HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

Հայ գերիները Բաքվի դատարանին միջնորդել են որպես վկա հրավիրել Նիկոլ Փաշինյանին, Արարատ Միրզոյանին, ռուս խաղաղապահ գեներալներին և Անջեյ Կասպրշիկին 

Սեպտեմբերի 22-ին շարունակվել է Բաքվում ապօրինի պահվող Արցախի ռազմա-քաղաքական ղեկավարների գործով դատավարությունը՝ նախագահությամբ Բաքվի ռազմական դատարանի դատավոր Զեյնալ Աղաևի։ 

Դատավարությանը ներկա են լինում միայն ադրբեջանական պետական եւ իշխանությունների կողմից վերահսկվող լրատվամիջոցները։ Հնարավոր չէ այլ աղբյուրներից ճշտել դատվող հայերին վերագրվող հայտարարությունները:

Ադրբեջանի «Ազերթաջ» պետական լրատվական գործակալությունը գրում է, որ դատական ​​նիստի ընթացքում Արցախի չորրորդ նախագահ Արայիկ Հարությունյանի պաշտպանը միջնորդություն է ներկայացրել ապացույցները մասնակիորեն հետազոտելու վերաբերյալ՝ հաշվի առնելով դատարանում ընթերցված փաստաթղթերի մեծ քանակը։ Արայիկ Հարությունյանը միացել է միջնորդությանը, իսկ մյուս պաշտպանները, գործով «տուժողները», նրանց ներկայացուցիչները և պետական ​​մեղադրողները չեն առարկել միջնորդությանը։ Դատարանը բավարարել է միջնորդությունը։

Արցախի երրորդ նախագահ Բակո Սահակյանի պաշտպանը խնդրել է իր պաշտպանյալի ցուցմունքների պատճենները՝ վերանայման համար։ Դատավորը տեղեկացրել է, որ կարող են կապ հաստատել դատարանի քարտուղարի հետ և ստանալ այդ փաստաթղթերը։ Այնուհետև շարունակվել է գործում առկա փաստաթղթերի ուսումնասիրությունը։   

ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը խնդրել է դատարանին որպես վկա կանչել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին կամ ապահովել նրա մասնակցությունը դատավարությանը տեսակապի միջոցով։

Նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը միջնորդել է որպես վկա կանչել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, մասնավորապես՝ դեսպան Անջեյ Կասպրշիկին, ինչպես նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին։ «Այս մարդիկ մեզ ճանաչում են, և մենք անմիջական շփում ենք ունեցել։ Նրանք շատ լավ վկաներ կլինեն», - հավելել է նա։

Արցախի ԱԺ վերջին նախագահ Դավիթ Իշխանյանը միջնորդել է որպես վկա կանչել Ադրբեջանում ժամանակին տեղակայված ռուս խաղաղապահ ուժերի վեց գեներալների՝ գեներալ Մուրադովին, գեներալ Կոսոբոկովին, գեներալ Անաշկինին, գեներալ Վոլկովին, գեներալ Լենցովին և գեներալ Կուլակովին։

«Ես մի շարք հարցեր ունեմ նրանց համար։ Արդյո՞ք նրանք ուղղակի կամ անուղղակի կապ են ունեցել այստեղ գտնվող այս 15 մարդկանց հետ։ Կրկնում եմ՝ ուղղակի կամ անուղղակի։ Կարծում եմ՝ դատարանը նույնպես հարցեր կունենա նրանց համար։ Նույնիսկ եթե դա հնարավոր չէ, դուք կարող եք կազմակերպել նրանց մասնակցությունը այստեղ տեսակապի միջոցով, - հավելել է նա։

Գլխավոր դատախազի ավագ օգնական Վուսալ Ալիևը, մեկնաբանելով միջնորդությունը, նշել է, որ «մեղադրյալների» կողմից ներկայացված փաստաթղթերը ներկայումս վերանայվում են։ Նշվել է, որ այն անձինք, որոնց «մեղադրյալները» խնդրում են, որ ներկայանան դատարան, որևէ կապ չունեն «մեղադրյալների» դեմ դատարանում ներկայումս քննվող մեղադրանքների հետ, և նրանց որպես վկաներ հարցաքննելու անհրաժեշտություն չկա։

Դատավորը մերժել է միջնորդությունները։ Իր որոշումը հիմնավորելիս դատավորը նշել է, որ պաշտպանության կողմը միջնորդության մեջ չի նշել, թե որ հանգամանքներն են քննության ենթակա, դրանց նշանակությունը, մեղադրանքի հետ կապը և այլն։

Դատավարությունը շարունակվել է փաստաթղթերի ուսումնասիրությամբ։ Փաստաթղթերի ուսումնասիրությանը զուգընթաց ներկայացվել են «քրեական գործին» վերաբերող լուսանկարներ:

Հաշվի առնելով, որ դատական ​​նիստում քննվել են 1991-1992 թվականներին տեղի ունեցած իրադարձություններ՝ պետական ​​մեղադրող Ֆուադ Մուսաևը միջնորդություն է ներկայացրել՝ խնդրելով որպես ապացույց դիտարկել ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Մանվել Գրիգորյանի կողմից ԶԼՄ-ներին տված հարցազրույցը։ Դատարանը բավարարել է միջնորդությունը։

Դատավարության ընթացքում Արցախի ԱԺ վերջին նախագահ Դավիթ Իշխանյանը խնդրել է գաղտնի հանդիպում իր փաստաբանի հետ։ Դատարանը բավարարել է նաև այս միջնորդությունը։

Դատավարությունը կշարունակվի սեպտեմբերի 25-ին։

Գլխավոր լուսանկարը՝ Ադրբեջանի «Ազերթաջ» պետական լրատվական գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter