HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Հակոբ Կարապետյանին վիրավորած պաշտոնյային խիստ նկատողություն են հայտարարել և ուղարկել արձակուրդ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Հասարակական կարգի պահպանության ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ավետ Բաբայանին խիստ նկատողություն է հայտարարել և արձակուրդ ուղարկել։ Այս մասին «Հետքին» փոխանցեց Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը:

Հիշեցնենք, որ 2025թ. օգոստոսի 27-ին Երևանի նախկին քաղաքապետի մամուլի քարտուղար, լրագրող Հակոբ Կարապետյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել էր, որ Երևանի քաղաքապետարանի հսկիչները մտնում են ավտոբուս, ստուգում են ուղևորների մոտ տոմսի առկայությունը ու տուգանում են մի կնոջ, որը դրանից մի քանի րոպե առաջ վճարել էր տերմինալով։

Այդ գրառումից հետո՝ նույն օրը երեկոյան ուշ ժամի, Հակոբին գրել է «Ավետիք Բաբայան» անուն-ազգանունով օգտատեր և, ըստ Հակոբ Կարապետյանի, անհարգալից բառապաշարով «հաշիվ է պահանջել» գրածի համար։

Հակոբը փորձել է բացատրել, որ չարժե անծանոթ մարդկանց հետ նման տոնայնությամբ շփվել: Դրան հաջորդել են արդեն ձայնային հաղորդագրություններով ու լատինատառ տեքստերով հայհոյանքներն ու սպառնալիքները՝ հիշատակելով Հակոբի ընտանիքի անդամներին, ընկերներին, մասնագիտությունը, ներկա ու նախկին գործընկերներին, այդ թվում՝ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին։ 

Հակոբ Կարապետյանը պարզել է, որ իրեն վիրավորական ու սպառնալիք պարունակող հաղորդագրություններն ուղարկել է Երեւանի քաղաքապետարանի հասարակական կարգի ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատարը:

Հակոբը զանգահարել է Երևանի քաղաքապետարանի երկու բարձրաստիճան պաշտոնյաների, որոնցից մեկի ուղղակի պարտականությունն է անձնակազմին առնչվող հարցերի համակարգումը, և պատմել է կատարվածի մասին: Սակայն, 2 օր անց քաղաքապետարանից որևէ արձագանք չստանալով՝ Հակոբը զանգահարել է Ավետիք Բաբայանի աշխատանքային հեռախոսահամարին և գործավարին փոխանցել է իր հեռախոսահամարն ու խնդրել է զանգել։

«Ժամեր անց Բաբայանը զանգում է, կրկին սկսում են սպառնալիքներ տեղալ՝ «տեղդ ասա, գամ ոտերդ ջարդեմ» և այլն։ Կրկին, նրան հասանելի արտահայտչաձևերով փորձում եմ հասկացնել, որ նա պաշտոնյա է ու ավելի լավ կլինի զբաղվի իր պարտականություններով։ Այսքանով համարում եմ միջադեպը սպառված»,- ասում է Հակոբ Կարապետյանը:

Այս միջադեպից երկու շաբաթ անց՝ 2025թ. սեպտեմբերի 12-ին՝ ժամը 21։00-ի սահմաններում, Հակոբ Կարապետյանը Երևանի Փարպեցի փողոցում գտնվող աշխատավայրից դուրս է եկել, և շենքի բակային հատվածում նրա դիմաց հայտնվել է դիմակավորված մեկ անձ ու առանց բառ ասելու սկսել է հարվածներ հասցնել։ Անսպասելի հարձակման հետևանքով Հակոբը հարվածներ է ստացել մարմնի տարբեր մասերին, հիմնականում վնասվածքներ են եղել դեմքի, գլխի տարբեր հատվածներում: Վայր ընկնելու հետևանքով գլխից արյուն է հոսել:

Դեպքի օրը նախաձեռնվել է քրեական վարույթ: Գլխավոր դատախազությունից «Հետք»-ին տեղեկացրին, որ վարույթը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է՝ հարվածներ հասցնելը կամ բռնի այլ գործողություններ կատարելը, եթե չեն առաջացել առողջությանը թեթև վնաս պատճառելու հետևանքներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter