետ կապ է հաստատում ու խնդրում որ ջնջեն հայտարարությունները,խնդրելուց հետո քանի որ ոչ ադեկվատ մարդ է, լկտիավարի խոսում է իր ծնողի տարքիքի կանանց հետ,բոլոր իր ձայնայինները կան,կարող ենք տրամադրել լսեք ու դուք էլ ապշեք ինչպես է խոսում մարատիկը,չկայացած,ընտանիքին ոչ պիտանի,ազգին ոչ պիտանի ,շրջապատին ոչ պիտանի մի անձնավորություն։Մեր համախմբվածության արդյունքում,հարցը բարձրացրել ենք մինչև ոստիկանություն,փաստերը շատ են,հարյուրավոր վճարված կտրոններ իր անձնական հաշվին(կտրոնները առկա են),գումարի չափը մոտենում է 1,000,000 ՀՀ դրամին,սրանից տեղյակ ենք,այ էս պահի դրությամբ էլի մարդիկ են ավելացել ,ստացվում է խափվածների թիվը գերազանցում է գուշակեք արդեն։Շատ աղջիկներ են մեզ դիմել ասելով որ սիրահետել է,տեսել ենք նամակագրությունները,դա արել է նրա համար որ իրենց գումարները ետ չտա։Շատերին ասել է հենց էս պահին փոխանցեք որ զեղչվի,իրենք արագ փոխանցել են ու հայտնվել մեր շարքերում,շատերին ասել է որ գումարը չի նստել,նորից փոխանցեք,ստացվում է նույն մարդը երկու անգամ է վճարել ,կան կտրոնները։Ինչ ասեմ,որ մեկը ասեմ,երբ փորձել ենք ետ ուզել գումարները,լկտիավարի խոսակցություններ է տարել,վերջում էլ ասում է դու եկեղեցի գնացած կաս,մոմ վառած կաս,դա ասում է էն մարդը ով ի ծնե գող է։ Ասում է կտեսնեք նախարար եմ դառնալու,ազգային ժողովից կկանգնեմ սաղիտ անունները կտամ ու կխայտառակեմ։Հիմա էլ ասում է Էջմիածնում հոկտեմբեր-նոյեմբերին կայանալիք ընտրություններում համայնքի ղեկավար պետք է ընտրվեմ,մի խանգարեք։Արդեն քանի ամիսա մեզ սպառնում է իր չկայացախ,9-րդ դասարանը ավարտած իրավաբանով,ասում է դատի կտամ զրպարտելու համար։ՈՒզում եմ ասեմ եթե գոյություն ունի էտ մարդը թող իրան նայի հայելիի մեջ ու որոշի ինքը որ սեռին է պատկանում;Էս գրառումիս մեջ,չկան ոչ մի ավել սուտ բառեր,ինչ գրել եմ ձեռքիս տակ կան ապացույցները,եթե որևէ մեկը կցանկանա համոզվել կապնվեք ինձ հետ տրամադրեմ փաստերը ՝ ձայնայիններ,կտրոններ,սքրին խոսակցություններ։Մեկել ուզում եմ դիմել մեր հայ այն տղամարդկանց,ովքեր ամիսներ շարունակ իմացել են մարատի խափեությունների մասին ու չեն բարձրաձայնել,ասեմ իմացեք որ հայ ազգը ունի այ մեր նման ուժեղ կանայք որ ավելի թասիբով են ու ավելի տղամարդ աղջիկ են,էնպես որ հանգիստ եղեք քանի մեր նման ուժեղ կանայք կան,դուք էլ ձեր ձեռքերը չեք կեղտոտի։Մնացեք հայ,,,,,,,,,,,,,,,,,,,
Սարգիս
Մարատը ինձ նույնպես խաբել է։ 2024 թվականին աշխատանքի առաջարկ արեց, չնայած նրան դեռ վաղուց գիտեի, բայց մտածում էի փոխվել է և հավատացի։ Պահանջում էր անդամավճար, ֆրիլանս աշխատանքի համար նաև, փորձում էի ամեն ձև խուսափել դրանից, բայց նա ամեն անգամ նոր ձևով էր համոզում, որ էդպես է կարգը, բանից անտեղյակ լինելով, և ինֆորմացիայի աղբյուր չունենալով` ստիպված վճարում եմ 10000 դրամը։ Ամիսներ են ձգձգվում և այդպես էլ ոչ մի գործ չի լինում, դիզայներները դեռ <<աշխատում>> էին, Մարատն էլ խիստ զբաղված էր։ Ընթացքում պարտքով գումար էր խնդրում, ես սկզբի էտապում, դեռևս, վստահելով տալիս էի և ետ էի ստանում, բայց ժամանակի ընթացքում ամեն ինչ ավելի խորացավ, և վերջին անգամ, երբ վերցրեց գումարը փորձում էր շրջանցել միշտ խոսակցությունը կամ պատճառաբանում էր, որ X անձանվորությանն էլ պետք է գումար տա, այս անգամ նրան, հետո ինձ (բարեհոգի լինելով ասում էի դե լավ, դիմացինս էլ ինձ պես խաբված է, գուցե նա ընդհանրապես հնարավորություն չունենար տեսնելու Մարատին և ասում էի