HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԳՆ-ն մանրամասներ է ներկայացրել Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումից

Սեպտեմբերի 12-ին Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ, Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը և դեսպան Սերդար Քըլըչը Երևանում անցկացրել են իրենց վեցերորդ հանդիպումը: Այս մասին հաղորդում է ԱԳՆ լրատվական ծառայությունը։

Այս հանդիպման ընթացքում հատուկ ներկայացուցիչները վերահաստատել են նախորդ հանդիպումների ժամանակ մշակված և համաձայնեցված հարցերը՝ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների լիարժեք կարգավորման գործընթացի առաջմղման նպատակով: Այս համատեքստում նրանք մտքեր են փոխանակել 2022 թ. հուլիսի 1-ի հանդիպման ընթացքում սահմանահատումների վերաբերյալ ձեռք բերված համաձայնության կյանքի կոչման շուրջ։ Հատուկ ներկայացուցիչները համաձայնել են արագացնել այս գործընթացը:

Հատուկ ներկայացուցիչները նաև պայմանավորվել են, որ երկու երկրների համապատասխան մարմինները կկատարեն անհրաժեշտ տեխնիկական ուսումնասիրությունները՝ Գյումրի-Կարս երկաթուղու և էլեկտրահաղորդիչ գծի վերականգնման ու գործարկման համար։

Նրանք նաև պայմանավորվել են, որ ջանքեր կգործադրվեն մշակույթի և ակադեմիական ոլորտներում համագործակցությունն ամրապնդելու ուղղությամբ, մասնավորապես՝ բարձրագույն կրթական հաստատությունների ուսանողների համար կրթաթոշակների հնարավորություններ ստեղծելու և պատմական Անիի/Մետաքսի ճանապարհի կամրջի համատեղ վերականգնման միջոցով:

Հատուկ ներկայացուցիչները նաև համաձայնել են իրականացնել անհրաժեշտ աշխատանքներ՝ միտված այլ հետաքրքրված ընկերությունների կողմից 2026 թվականի ամռանից տարբեր ուղղություններով թռիչքներ իրականացնելուն, ինչը կավելացնի օդային երթուղիների և թռիչքների թիվը երկու երկրների միջև:

Եզրափակելով՝ հատուկ ներկայացուցիչները վերահաստատել են հանձնառությունը շարունակել այս գործընթացն առանց որևէ նախապայմանի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter