
Աբովյանի ADM Diamonds ադամանդի գործարանը փակման եզրին է
Աբովյանի «Էյ.դի.էմ.դայմոնդս» (ADM Diamonds) ադամանդի գործարանը դադարեցրել է խոշոր վերաարտահանումները։ Ինչպես հայտնում են «Հետք»-ի աղբյուրները, նախորդ երկու տարում խոշոր ծավալներով ադամանդ արտահանած գործարանն այս տարի աշխատել է չնչին ծավալներով։ Բաց աղբյուրներում եղած ընկերության հեռախոսահամարին պատասխանեցին և ասացին, որ գործարանն այժմ չի աշխատում։
Ըստ տեղեկությունների՝ գործարանն այլևս մեծաքանակ հումք ձեռք չի բերում Ռուսաստանից, Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող ընկերություններից ստացվող պատվերների հոսքը դադարել է։
ADM Diamonds. խոշոր վերաարտահանողը
2022 թվականից սկսած «Էյ.դի.էմ.դայմոնդս»-ը Հայաստան ադամանդ ներմուծող և վերաարտահանող խոշոր ընկերություններից է, որի մասին փաստում են նաև Պետական եկամուտների կոմիտեի տվյալները։ «Էյ.դի.էմ.դայմոնդս»-ը ամենախոշոր վերաարտահանողն է եղել 2022-2024թթ.։
Հայկական ընկերությունները ալմաստ և ադամանդ են ներմուծել պատժամիջոցների տակ հայտնված Ռուսաստանից և վերաարտահանել հիմնականում ԱՄԷ։
- Հայաստանից խոշոր ծավալի ռուսական ադամանդ է երաարտահանվում ԱՄԷ. ովքեր են գլխավոր «դերակատարները»
- Պատժամիջոցների տակ հայտնված «Ալռոսա»-ն և հայ-ռուս-արաբ ադամանդագործների շղթան
Ըստ ընկերությունների պետական ռեգիստրի՝ «Էյ.դի.էմ.դայմոնդս» ՍՊԸ-ի 100% սեփականատերը ներկայում Արթուր Օհանջանյանն է։ Մինչև 2024-ի փետրվարը, սեփականատեր են եղել ադամանդագործության ոլորտի գործարար Արտակ Բաղիկյանի ծնողները՝ Մարինե և Ասպարիկ Բաղիկյանները։
Արտակ Բաղիկյանը «Հետք»-ի հետ զրույցում ասել է, որ Արթուր Օհանջանյանն իր կնքահայրն է։ Մամուլը, գործարար շրջանակները և մեր աղբյուրները ADM Diamonds գործարանի անունը կապում են ՔՊ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հետ։ Բաղիկյանների ընտանիքը մտերիմ է պատգամավորի հետ։
Ինքը՝ Արտակ Բաղիկյանը, կտրուկ հերքում է գործարանի և իր բիզնես կապերը Խաչատուր Սուքիասյանի հետ։ Թե ինչո՞ւ «Էյ.դի.էմ.դայմոնդս»-ը այլևս որպես արտահանման «օղակ» չի հանդիսանում ռուսական ալմաստի համար, ինչո՞ւ են դեպի ԱՄԷ մատակարարումները դադարեցվել, գործարանը փաստացի կառավարած Արտակ Բաղիկյանը մեզ հետ զրույցում հրաժարվեց այս թեմայով որևէ մեկնաբանություն տալ։
Գործարանի վիճակի մասին են վկայում նաև հարկերը։ Պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ «Էյ.դի.էմ.դայմոնդս»-ն այս տարվա առաջին կիսամյակում չի ընդգրկվել Հայաստանի խոշոր հարկատուների ցանկում։ Մինչդեռ նախորդ տարվա առաջին կիսամյակում 141-րդ խոշոր հարկատուն էր` 1.1 մլրդ դրամի հարկերով։
Մեզ հետ զրույցում Արտակ Բաղիկյանն առայժմ չցանկացավ խոսել նաև ամիսներ առաջ Ռուսաստանում իրավապահ մարմինների կողմից ձերբակալված խմբի գործի մասին, որոնք զբաղվել են ադամանդի գողությամբ։
Ըստ ռուսական լրատվամիջոցների՝ նշված խումբը ադամանդ է գողացել «Ալռոսա» ընկերությունից՝ այն ապօրինի ճանապարհով Հայաստան տեղափոխելու նպատակով։ Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության տվյալներով՝ գողացված քարերը մաքսանենգ ճանապարհով տեղափոխվել են Հայաստան՝ «Էյ.դի.էմ.դայմոնդս» ՍՊԸ։ Բաղիկյանները հերքել են, թե իրենք և գործարանը որևէ կապ ունեն նշված խմբի հետ։
Ադամանդի արտադրությունն այս տարվա առաջին կիսամյակում 87%-ով կրճատվել է
Ըստ էկոնոմիկայի նախարարության՝ 2022-2023 թվականներին Հայաստանից վերաարտահանվել է մեծ մասամբ ալմաստ՝ չմշակված ադամանդ։ Ըստ էության՝ դրանով էր բացատրվում այն հանգամանքը, որ ադամանդի և ալմաստի արտահանումը կտրուկ աճում էր, բայց տեղական արտադրությունը մեծ ծավալներ չէր գրանցում։
Թեև արտահանված մեծածավալ ադամանդներն ու ալմաստները չէին հայտնվում արդյունաբերության վիճակագրության մեջ, սակայն «Էյ.դի.էմ.դայմոնդս»-ում ստեղծված ճգնաժամն, ինչպես երևում է, ազդել է նաև տեղական արտադրության վրա։
Վիճակագրական կոմիտեի հրապարակած վերջին տվյալներով՝ 2025 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում մշակվել է մոտ 11 հազար կարատ ադամանդ (ալմաստ)։ Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ այն նվազել է 87%-ով։
Կրկին վիճակագրական կոմիտեի վերջին տվյալներով՝ 2025 թվականի հունվար-հուլիսին Հայաստանից արտահանվել է մոտ 70 մլն դոլարի ադամանդ, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ կրճատվել է 6.2 անգամ։
Մեկնաբանել