թող փոխանցի)։ Երբ համբերությանս բաժակը լցվեց և պահանջում էի անդամավճարս ետ նա ամեն կերպ փորձում էր շրջանցել թեման, ասում էր, թե ԿԳՄՍ֊ն պետք է փոխանցի գումարը իրենց ՀԿ֊ին աշխատանքն սկսելու համար, բայց դեռ չեն փոխանցել, որոշ ժամանակ անց ասում էր, թե ֆինանսների նախարարությունը պետք է X գումար փոխանցի տենդերի համար և այսպիսով` նա լողում էր իր ստեղծած կեղծիքի մեջ, որտեղ դիմացիններն անտեղյակ էին և ոչ մի հակափաստարկ չունեին, բայց մի օր չդիմանալով, զանգահարում եմ ԿԳՄՍ և այնտեղից իմանում, որ ԿԳՄՍ֊ն առհասարակ ՀԿ֊ների հետ ֆինանսապես ոչ մի կապ չունի, քանի դեռ տենդեռի չեն մասնակցել և հաղթել։ Այս ամենից հետո ես <<բավարար>> տեղեկություն ունենալով, գնում եմ Մարատին հանդիպելու, բայց նա նոր թակարդով էր եկել և այս անգամ էլ նրան հաջողվեց լողալ իր ստեղծած կեղծիքում, այդպես ամիսներ անցան և ԿԳՄՍ֊ից զանգ ստացա. աշխատակիցը փորձում էր հասկանալ խնդիրը լուծում ստացել է, թե ոչ (այդ շրջանում ԿԳՄՍ շատ զանգեր էին եղել Մարատի հետ կապված), ես պատասխանեցի, որ ոչ և խոսակցության արդյունքում մինչև վերջ կարողացա պատռել կեղծիքը։ Մեր խոսակցությունից անմիջապես հետո Մարատն ինձ զանգահարեց, և գոռգոռալով, պատասխան պահանջելով ուզում էր հասկանար, թե ինչու եմ ԿԳՄՍ զանգահարել` չէ՞, որ նա դեռ 5 ամիս առաջ էր խոստացել, որ կտար գումարը։ Ես նրան պատասխանեցի, որ դիմում֊բողոք եմ կազմել և շուտով պատրաստվում եմ ներկայացնել ոստիկանություն, սկսեցին սպառնալիքները, նյարդերին տեղիք տալը, արդեն հստակ գիտեի, որ վերջն է։ Օրեր անց զանգահարեց և պայմանավորվեցինք գումարի վերադարձի համարէ վերադարձրեց։ Այս ամբողջ ամիսների ընթացքում նա շարունակաբար զանգում էր տարբեր մարդկանց և պահանջում անդամավճարները կամ տույժերը, ովքեր անդամակցելուց օրեր հետո էին դուրս եկել ՀԿ֊ից, քանի որ պայմանագրով 3֊6 ամիս պետք է միացած անձը մնար ՀԿ֊ում։ Զանգեր էր ստանում տարբեր անձանց կողմից գումարը ետ պահանջելու նմատակով, նրանց մի սուտ հորինալով, համոզում էր, թե կտա, զանգերից հետո ասում էր, թե էսպես է պետք մարդկանց հետ, չէր հերքում այն փաստը, որ խաբում էր, բայց ասում էր, թե վերադարձնելու է։ Մի դեպք էլ, որ շատ է տպավորվել. մի տղա, ով պետք է գնար արտասահման կուրսերի, հանդիպում է Մարատին, անդամակցում, վճարը փոխանցում, բայց կուրսերի պատճառով օրեր/շաբաթներ անց Մարատին հայտնում է դրա մասին, Մարատն էլ պահանջում է տույժը` 30000 դրամ, այդ տղան հրաժարվում է իրա արտասահման գնալու հնարավորությունից, որպեսզի ետ վերցնի վճարված գումարը և վճարի Մարատի տույժը։ Նա շատ֊շատ ամրդկանց է խաբել և այդպես էլ գուցե շարունակվում է, շատ ուրախ եմ, որ վերջապես հնարավորություն է ստեղծվել վերջ տալ այս կեղծ, չար շղթային, որ պատճառով ահռելի թվով մարդիկ են խաբվել։
Վահե
Մարատը ինձել է խաբել, ՍՄՄ մասնագետի մասնագետի հաստիքով աշխատանքի հայտարարություն էր տեղադրել, որտեղ նշած էր որպես անդամավճար պետք է 10000 դրամ պետք էր վճարել, բայց դրա դիմաց շատ քիչ զբաղվածությամբ աշխատանք էր առաջարկվում ու էդ աշխատանքը անընդհատ հետաձգվում էր, իրեն ասում էի պայմանագիրը ուղարկի անընդհատ անհիմն պատճառներով չէր ուղարկում, ու գումարս մի 3 ամիս հետ չէր փոխանցում ու զանգերիս չէր պատասխանում, բայց չգիտեմ ոնց ծանոթներ գտա, համարը վերցրի ու զանգեցի, սպառնացի ու վախից փոխանցեց, հիմա եմ հասկանում խի է հիմնականում աղջիկների թիրախավորում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter