HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարե Պետրոսյան

Մալխաս Ամոյանը՝ աշխարհի կրկնակի չեմպիոն

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում հունահռոմեական ոճի 77 կգ քաշային ըմբիշ Մալխաս Ամոյանը չեմպիոն հռչակվեց՝ առաջին ոսկին բերելով Հայաստանի հավաքականին: Եզրափակիչ գոտեմարտում Մալխաս Ամոյանը վաղաժամ պարտության մատնեց օլիմպիական չեմպիոն ճապոնացի Նաո Կուսակային:

Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի արդեն կրկնակի չեմպիոն ու Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Ամոյանը 1/16 եզրափակչում 2։1 հաշվով առավելության հասավ ԱՄՆ-ի ներկայացուցիչ Քամալ Բեյի նկատմամբ։ Հաջորդ փուլում մեր ըմբիշը 10։0 հաշվով ջախջախեց լեհ Մատեուշ Բերնատեկին։ Այնուհետև քառորդ եզրափակչում Ամոյանը 3։1 հաշվով պարտության մատնեց նաև թուրք Ահմետ Յըլմազին։

Կիսաեզրափակիչ գոտեմարտում Հայաստանը ներկայացնող ըմբիշը 5։1 հաշվով առավելության հասավ իրանցի Ալիռեզա Մորադ Աբդեվալիի նկատմամբ և դուրս եկավ եզրափակիչ:

Եզրափակչում Ամոյանի մրցակիցը Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, Ասիայի չեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր ճապոնացի Նաո Կուսական էր։ Ըմբիշները վերջին անգամ հանդիպել էին Փարիզում՝ Օլիմպիական խաղերի կիսաեզրափակիչ գոտեմարտում, որտեղ Ամոյանը պարտվել էր ապագա օլիմպիական չեմպիոնին։ Մեկ անգամ էլ զիջել էր ճապոնացին՝ 2022-ին Մ23 տարեկանների աշխարհի առաջնության կիսաեզրափակչում Ամոյանին պարտվելով 9։5 հաշվով։

Այս մրցավեճը նույնպես ավարտվեց մեր մարզիկի վաղաժամ փայլուն հաղթանակով՝ 1:10։

Մալխաս Ամոյանը իր կարիերայում երկրորդ անգամ հռչակվեց աշխարհի չեմպիոն։ 2021 թվականին Օսլոյում ևս ոսկին մեր ըմբիշինն էր։ Այդ ժամանակ Ամոյանը հանդես էր գալիս 72կգ քաշային կարգում:

Հիշեցնենք՝ սա առաջնությունում մեր երկրորդ մեդալն էր։ Ավելի վաղ ազատ ոճում բրոնզե մեդալակիր էր դարձել Արսեն Հարությունյանը։

Լուսանկարը՝ Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի կայքից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter