HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Հետքի» հրապարակումից հետո ՀԷՑ-ը քաղաքացու օգտին որոշում է կայացրել

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ից զանգահարել են Էդիկ Խանզադյանին և հայտնել, որ պայմանագրում փոփոխություն կատարելու և լրացուցիչ վճարման անհրաժեշտություն չկա. տեղադրած արևային վահանակները կարող է միացնել ցանցին և շահագործել այն հզորությամբ, ինչը նշված է պայմանագրում:

Հիշեցնենք՝ «Հետքը» 2025թ. սեպտեմբերի 11-ին հոդված էր հրապարակել այն մասին, որ էդիկ Խանզադյանն արդեն 3 ամիս է՝ Սևանի իր հողատարածքում տեղադրել է էլեկտրաէներգիա արտադրող արևային վահանակներ, սակայն չի կարողանում դրանք միացնել ընդհանուր ցանցին և էլեկտրաէներգիա ստանալ: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ից հայտնել էին, թե պայմանագրում տեխնիկական սխալ է եղել, նախատեսված առավելագույն հզորության չափն իրականում ավելի փոքր է, հետևաբար պետք է հավելյալ գումար վճարել:

Է. Խանզադյանը 2021թ. սեպտեմբերի 6-ին Կոտայքի և Գեղարքունիքի մարզերը սպասարկող ՀԷՑ-ի «Գեղամաս» մասնաճյուղի «Սևանի» էլեկտրացանցերի հետ կնքել է էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագիր: Սպառողի էլեկտրաէներգիայի առավելագույն թույլատրելի հզորությունը նախատեսվել է 20,76 կՎտ: Պայմանագրում նշված հզորության չափը նկատի ունենալով՝ Էդիկ Խանզադյանը 4 մլն 600 դրամ վարկային միջոցներով տեղադրել է արևային կայանն ու հայտնվել փաստի առաջ:

Էդիկ Խանզադյանը մի քանի անգամ դիմել է ՀԷՑ-ին: 2025թ. օգոստոսի 11-ին ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Լ. Օհանեսյանը գրավոր հայտնել է, որ էլեկտրամատակարարման պայմանագրում նշված 20.76 կՎտ հզորությունը «վրիպակի հետևանք է»: Միաժամանակ տեղեկացրել է, որ ՀԷՑ-ի տվյալների բազայում գրանցված է 8.8 կՎտ, հետևաբար հզորության փոփոխության հարցը կվերանայվի հիմնավոր փաստաթղթեր ներկայացնելու դեպքում:

«Հետքի» հրապարակումից հետո ընկերությունը ճշգրտումներ է կատարել և հիմք է ընդունել պայմանագրում նշված առավելագույն հզորությունը, այլ ոչ թե ՀԷՑ-ի բազայում նշված տվյալը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter