HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ոստիկանության բաժնի պետի տեղակալները քաղաքացուն բռնության ենթարկելու համար պայմանական ազատազրկվել են եւ նոր պաշտոններ ստացել

Երկու տարվա դատաքննությունից հետո Հակակոռուպցիոն դատարանը վճռել է մեղավոր ճանաչել Ոստիկանության Լոռու մարզային վարչության Ստեփանավանի բաժնի պետի տեղակալներ Սարգիս Վահրադյանին և Վահրամ Խաչատրյանին՝ Վրեժ Մկրտումյանին բռնության ենթարկելու համար: Դատարանը՝ նախագահությամբ Մերի Մոսինյանի, յուրաքանչյուրին դատապարտել է 3 տարի ժամկետով ազատազրկման՝ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկելով 1 տարի ժամկետով: Սակայն, ինչպես սովորաբար լինում է պաշտոնյաների դեպքում, ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել՝ սահմանելով փորձաշրջան՝ 3 տարի ժամկետով:

Ոստիկանության պաշտոնյաներին մեղադրանքն առաջադրվել էր պաշտոնեական լիազորություններն անցնելու համար, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով:

Լոռու մարզի բնակիչ Վրեժ Մկրտումյանն ընկերոջ հետ 2021թ. հոկտեմբերի 29-ին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել էր Ուկրաինայի Հանրապետությունից ժամանած ծանոթին ու կեսգիշերին Ստեփանավան-Տաշիր ավտոճանապարհով տուն էին գնում։

Նույն ժամանակ, ինքնությունը չպարզված մի խումբ անձինք Տաշիր քաղաքում ավազակություն էին կատարել: Դեպքը բացահայտելու և հանցանք կատարած անձանց հայտնաբերելու նպատակով Ոստիկանության Լոռու մարզային վարչության և ենթակա տարածքային ստորաբաժանումների ծառայողներն անցել էին ուժեղացված ծառայության։

Ստեփանավան-Տաշիր ավտոճանապարհին ծառայություն էին իրականացնում Ստեփանավանի բաժնի պետ Սուրեն Բագրատունյանը, օպերատիվ գծով տեղակալ Վահրամ Խաչատրյանը և անձնակազմի գծով տեղակալ Սարգիս Վահրադյանը: Ժամը 04:40-ի սահմաններում Ստեփանավանի բաժնի պետն ու երկու տեղակալները ճանապարհին կանգնեցնում են պատահական ընթացող ավտոմեքենան, որում Վրեժ Մկրտումյանն էր՝ իր ծանոթի եւ վարորդի հետ, և պահանջում, որ բոլորը դուրս գան ավտոմեքենայից:Սուրեն Բագրատունյանը, իրեն հատկացված հաշվեցուցակային զենքը՝ «Մակարով» տեսակի ատրճանակը ձեռքին, մոտեցել է ավտոմեքենայի վարորդին, իսկ նրա տեղակալներ Վահրամ Խաչատրյանը և բաժնի պետի տեղակալներից Սարգիս Վահրադյանը մոտեցել են Վրեժ Մկրտումյանին: Վերջինս մատնացույց անելով ավտոմեքենայի մեջ գտնվող օդորակիչը, Վրեժ Մկրտումյանին հարցրել է, թե ինչ է դա: Վրեժ Մկրտումյանը փորձել է ճշտել, թե ինչ նկատի ունի, այնուհետև, ընկալելով հարցի իմաստը՝ անմիջապես պատասխանել է՝ «կոնդիցիոներ»: Վրեժի հարցը զայրացրել է Վահրամ Խաչատրյանին եւ նա ասել է, որ հարցին հարցով չպատասխանի: Ապա բարձրաստիճան ոստիկանը բռունցքով հարվածել է Վրեժ Մկրտումյանի գլխին:

Քաղաքացիական ավտոմեքենայի դիմապակու մոտ տեղադրված է եղել ընթացքը տեսաձայնագրող տեսախցիկ, որն աննկատ է մնացել բարձրաստիճան ոստիկանների աչքից: Նրանց բռնարարքը տեսաձայնագրվել է: Այդ ընթացքում բաժնի պետը, ատրճանակը ձեռքին, քայլել է ավտոմեքենայի առջևով՝ որևէ ձևով չմիջամտելով իր ենթակաների բռնի գործողություններին։

Սարգիս Վահրադյանի և Վահրամ Խաչատրյանի մասով մեղադրական եզրակացությունը Հակակոռուպցիոն քրեական դատարան է ուղարկվել 2023թ. մարտին՝ դեպքից մոտ 1,5 տարի անց: Ստեփանավանի բաժնի պետ Սուրեն Բագրատունյանի նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվել՝ արարքում հանցակազմ չեն տեսել:

«Ազատություն» ռադիոկայանը պարզել է, որ 2025թ. գարնանը Պաշտպանության նախարարը Լոռու մարզի զինվորական կոմիսար է նշանակել  Սարգիս Վահրադյանին: Այսինքն՝ նախարար Սուրեն Պապիկյանն իմանալով, որ Ս. Վահրադյանն անցնում է քաղաքացու նկատմամբ բռնություն կիրառելու գործով, նրան բարձր պաշտոնում է նշանակել:

Ռադիոկայանի տվյալներով՝ Վահրամ Խաչատրյանն էլ տեղափոխվել է ոստիկանության Վանաձորի բաժին՝ դարձյալ նշանակվելով պետի տեղակալի պաշտոնում:

Պետական տարբեր օղակներում հայտարարում են, թե բռնությունն ու վատ վերաբերմունքը տեղ չունեն համակարգում, սակայն այդ հայտարարություններին հակառակ ոչ միայն մեղմ վերաբերմունք ցուցաբերվում արարքները կատարողների նկատմամբ, այլև նրանց «խրախուսում»՝ նոր պաշտոններով:

Գործի քննության ընթացքում Վրեժ Մկրտումյանի փաստաբան Արա Ղարագյոզյանը պնդում էր՝ դատարանի առջև կանգնած ոստիկանների արարքը ճիշտ չի որակվել: Ոչ թե լիազորությունների անցում է տեղի ունեցել, այլ խոշտանգում: Բողոքարկել են հնարավոր ատյաններում, սակայն՝ ապարդյուն։

Նշենք, որ Սարգիս Վահրադյանն ու Վահրամ Խաչատրյանը համաձայն չլինելով մեղադրական դատավճռին՝ 2025թ. սեպտեմբերի 5-ին բողոք են ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարան: Բողոքը քննության առնելու վերաբերյալ տեղեկություններ չկան:

Լուսանկարը՝ էկրանակադր միջադեպի տեսագրությունից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter