
Արարատ Միրզոյանն ընդունել է Իրանի դեսպանին
Սեպտեմբերի 15-ին Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին՝ վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։ Այս մասին հաղորդում է ԱԳ նախարարությունը։
«Նախարար Միրզոյանն ընդգծել է՝ չնայած, որ դեսպան Սոբհանին պաշտոնավարել է բավական բարդ ժամանակահատվածում, այդուհանդերձ այս ընթացքում երկու երկրներին հաջողվել է ոչ միայն հաղթահարել դժվարությունները, այլև երկկողմ հարաբերություններում գրանցել շոշափելի արդյունքներ: Այս համատեքստում զրուցակիցները քննարկել են Հայաստան-Իրան ռազմավարական գործընկերության զարգացմանն ուղղված ընթացիկ ու հետագա աշխատանքները, որոնք ներառում են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներ՝ ենթակառուցվածքներ, էներգետիկա և այլն:
Երկուստեք ընդգծվել է, որ Հայաստան-Իրան համագործակցությունը հիմնված է երկու ժողովուրդների միջև բարեկամության, տարածաշրջանային խաղաղության համար կարևոր սկզբունքների անվերապահ հարգման և առանցքային հարցերում ձևավորված փոխըմբռնման վրա։
Հայաստանի և Իրանի միջև փոխգործակցության խորացման, ինչպես նաև հայ-իրանական բարեկամական հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար նախարար Միրզոյանը դեսպան Մեհդի Սոբհանիին հանձնել է ՀՀ նախագահի հրամանագրով նրան շնորհված Բարեկամության շքանշանը՝ հաջողություն մաղթելով հետագա գործունեության մեջ»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Լուսանկարում՝ Մեհդի Սոբհանին և Արարատ Միրզոյանը
Մեկնաբանել