ՄԱԿ-ի հանձնաժողովը Գազայի հատվածում Իսրայելի գործողություններն անվանել է ցեղասպանություն
ՄԱԿ-ի հանձնաժողովը, անկախ հետաքննության արդյունքում, եկել է այն եզրահանգման, որ Իսրայելը Գազայի հատվածում պաղեստինցիների նկատմամբ իրագործել է ցեղասպանություն։ Այդ մասին BBC-ի փոխանցմամբ նշվում է հանձնաժողովի հրապարակած զեկույցում։
Ինչպես եզրակացրել է ՄԱԿ-ի հանձնաժողովը, իսրայելական իշխանությունները Գազայի հատվածում իրագործել են 1948 թվականին «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայով սահմանված հինգ գործողություններից չորսը։ Այդ գործողությունների թվում հանձնաժողովը ներառել է պաղեստինցիների սպանությունները, նրանց մարմնական լուրջ վնասվածքներ կամ մտավոր վնաս պատճառելը, պաղեստինցիների համար կյանքի այնպիսի պայմանների միտումնավոր ստեղծումը, որոնք ուղղված են նրա լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը, ինչպես նաև պաղեստինցիների միջավայրում մանկածնությունը կանխելուն միտված միջոցների իրականացումը։ Բոլոր այդ գործողություններն իրագործվել են 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր, երբ ՀԱՄԱՍ-ի գրոհայինները հարձակվեցին Իսրայելի տարածքի վրա, իսկ իսրայելական զինուժը ցամաքային հարձակում սկսեց Գազայի հատվածի ուղղությամբ։ Sky News-ը նշում է, որ նման մեղադրանք առաջին անգամ հրապարակավ ներկայացվել է ՄԱԿ-ի մարմնի կողմից։
Հանձնաժողովը պնդում է, որ Իսրայելի առաջնորդները «դրդել են ցեղասպանություն իրակագործմանը»: Զեկույցում նաև նշվում է, որ «ցեղասպան մտադրությունը միակ ողջամիտ եզրակացությունն էր», որը կարելի է անել ելնելով Գազայի հատվածում Իսրայելի իշխանությունների և անվտանգության ուժերի գործողությունների բնույթից:
Իսրայելի ԱԳՆ-ն հանձնաժողովի մեղադրանքն անվանել է «կեղծ զեկույց», որը հրապարակել է «երեք մարդ, որոնք հանդես են գալիս ՀԱՄԱՍ-ի վստահված անձանց դերում ու հայտնի են իրենց հակասեմական բացահայտ դիրքորոշմամբ»։ Իսրայելի արտաքին քաղաքական գերատեսչությունը չի ընդունում մեղադրանքները՝ պնդելով, թե դրանք հերքվել են անկախ ակադեմիական հետազոտությունների արդյունքում։
Իսրայելը բազմիցս մեղադրվել է Գազայի հատվածում պաղեստինցիների ցեղասպանության իրագործման մեջ։ ՄԱԿ-ի միջազգային դատարանը քննում է ցեղասպանության վերաբերյալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցը, որը ներկայացվել է 2023 թվականի վերջին։ Այդ գործով վճռի հրապարակման համար կարող են պահանջվել տարիներ։ Հունվարին Հաագայի դատարանն Իսրայելից պահանջել էր անհապաղ քայլեր ձեռնարկել Գազայի հատվածում ցեղասպանության կանխարգելման ուղղությամբ։
Օգոստոսի վերջին Սննդամթերքի անվտանգության գնահատման միջազգային նախաձեռնության կոմիտեն եկել էր այն եզրահանգման, որ Գազա քաղաքում ավելի քան 514 հազար մարդ հայտնվել է ծայրահեղ սովի պայմաններում: Այդ տարածաշրջանում սովի մակարդակի գնահատականը առաջին անգամ բարձրացվել էր մինչև 5-րդ աստիճանի, որը Սննդի անվտանգության փուլերի ինտեգրված դասակարգման (IPC) վատագույն մակարդակն է։
Իսրայելում «իսպառ հերքում էին» սովի մասին գնահատականները։ Պաղեստինյան տարածքներում Իսրայելի կառավարության գործունեության համակարգման կոմիտեն (COGAT) հայտարարել էր, որ զեկույցի հեղինակները «միտումնավոր անտեսել են» իրավիճակի վերաբերյալ այն տվյալները, որոնք մինչ հրապարակումը կայացած հանդիպման ժամանակ ներկայացրել է իսրայելական կողմը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 15-ին Իսրայելի պաշտպանության բանակը ցամաքային գործողություն է սկսել Գազա քաղաքի գրավման ուղղությամբ։ Իսրայելը պնդում է, թե դրանով ցանկանում է վերջ դնել ՀԱՄԱՍ-ի գործունեությանը։
Լուսանկարը՝ Fatima Shbair / Associated Press
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել